Հարավային Կովկասում տարին հանգիստ չի լինի՝ ուժի կիրառման սպառնալիք, ուժի կիրառում, աշխարհաքաղաքական մրցակցություն ու դիվանագիտական խաղ բանակցությունների շուրջ․ Տարասով
«Այս տարին ակնհայտորեն շատ բարդ է լինելու, քանի որ աշխարհաքաղաքական թեժ զարգացումները շարունակվելու են՝ տարածվելով դեպի նոր օջախներ»,- 168.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ռեգիոնալ և աշխարհաքաղաքական սպասվող իրադարձություններին։
Ըստ նրա՝ նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ բոլոր տարածաշրջաններում լարվածությունը նոր փուլ է թևակոխում՝ բացառությամբ, թերևս, Հարավային Կովկասի, որտեղ իրավիճակը և արձանագրվող զարգացումները սպասելի էին և սպասելի են նաև այս տարի։
Տարասովի խոսքով, կարող է տպավորություն ստեղծվել, թե Ուկրաինայում ռազմական գործողություններն ինտենսիվ բնույթ չեն կրում, բայց դրանք ընթանում են, և նախորդ տարվա բեկումն այն էր, որ Ուկրաինան տապալում է ռազմի դաշտում իր բոլոր նպատակները, ինչն անդրադառնում է հակամարտության շուրջ քաղաքական գործընթացի վրա, ինչպես նաև՝ ռազմական։
«Այս տարի տեսնում ենք և տեսնելու ենք, որ Արևմուտքն այլևս չի ցանկանում սպառազինություն մատակարարել Ուկրաինային, ավելին՝ փորձելու է ինչ-որ հանգուցալուծման հասցնել այս հակամարտությունը։ Այս տարին կշարունակվի այս մի քանի գործընթացների շուրջ, խաղաղություն, չեմ կարծում, թե այս տարի այնտեղ կհաստատվի, հակամարտությունը կտեղափոխվի մյուս տարի»,- ասաց Տարասովը։ Նա ուկրաինական հակամարտությունն անվանեց նույնիսկ ավելի կանխատեսելի հակամարտություն, քան այն զարգացումները, որոնք ներկայումս ընթանում են և դեռ կընթանան Մերձավոր Արևելքում։
Ռուս վերլուծաբանը գտնում է, որ Ուկրաինային զուգահեռ, սակայն, շատ ավելի թեժ, անկանխատեսելի ու լարված են լինելու զարգացումները Մերձավոր Արևելքում, որոնք ավելի վատթար ռեգիոնալ սցենարների հանգեցնելու մեծ ներուժ ունեն։ Այս ամենը, նրա խոսքով, պետք է դիտարկել՝ ինչպես գլոբալ դիմակայության, այնպես էլ՝ առանձին դրվագների կոնտեքստում, քանի որ Մերձավոր Արևելքը մեծաթիվ առանձնահատկություններ ունեցող ու ամենաբարդ ռեգիոններից մեկն է, եթե ոչ՝ ամենաբարդը։
«Այստեղ հիմնական մրցակցությունը ծավալվելու է աշխարհաքաղաքական երթուղիների ու դրանց հովանավորների միջև, սա լի է բազմաթիվ վտանգավոր սցենարներով»,- ասաց Տարասովը։
Նա գտնում է, որ այս տարի Հարավային Կովկասում տեսնելու ենք այն նույն գործընթացների շարունակությունը, ինչ նախորդ տարի, գերշխող է լինելու հենց նույն տրամաբանությունը։
«Ուժի սպառնալիք, ուժի կիրառում, բանակցությունների իմիտացիա, դիվանագիտական խաղ բանակցային գործընթացի շուրջ։ Նախորդ տարեվերջին արձանագրվեց, որ կողմերը շատ հարցեր են համաձայնեցրել ու մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Այստեղ էլ թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, սակայն, կարծում եմ, եթե նույնիսկ այս տարի կողմերն ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, սրանով հակամարտությունը չի ավարտվելու, քանի որ հակամարտությունը չի ավարտվել ժողովուրդների միջև, 100.000 հայ մնացել է անտուն։ Սրանք հարցեր են, որոնք Հարավային Կովկասին ստիպելու են «եռալ»։ Բացի այդ, ինչպես երևում է, որոշ հարցեր համաձայնեցված են, որոշներն էլ՝ ոչ, սակայն կողմերը ցանկանում են ինչ-որ բան ստորագրել։ Հայաստանը ձգտում է դրան, քանի որ հույս ունի, որ դա որոշակի խաղաղություն կբերի տարածաշրջան, իսկ Ադրբեջանը ցանկանում է ամրագրել իր հաղթանակները։
Արտաքին ուժերը, որոնք այս կամ այն կերպ ունեն շահեր այս ռեգիոնում, փորձում են միջամտել բանակցություններին և կազմակերպել հանդիպումներ, խոսքը թե Ռուսաստանի, թե Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԵՄ առանձին երկրների ու ԱՄՆ-ի մասին է։ Եվ տպավորություն է, որ սա կշարունակվի մինչև անգամ մինչև փաստաթղթի ստորագրման օրը։ Բայց. կրկնում եմ, որ հակամարտության շատ հարցեր բաց են մնալու ու թելադրելու են ռեգիոնալ մթնոլորտը, որը հանգիստ չի լինի»,- ասաց Տարասովը։