Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ նշելով, որ հրդեհը տարածվել է 50 հազար քառակուսի մետր մակերեսով:
«Պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել 50 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում։ Հրդեհին տրվել է բարդության թիվ 5 աստիճան։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է մոտ 270 մարդ և 57 միավոր տեխնիկա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրշեջները թույլ չեն տվել կրակի անցումը այրվող պահեստից բեռնատարների կայանատեղին և էլեկտրակայանին:
Wildberries-ից հայտնել են, որ մարդկանց տարհանել են, իսկ այրված ապրանքների արժեքը կփոխհատուցվի։
Նախնական տվյալներով հրդեհի պատճառը կապված է եղել հոսանքալարերի հետ։ Անվտանգային համակարգը չի աշխատել, քանի որ անսարքության պատճառով նախապես անջատված է եղել։