«Պետական բյուջեի կապիտալ ծախսեր»․ թատրոնն ու իրականությունը
Պարբերաբար անդրադառնում եմ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի քանակական և որակական համատարած ձախողումներին, դրանից բխող՝ օրվա իշխանության կողմից իրավիճակի և խորացող խնդիրների խեղաթուրումներին։
Հերթական «թաթերական բեմականացմանն» ականատես եղանք օրերս՝ գլխավորի դերակատարմամբ։
Որպես կանոն՝ սցենարը նորից պարզունակ էր և անսահման պոպուլիստական․ «Ի՞նչ անի խեղճ ղեկավարը, երբ իրենից բացի՝ մյուսները, որոնց ինքն է բերել պաշտոնի, լավ չեն աշխատում։ Իսկ դրա «ապացույցը», փաստորեն, դառնում են պետական բյուջեի միջոցների փոծիացման «միամիտ» բացահայտումները՝ անորակ կախիչներ, ջրի ծորակներ ու ցնցուղներ, տուկի թելով ֆուտբոլի դարպասներ և այլն։ Եվ ուրեմն՝ պիտի աշխատանքից ազատվեն այդ «չար» չինովնիկները՝ ցույց տալով միակ ղեկավարի անվերապահ մտահոգությունն ու անմեղությունը։ Փաստորեն, «մեղավորների» շրջանակը արդեն մոտենում է իրենց իշխանական տներին՝ նախարարներ, մարզպետներ, կոմիտեի նախագահներ և այլն։»։
Իրականում այս հարցն ունի առարկայական և ակնհայտ մեկ պատասխան․ «Անսահման պոպուլիզմից և սեփական աթոռն ամեն գնով պահելու մոլուցքից զերծ՝ քրտնաջան և հետևողական աշխատանք, արդյունավետ և հանրային կառավարում՝ նպատակայնության ապահովման, ընթացիկ վերահսկողության և գնահատման, հաշվետվողականության սկզբունքների համարժեք գործադրմամբ, այլ ոչ թե ի սկզբանե հայտնի ձախողումները այլոց վրա բարդելու և բացառապես սեփական վարկանիշին ծառայեցնելու անպատասխանատու գործելաոճ։»։ Իսկ այս ամենի գործադրման առաջնային պատասխանատուն և ձախողումների հավաքական մեղավորը՝ իշխանական թիմի ղեկավարն է։
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի համատարած ձախողումների պատկերն ամբողջականացնելու նպատակով հատկանշական է նաև իշխանական մեկ այլ մանիպուլացիա։
Յուրաքանչյուր անգամ պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս թղթի վրա գրում և ասում են, որ թռիչքաձև ավելացնելու են երկարաժամկետ զարգացմանն ուղղված կապիտալ ծախսերը։ Եվ սա անում են՝ աղքատության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացման իրենց չկատարվող խոստումները քողարկելու համար։
Կապիտալ ծախսերը չունեն անհատական հասցեատեր, ինչպես օրինակ՝ սոցիալական ծախսերն են։ Հետևաբար, կարելի է անվերջ խոստանալ, հետո էլ չկատարել՝ չկրելով պատասխանատվություն։ Հետո, այդ ծախսերը տարվա ընթացքում անընդհատ և էական չափերով վերաբաշխվում են և կատարվում են նախապես հաստատվածից էական շեղումներով։ Օրինակ՝ ջրամբարների, սոցիալական ենթակառուցվածքների համար նախատեսված միջոցներով ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Ի դեպ, այս ամենը հետաքրքիր կերպով զուգակցում են ընտրական գործընթացների հետ։ Օր-օրի առավել ակնհայտ են դառնում ծախսարդյունավետության և որակի խնդիրները, այս ոլորտում մեկ անձինց գնումների և յուրայինների մասնակցության թռիչքաձև աճերը, գերշահույթները։
Դրանց իրավական և ֆինանսական գնահատականները հետո են տրվելու։ Եվ դրանք հաշվվելու են հարյուր միլիարդավոր դրամներով։ Իսկ այսօրվա իշխանության գործողություններն, ըստ էության, ընդամենը պարզունակ սցենարով բեմականացումներ են։
Վերջերս անդրադարձել էի, 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների կապիտալ ծախսերի խայտառակ թերակատարումներին։ Եվ սա է նաև ցածր ծախսարդյունավետության և աշխատանքների անորակության հիմնապատճառներից մեկը։ Ամբողջ տարվա համար ծրագրված գործը տարվա 10 ամիսներին գրեթե չեն կատարել, իսկ հետո փորձում են «ոտքի վրա», փնթի շտապողականությամբ, նպատակի և որակի կորստի գնով իրականացնել այդ ծախսերը։ Նորից հիշեցնեմ պաշտոնական տվյալները․
1․ ընդհանուր կապիտալ ծախսերի 51,5 տոկոսը չի կատարվել, այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածի ճշտված պետական բյուջեով նախատեսված 564,7 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 273,6 մլրդ դրամը,
2․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը, թերակատարվել են 51 տոկոսով,
3․ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կապիտալ ծախսերը, ներառյալ դպրոցաշինության ծրագիրը, թերակատարվել են 79 տոկոսով,
4․ քաղաքաշինության կոմիտեի կապիտալ ծախսերը թերակատարվել են 75 տոկոսով և այլն,
5․ իսկ թերակատարումների այս ֆոնին 2024 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերը «թղթի վրա» նորից ավելացրել են, այս անգամ շուրջ 30 տոկոսով՝ այն հասցնելով մոտ 700 մլրդ դրամ։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ