«Երբեք Ադրբեջանի անձնագիր չեմ ստանալու, ես հայ եմ, ավելին՝ երեխա չեմ բերել, որ տամ իրենց՝ սպանեն». Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ռիմա Ավագյանը բազմազավակ մայր է՝ ունի չորս երեխա. 2 աղջիկ, 2 տղա, մեծը 13 տարեկան է, փոքրը՝ 6 ամսական, ծնվել է Արցախում բլոկադայի ժամանակ։ Բռնի տեղահանվելուց հետո Ռիման երեխաների և ամուսնու հետ որոշ ժամանակ բնակվել է բարեկամի տանը Երևանում, հետո գտել վարձով բնակարան ու տեղափոխվել։
168.am–ի հետ զրույցում ասաց, որ 2 սենյականոց բնակարանի համար ամեն ամիս վճարում է 200 հազար դրամ, մի կերպ կարողանում են այդ գումարը տալ, սակայն երեխաներին պահելու համար մեծ դժվարությունների են բախվում։
«Մեր առաջնահերթ հարցն աշխատանք ունենալն է, եթե աշխատանք ունենանք, մենք մեր խնդիրները կկարողանանք լուծել։ Տան վարձը տալուց հետո մտածում ենք, թե ինչպես ենք վճարելու կոմունալները։ Մեզ տրամադրվող չնչին գումարը պետության կողմից ուշացումներով է տրվում։ Հիմա 40 հազար լույս պետք է վճարեմ, բայց չգիտեմ՝ որտեղից։ Ծաղկի խանութում աշխատանք էի գտել, բայց վաղ առավոտից մինչև ուշ գիշեր պետք է այնտեղ լինեի, փոքր երեխաներիս հետ չեմ կարողանա։ Եթե, օրինակ, հիմա աշխատանք լինի տանից՝ կկարողանամ երեխաներիս հետ համատեղել, նույնիսկ ժամով երեխա կարող եմ պահել իմ տանը։
Փոքր երեխա ունեցող մայրիկներն ինձ լավ կհասկանան, թե մեկ երեխայի խնամքի համար օրը որքան գումար է հարկավոր, կաթ, տակդիր գնելու համար»,- նշեց Ռիմա Ավագյանը։
Նրա խոսքով՝ Արցախից բռնի տեղահանվելն իր և ամբողջ արցախահայության համար սարսափելի է եղել։ Նախ 4 մանկահասակ երեխաների հետ «Ուրալով» Մարտունիից հասել են Ստեփանակերտ, իսկ այնտեղից էլ ավտոբուսով 30 ժամից ավելի՝ հասել Գորիս, Գորիսից էլ՝ Երևան։
«Ինչ ունեինք, թողեցինք Մարտունիում, երեխաներիս իրենց վրայի շորերով հանել եմ քաղաքից, ամեն մեկին էլ մի շոր եմ վերցրել, որ ճանապարհին եթե մրսեն՝ հագնեն, ու վերջ։ Հասցրել եմ նաև մեր փաստաթղթերը վերցնել։ Ամեն ինչ ունեինք Մարտունիում, մենք աշխատում, հանգիստ, երջանիկ ապրում էինք։
Ամուսինս մի քանի օր է, ընդունվել է սուպերմարկետ աշխատանքի՝ որպես անվտանգության աշխատակից, բայց միայն նրա աշխատավարձով չենք կարողանալու և՛ տան վարձ տալ, և՛ ապրել»,- նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է ընտանիքով Արցախ վերադառնալուն, ապա դա հնարավոր կլինի միայն մի պայմանով, եթե որևէ ադրբեջանցի այնտեղ չլինի ու չլինի Ադրբեջանի դրոշը։
«Արցախն է մերը, մենք այնտեղ ամեն ինչ ենք թողել, մեր գերեզմանները, մեր տները, եթե Արցախը մեզ տան առանց ադրբեջանցիների, իհարկե կվերադառնամ։ Երբեք Ադրբեջանի անձնագիր չեմ ստանալու, ես հայ եմ, ավելին՝ երեխա չեմ բերել, որ տամ իրենց՝ սպանեն։ Ադրբեջանցիների հետ նույն տեղում ապրելը հավասար է մահվան։ Եթե այդքան բարի էին, Սառնաղբյուրից մանկահասակ Նվերն ու Միքայելն իրենց ի՞նչ էին արել, ինչո՞ւ սպանեցին, մյուս երեխաների մասին էլ չեմ խոսում։ Բոլորն էլ պատրաստ են վերադառնալ Արցախ, եթե այնտեղ թուրք չլինի, մի մասն էլ մտածում է՝ եթե Հայաստանում այսպես լինի, իրենք կգնան Հայաստանից այլ երկիր։ Ինքս չեմ գնա, սա էլ է իմ հայրենիքը, հատկապես, որ Երևանում եմ ծնվել, հետո տեղափոխվել Արցախ»,- շեշտեց Ռիմա Եգանյանը։
Նա նաև ասաց, որ հնարավոր է իրեն փախստականի կարգավիճակ չտան, քանի որ ծննդյան վկայականը Երևանի հասցեով է, իսկ անձնագիրը՝ Արցախի։
«Իմ շրջապատից մի քանիսն այդ կարգավիճակը չեն ստացել, քանի որ ծննդյան վկայականը Երևանի հասցեով է եղել։ Նրանք այդպես էլ մնացել են»,- եզրափակեց Ռիմա Ավագյանը։