Եթե Մերձավոր Արևելքում ընթացող պրոցեսը կառավարելի չպահվի, բնականաբար, մեր տարածաշրջանը ևս չի կարող խուսափել այդ պատերազմից. Արմեն Պետրոսյան

Միջազգային լրատվամիջոցները հունվարի 12-ին հայտնեցին Մերձավոր Արևելքում նոր ռազմական գործողությունների մասին. ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում:

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումն ի պատասխան հայտնել է՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բարձր գին կվճարեն երկրին հասցված զանգվածային հարվածների համար:

Տարբեր փորձագետներ արձանագրում են՝ սա Իրանին պատերազմի մեջ ներքաշելու հերթական փորձն է:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանն այս ռազմական գործողությունը խիստ կանխատեսելի էր համարում՝ նկատելով, որ դա պետք է դիտարկել մեկ շղթայի մեջ այն պրոցեսների հետ, որոնք տեղի են ունենում Գազայում, և դրա հետ կապված՝ նաև Լիբանանի, Սիրիայի տարածքում, ու իրանամետ տարբեր խմբավորումների դեմ:

Կարդացեք նաև

«Կանխատեսելի էր, որ ԱՄՆ՝ որպես Իսրայելի դաշնակից, արտատարածաշրջանային և տարածաշրջանային որոշ դերակատարների ներգրավմամբ՝ կձևավորի կոալիցիա և կփորձի զսպել հութիների գործողությունները, որոնք Գազայում պատերազմի առաջին իսկ օրերից իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինյան խմբավորումներին և սկսել են ապակայունացնել իրավիճակը Կարմիր ծովում, անգամ հրթիռներ են ուղարկել Իսրայելի ուղղությամբ,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ հենց ԱՄՆ-Իսրայել պայմանավորվածությունների արդյունքում է հութիներին զսպում ԱՄՆ -ը և ոչ թե՝ Իսրայելը,- Սա արվում է տարածշրջանում ԱՄՆ տարբեր դաշնակիցների միջև խնդիրներ չառաջացնելու համար, որովհետև նույն Սաուդյան Արաբիան կարող էր ոչ միանշանակ ընդունել Իսրայելի կողմից արաբական նոր խմբավորման դեմ գործողությունները»:

Արդյո՞ք այս ռազմական գործողությունը կվերաճի տարածաշրջանային մեծ պատերազմի՝ հարցի պատասխանը տարածաշրջանային հարցերով փորձագետը պայմանավորեց Իրանի հնարավոր պատասխանով, միջամտությամբ, բայց կարծում է, որ նման միջամտություն չի լինի:

«Իրանում շատ լավ հասկանում են՝ այս դիմադիրության առանցքը կոտրելու հիմնական նպատակն Իրանը ռազմական արկածախնդրության մեջ ներքաշելն է՝ երկիրը տևական ժամանակ հյուծելու, ներսից պայթեցնելու նպատակով, ճիշտ նույն տրամաբանությամբ՝ ինչպես ՌԴ դեմ իրականացվող արևմտյան քաղաքականության համատեքստն է»,- պարզաբանեց նա:

Արդյո՞ք Իրանին պատերազմի մեջ ներքաշելու նմանատիպ իրավիճակ կարող է ստեղծվել նաև մեր տարածաշրջանում՝ հարցին ի պատասխան էլ՝ մասնագետը ուշադրություն հրավիրեց տարածաշրջանային մի քանի իրողությունների վրա:

«Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վերաճման հավանականությունն ավելի մեծ կլիներ այն դեպքում, եթե Իրանը նպատակային կերպով չփորձեր կարգավորել հարաբարերություններն Ադրբեջանի հետ:

Այժմ, փաստացի այդ կարգավորման գործընթացի հաջողումը և նաև՝ ոչ միանշանակ արձագանքը Արդբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ իրականացված գործողություններին, մեծ հաշվով, նաև Արցախում տեղի ունեցած գործողությունների հետևանքով Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում առաջացած խնդիրները թույլ են տալիս կանխատեսելու, որ այս պահին մեր տարածաշրջանի վրա կոնֆլիկտի ուղիղ տարածումը քիչ հավանական է՝ հատկապես Իրանին թիրախավորելու տեսանկյունից:

Բայց եթե, այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում ընթացող պրոցեսը կառավարելի չպահվի, և այն վերաճի մեծ պատերազմի, բնականաբար, մեր տարածաշրջանը ևս չի կարող խուսափել այդ պատերազմից»,- նշեց Արմեն Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս