Ի՞նչ է ասել Աննա Հակոբյանն անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ
Անկախ Ադրբեջանի՝ արդեն իսկ ՀՀ տարածքի նկատմամբ ունեցած նվաճողական նկրտումներից ու բացահայտ հայտարարություններից այն մասին, որ ՀՀ ողջ տարածքն իրենց հայրենիքն է, որ ադրբեջանցիներն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամենախայտառակ հայտարարություններով նսեմացնում է թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Հայաստանը որպես պետություն՝ ասելով, որ մի քայլ անգամ չի հեռանալու ՀՀ-ի՝ իր կողմից գրավված տարածքից, Նիկոլ Փաշինյանն անշեղորեն գնում է «խաղաղության պայմանագրի» ստորագրման, նույնն է թե՝ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհով:
Այս օրակարգը գովերգելուն, այն հանրահռչակելուն ու ամեն գնով դրա ստորագրմանը հասնելուն լծված են՝ ինչպես ՔՊ-ական պատգամավորները, մերձՔՊ-ական շրջանակներն ու Նիկոլ Փաշինյանի շուրջը վխտացող տարատեսակ մարդ-կուսակցությունները, այլև, պարզվում է, նաև նրա ընտանիքի անդամները, մասնավորապես՝ կինը՝ Աննա Հակոբյանը:
Այսպես, 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպման է հրավիրել 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներին. հանդիպման նպատակը եղել է «խաղաղության պայմանագիրը» գովերգելու հարցում նոր համախոհների հավաքագրումը:
Ծանր վշտից ու սպասումից ուժակորույս ծնողներին, ովքեր, իհարկե, պետք է կառչեն անգամ աննշան թվացող որևէ հույսից, Աննա Հակոբյանն ասել է, որ իր ամուսնու հայտարարած «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո իրենց որդիները վերադառնալու են, իսկ ով դեմ է խոսում այդ պայմանագրին կամ քննադատում է այն, նշանակում է դեմ է նրանց որդիների վերադարձին: Ուստի, նրանք պետք է գովերգեն խաղաղության օրակարգը, թույլ չտան քննադատություն, որևէ պարագայում հարցազրույցների ժամանակ դեմ չարտահայտվեն դրան… Որ իրենց որդիները վերադառնան…
Այստեղ, ինչպես ասում են՝ վարագույր…
Դժվար է պատկերացնել՝ բարոյականության ինչպիսի աստիճան, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության ինչ աներևակայելի, անհատակ խորություն պետք է ունենա որևէ մեկը, էլ չենք խոսում երկրի ղեկավարի կնոջ մասին, որ իր նեղ խմբային, անձնական շահերից ելնելով, իր ամուսնու պաշտոնը, դրանից բխող բոլոր առավելությունները՝ ծառայողական մեքենաների, գերթանկարժեք գնումների ու հանգստի, կառավարական ամառանոցների ու անվտանգության երաշխիքների տեսքով, պահելու համար խաղա իրենց ամենաթանկից արդեն 4 տարի որևէ լուր չունեցող անձանց նվիրական զգացմունքների հետ:
Բնական է, որ որքան էլ աղոտ, նրանցից յուրաքանչյուրը, այնուամենայնիվ, փայփայում է իր որդուն մի օր տեսնելու հույսը, հավատում այն, միգուցե խիստ տեսական, բայց հույսին, որ հնարավոր է՝ իր որդին Բաքվի բանտերից մեկում պատանդառված է ու մի օր կվերադառնա իր գիրկը: Ու դրա համար հասկանալի է, որ մարդիկ պատրաստ են անգամ իրենք իրենց զոհել, ուր մնաց թե՝ չգովերգեն, այսպես կոչված, խաղաղության օրակարգը կամ առնվազն դեմ չխոսեն դրան:
Այստեղ խնդիրն այն անձն է, ով այդ մարդկանց օգտագործում է իր մերկանտիլ, ողորմելի նպատակներին հասնելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ անհետ կորածների առումով մեծ խառնաշփոթ կա:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի կողմից չընդունված 80 գերիների մեջ լինեն նաև անհետ կորածներ, ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչն ասաց՝ 80 թվի մեջ իրենք չեն ներառել անհետ կորածներին:
«80 դեպքերի պարագայում մենք ունենք հստակ ապացույցներ, որ նրանք ողջ գերեվարվել են: Պարզապես այս 80-ը 55-ից տարբերվում է նրանով, որ 55-ի գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ընդունում է նրանց ողջ լինելն ու իրենց հսկողության տակ գտնվելը: Իսկ 80-ի պարագայում Ադրբեջանը հերքում է իր մասնակցությամբ գերեվարման փաստը»,- ասել էր Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ եթե գերեվարման վաղ փուլում նրանց ողջ լինելու հավանականությունը մեծ էր, ապա հիմա արդեն այս անձանց վերաբերյալ տեղեկատվության ամբողջական բացահայտումն արդեն իսկ բարձր հավանականությամբ կարող է վկայել նրանց սպանված լինելու մասին:
«Որևէ թափանցիկություն չկա, թե քաղաքական գործընթացներում գերիների, բռնի անհետացածների հարցն ինչպես է արծարծվում: Դրա արդյունքում ծնողների մոտ անվստահություն է առաջանում պետական մարմինների նկատմամբ: Այդ պատճառով էլ շատերը հրաժարվում են վերցնել իրենց զավակների մասունքները, չեն վստահում ԴՆԹ հետազոտություններին ու իրենց հարազատներին փնտրում են ողջերի մեջ: Ես չեմ բացառում, որ քաղաքական բանակցություններում այդ հարցերը քննարկվել են, և իշխանությունները ստացել են չգոհացնող պատասխան ու չեն կարողանում ազնիվ գտնվել սեփական ժողովրդի հետ և հայտնել ճշմարտությունը, քանի որ այն ևս կարող է ծնել հավելյալ դժգոհություններ»,- ասել էր իրավապաշտպանը:
Հարցին՝ ո՞րն է այդ ճշմարտությունը, Սիրանուշ Սահակյանը պատասխանել էր՝ չեմ բացառում, որ ճշմարտությունն այն է, որ չհաստատված գերիների մի մասը սպանվել է, և Ադրբեջանի մերժման դրդապատճառը ոչ թե քաղաքական է, այլ օբյեկտիվ, որովհետև օբյեկտիվորեն հնարավոր է, որ այդ մարդիկ օբյեկտիվորեն գոյություն չունեն:
Իսկ Աննա Հակոբյանն անհետ կորածների ծնողներին առաջարկում է գովերգել Ադրբեջանի հետ «խաղաղության» օրակարգը, որ իրենց որդիները վերադառնան: