«Երևանի դրությունը բարդ է». իրանցի վերլուծաբան

ՀՀ արտաքին քաղաքական տարին սկսվում է ամերիկացի դիվանագետ Լուիս Բոնոյի այցով Երևան։ ՀՀ ԱԽՔ փոխանցմամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ըստ հայկական կողմի՝ Գրիգորյանն ու Բոնոն անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

«Մեկ անգամ ևս վերահաստատել եմ հայկական կողմի հանձնառությունը՝ տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն»,- հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

Ուշագրավն այն է, որ 2023 թվականը ՀՀ-ն ավարտեց ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի ՀՀ կատարած այցով, որը հայտարարեց, որ ռեգիոնալ երկրները պետք է զբաղվեն հակամարտության կարգավորմամբ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք նաև, որ օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս կապակցությամբ հայտարարել էր, թե Ադրբեջանից բացի, ցանկում ընդգրկվել են նաև Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորոսը և Վիետնամը: Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել էր Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին:

168am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իրանի ԱԳ նախարարի տարեվերջյան այցն ու ամերիկացի համանախագահի այցը Երևան միմյանց հետ կապ ունեն։

Ըստ նրա, չի բացառվում, որ այս այցը նախապես ծրագրված էր, քանի որ ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ՀՀ-Ադրբեջան հարցը պահում էր իր դիտակետում, սակայն, ըստ վերլուծաբանի, ԻԻՀ ԱԳ նախարարի այցը նոր խնդիրներ է ստեղծում ամերիկյան միջնորդության համար։

«Խնդիրները պայմանավորված են այն հանգամանքով, որ որքան էլ Իրանը հարցերը փորձում է առաջ մղել խաղաղ և բանակցային եղանակով, սակայն Իրանի դիրքորոշումները Հարավային Կովկասում կարևոր են՝ բոլոր երկրների, իսկ առավելապես՝ Հայաստանի համար, և սա բնական է։

Միացյալ Նահանգները, բնականաբար, ցանկանում է, որ այդպես չլինի, որպեսզի Հայաստանը չզգա ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի ազդեցությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կնքեն ամերիկյան տարբերակով, ամերիկյան հովանու ներքո, կտրվելով Ռուսաստանից, Իրանից և նաև՝ մասամբ Թուրքիայից։

Հենց սա է ամերիկացի դիվանագետի այցի գլխավոր նպատակը։ Իրանի ակտիվությունը, վստահաբար, մտահոգում է ԱՄՆ-ին, կարծում եմ նաև, որ Հայաստանի զուսպ արձագանքն իրանական առաջարներին պայմանավորված է ԱՄՆ այս դիրքորոշումներով։ Իհարկե, Երևանի դրությունն այս առումով բարդ է, բայց ՀՀ-ում երևի թե կհասկանան, որ ռեգիոնալ գործընկերներն ավելի ազդեցիկ են ու ավելի ճշգրիտ են պատկերացնում՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ՝ ՀՀ շահերը»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ ԱՄՆ-ը խնդիր է դրել օր առաջ սկսել իր հովանու ներքո բանակցությունները, քանի որ այդ տեղը կարող են զբաղեցնել այլ երկրներ։

«ԱՄՆ-ը նաև տեսնում է, որ դա Ադրբեջանը չի հասկանում, ու Հայաստանն այս հարցում ԱՄՆ-ի համար դիտարկվում է՝ որպես արդյունավետ գործընկեր, քանի որ ՀՀ-ն ԱՄՆ-ին չի մերժում և ցանկանում է ԱՄՆ-ում բանակցել։ Բայց դեմ դիրքորոշումները շատ են, պայքարը շարունակվելու է, կարծում եմ, որպեսզի ԱՄՆ-ը չլինի միջնորդ գլխավոր համաձայնության համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս