Թբիլիսիում ամֆիթատրոն կկառուցվի
Թբիլիսիում նախատեսվում է ամֆիթատրոն կառուցել։ Այս նախագծի մասին տեղեկանում ենք Վրաստանի պետական գնումների գործակալության կայքում հայտարարված մրցույթային փաստաթղթից: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Մասնավորապես, գնման մասին 2023 թվականի տարեվերջին հայտարարել էր «Սպորտմշենսերվիս» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է պետությանը, մասնավորապես՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Մրցույթը ենթադրում է Թբիլիսիի Գիորգի Գուրամիշվիլիի (նախկին Գորգասլիի) փողոցի թիվ 10 հասցեում գտնվող մեկհարկանի շենքի վերականգնում և դրան հարակից բաց ամֆիթատրոնի շինարարական աշխատանքների գնում։
Մրցույթային պայմանների համաձայն, առաջարկների ընդունումը կսկսվի հունվարի 20-ին և կավարտվի հունվարի 25-ին։ Գնման նախահաշվային արժեքը կազմում է 1 մլն 784 հազար 580 լարի։ Աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի կնքումից 180 օրացուցային օրվա ընթացքում։
Ըստ փաստաթղթերի՝ ճիշտ շահագործման պայմաններում կատարված բոլոր տեսակի աշխատանքների երաշխիքային ժամկետը սահմանվում է 3 տարի:
Ի դեպ, Օրթաճալա թաղամասում ամֆիթատրոնի կառուցման մրցույթ էր հայտարարվել նաև 2023-ի նոյեմբերին։ Գնմանը մասնակցել է միայն «Մարդի» ՍՊԸ-ն, սակայն, ինչպես պարզ է դառնում մրցույթային հանձնաժողովի դեկտեմբերին հրապարակված արձանագրությունից, «Մարդի»-ի ներկայացրած փաստաթղթերում որոշակի սխալներ են եղել, ինչի պատճառով էլ մրցույթը դադարեցվել էր։ Այն ժամանակ մրցույթի համար հատկացվել էր 2 մլն 215 հազար 592 լարի: