Փլատակների տակ պետք է մնա միայն Փաշինյանը. ՔՊ-ականներին ներվելու շանս պետք է տրվի. Անդրանիկ Թևանյան
Նիկոլ Փաշինյանն ավարտված գործիչ է. եթե մինչև հիմա նա մեր հանրության շատ փոքր հատվածին կարողացել էր հավատացնել, թե Արցախն Ադրբեջանին տալով՝ Հայաստանի համար կարելի է ստանալ խաղաղ և անվտանգ միջավայր, կամ, իր ձևակերպմամբ, Ալիևից Հայաստանի կադաստրի թուղթը, ապա, օրերս Գավառում խոստովանեց՝ ամբողջությամբ տապալել է իր քաղաքականությունը, մարդկանց ասաց՝ փրկվեք, ով ինչպես կարող է, որովհետև Հայաստանը կանգնացրել է նոր պատերազմի և նոր ցեղասպանության խնդրի առաջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի կողմից բանակցային գործընթացի տապալման և Հայաստանին սպառնացող վտանգների հերթական բացահայտումների մասին, նման տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Ալիևն այս տրամաբանությամբ կհասնի նաև Երևան, իսկ Փաշինյանը և ՔՊ-ականները զբաղված են նրա համար փաստաբանություն անելով»,- ասաց Թևանյանը։
Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանգստացնում է քաղաքացիներին՝ ասելով, եթե Ալիևը հիմա խոսում է Ջերմուկի մասին, մենք էլ ժամանակին խոսում էինք Նախիջևանի և Արցախի մասին, Թևանյանն արձագանքեց.
«Ալեն Սիմոնյանը մեսիջներ է ուղարկում Ալիևին և ասում՝ եթե Հայաստանում ուզում ես ավելի թրքամետ գործիչ, քան Փաշինյանն է, ապա դա ես եմ։ Սիմոնյանը մտածում է, որ եթե Փաշինյանն իրեն դուշով զոհաբերի, Ալիևից աջակցություն կարող է խնդրել»։
Թևանյանի մեկնաբանությամբ՝ Փաշինյանը Գավառում խոստովանական ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ տապալել է իր քաղաքականությունը, ուստի ՔՊ-ականներին պետք է տրվի հնարավորություն խորտակվող նավը լքելու և փրկելու Հայաստանի նավակը։
«Փլատակների տակ պետք է թողնել միայն Փաշինյանին, չէ՞ որ ինքը արյան գետեր առաջացնող, խժդժություններ հրահրող և դեպքի վայրից ծլկող մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը։
«Մայր Հայաստան» շարժման ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը վերածվում է փլատակների, քանզի դարձել է ռազմական թատերաբեմ, մնացել առանց դաշնակիցների՝ չստանալով իրատեսական անվտանգային երաշխիքներ Արևմուտքից, որը, ի դեպ, Արևմուտքը երբեք Հայաստանին չի էլ խոստացել։
«Փաշինյանի տապալած քաղաքականությունից մենք պետք է դուրս գանք՝ գիտակցելով, որ խորտակվող նավակում իրար միս ուտելն արդեն ծիծաղելի է։ Դա նաև ընդդիմությանն է վերաբերում։ Միմյանց հանդեպ ատելությունն ավելի քիչ պետք է լինի, քան Հայաստանի նկատմամբ սերը»,- ասաց Թևանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։