2025թ․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա՝ ի պատասխան ՌԴ քայլերի․ Bild-ը գաղտնի փաստաթուղթ է գաղտնազերծել
Գերմանիան դիտարկում է հնարավոր սցենարը, երբ Ռուսաստանը 2025 թվականին հարձակվի ՆԱՏՕ-ի արևելյան թևի վրա, գրում է ռուսական РБК-ն՝ հղում անելով Bild պարբերականին։ Հրապարակումը վերաբերում է Բունդեսվերի գաղտնի փաստաթղթին, որը նախանշում է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև «հակամարտության ճանապարհը»:
Սցենարը նկարագրում է Ռուսաստանի և Արևմուտքի հնարավոր գործողություններն ամիս առ ամիս. պարբերականը անվանում է ՆԱՏՕ-ի հարյուր-հազարավոր զինվորների տեղակայման գագաթնակետը և «պատերազմի մոտալուտ բռնկումը» 2025 թվականի ամռանը։ Bild-ը նշում է, որ իր հրապարակման մեջ, անվտանգության նկատառումներից ելնելով, թերի տվյալներ է ներկայացնում ՆԱՏՕ-ի զորքերի քանակի և տեղաշարժերի մասին։
«Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հուլիսին, Ուկրաինայում հաջող հարձակումից հետո, Ռուսաստանը «նախ թաքնված, ապա բացահայտ» հարձակում կսկսի Արևմուտքի վրա։ Այն կներառի կիբերհարձակումներ և «հիբրիդային պատերազմի այլ ձևեր», հիմնականում՝ Բալթյան երկրներում:
Այնուհետև բախումներ կլինեն, որից հետո Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ կսկսի Բելառուսի հետ։
Իրավիճակը կարող է սրվել հոկտեմբերին, եթե Ռուսաստանը զորքեր և միջին հեռահարության հրթիռներ տեղափոխի Կալինինգրադ»,- աղմկահարույց հոդվածը թարգմանաբար ներկայացնում է ռուսական լրատվամիջոցը։
Bild-ը գրում է, որ 2024 թվականի դեկտեմբերին Սուվալկիի միջանցքում (մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող բելառուսական տարածքների և Կալինինգրադի շրջանի միջև, որն իրականում անցնում է Լեհաստանի և Լիտվայի սահմանի երկայնքով՝ բաժանելով Բալթյան երկրները ՆԱՏՕ-ի մնացած անդամներից), տեղի կունենա արհեստականորեն հրահրված «սահմանային հակամարտություն», որը կհանգեցնի անկարգությունների ու զոհերի։ Այնուհետև, Բունդեսվերը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Ռուսաստանը կմեղադրի Արևմուտքին երկրի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։
Ըստ գաղտնի փաստաթղթի, 2025 թվականի հունվարին ՆԱՏՕ-ի խորհրդի նիստում Լեհաստանը և Բալթյան երկրները կզեկուցեն Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի մասին, 2025 թվականի մայիսին ՆԱՏՕ-ն կորոշի զսպման միջոցները. 300 հազար զինվորական կտեղակայվի արևելյան թևում, այդ թվում՝ 30 հազար Բունդեսվերի զինվորներ։
Հարցը, թե, ի վերջո, Ռուսաստանը կզսպվի՞, սցենարում բաց է մնում, գրում է Bild-ը։
«Դեկտեմբերին բելգիական բանակի շտաբի պետ, ծովակալ Միշել Հոֆմանն ասել էր, որ «Եվրոպան շտապ պետք է պատրաստվի» Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը:
Ըստ Հոֆմանի՝ Բրյուսելի համար ուղղակի վտանգ չկա, սակայն վտանգ կա Բալթյան երկրների ու Մոլդովայի համար։ Ավելի ուշ հոլանդական բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մարտին Վեյնենը մատնանշեց հնարավոր հակամարտությանը պատրաստվելու անհրաժեշտությունը՝ ասելով, որ երկիրը պետք է ունենա «բավարար միջոցներ՝ զսպելու» հնարավոր թշնամուն։ Պատերազմի հավանականությունն ընդունել են նաև Շվեդիայի իշխանությունները, որը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չէ»,- գրել է Bild-ը։
Նշենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստան-ՆԱՏՕ հնարավոր պատերազմի մասին գերմանական Bild պարբերականի՝ կիրակի օրն ի հայտ եկած հրապարակումը։
«Ես զերծ կմնայի Bild-ի հոդվածները մեկնաբանելուց, քանի որ վերջին շրջանում այդ պարբերականը զերծ չի մնում ապատեղեկատվության հրապարակումից»,- հայտարարել է Պեսկովը։
Պատրաստեց՝ Արաքս Մարտիրոսյանը