Բաժիններ՝

Երբ իշխանությունները պրոարևմտյան քաղաքականություն չվարեն, մեկ օրում սանկցիաների տակ կհայտնվի ամբողջ տնտեսությունը. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփեց 2023 թվականի տնտեսական իրողությունները՝ պաշտոնական և ոչ պաշտոնական վիճակագրության մի շարք արձանագրումներով:

«2023 թվականի 11 ամիսների տվյալներն են հրապարակվել, ըստ որի՝  ՀՀ տնտեսական ակտիվությունը կազմում է 9.4 տոկոս: Այսինքն՝ կարելի է կանխատեսել, որ այս տարի տնտեսական աճը, կամ ՀՆԱ աճը կլինի մոտավորապես 9 տոկոսի շրջանակում, ինչը պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս ցուցանիշից փոքր-ինչ բարձր է,- նշեց տնտեսագետը, ապա անդրադառնալով այդ տնտեսական աճն ապահոված ոլորտներին՝ առևտուր, ծառայություններ, շինարարություն, մանրամասնեց,-  Թեև տարվա ընթացքում ունենք գործազրկության, աղքատության կրճատում, տրանսֆերտների հոսք և այլն, բայց այս ամբողջ տնտեսական աճի ցուցանիշների որակը, այնուամենայնիվ, բավականին ցածր է՝ այս աճից շատ քչերն են օգտվել»:

Սուրեն Պարսյանը նկատեց նաև, որ աճն ապահոված ու ապահովող գործոնները հիմնականում արտաքին են ու ժամանակավոր. մի շարք ոլորտներում աճն ուղղակի պայմանավորված է ռելոկանտների հոսքով, վերջին շրջանում՝ նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ դեպի Հայաստան ներհոսքով:

«Օրինակ, առևտրի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների առքուվաճառքի ծավալներով՝ դարձյալ դեպի ՌԴ վերարտահանումներով:

Կարդացեք նաև

Սակայն շարունակում են մտահոգիչ մնալ արդյունաբերության և գյուղատնտեսության 2-3 տոկոսանոց տնտեսական աճերը, ինչը վկայում է, որ մենք տեղում ապրանք չենք արտադրում, բայց արտահանում ենք, իսկ արտահանում ենք ոչ հայկական ապրանք:

Տեղական արտադրությունը, ինչպիսին է ՀՀ համար այցեքարտ հանդիսացող սննդի արդյունաբերությունը՝ մսամթերք, կաթնամթերք, կոնյակի, օղու արտադրությունը, անկում է գրանցել: Մենք տեղական արտադրությունը կորցնում ենք տնտեսական այս բարձր աճի ցուցանիշների պայմաններում, քանի որ տեղական արտադրողները չեն կարողանում մրցակցել ներկրվող՝ ռուսական, բելառուսական ապրանքների հետ՝ պայմանավորված դրամի արժևորմամբ (ներկրվող ապրանքներն անհամեմատ ավելի էժան են, իսկ տեղական արտադրությունը թանկացել է, քանի որ էներգակիրների գներն են թանկացել, աշխատուժն է թանկացել և այլն):

Հատկապես ուշագրավ է նոյեմբեր ամսին արդյունաբերության ոլորտի 23.8 տոկոս աճը, ինչը դարձյալ պայմանավորված է արտաքին գործոնով, քանի որ 13.7 անգամ ավելացել են ոսկու վերամշակման ծավալները: Ակնհայտ է, որ ՀՀ-ն 1 ամսում ոսկու վերամշակման այդքան լուրջ արտադրություններ չէր կարող ստեղծել,  այդքան պոտենցիալ էլ չունի. սա ռուսական ոսկու վերարտահանում է (ռուսական ոսկին գտնվում է  արևմտյան պատժամիջոցների տակ, իսկ Հայաստանը, ըստ էության, այդ պատժամիջոցների վրա աչք է փակել և ՀՀ-ն դարձրել է ռուսական ոսկու վերարտահանման երկիր)»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ սա ՀՀ-ին թույլատրում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող արևմտյան երկրները, քանի որ հաշվի են առնում գործող իշխանությունների պրոարևմտյան քաղաքականությունը:

«Այն օրը, երբ գործող իշխանությունները պրոարևմտյան քաղաքականություն չվարեն, մեկ օրում սանկցիաների տակ կհայտնվի ամբողջ տնտեսությունը»,- հավելեց տնտեսագետը:

Առհասարակ, տնտեսական աճերի մասին իր դիտարկումներում Սուրեն Պարսյանը շեշտեց այդ աճերը կապիտալիզացնելու անհրաժեշտության մասին:

«Այս աճի պայմաններում պետությունը պետք է ոչ թե բավարարվի, այլ փորձի, ինչպես իշխանություններն ասում էին, տնտեսական հեղափոխություն անել՝ ինչը չի արվում.  նրանք ուղղակի վայելում են այս տնտեսական աճից եկող օգուտները և չեն փորձում տնտեսության մեջ որակական փոփոխություններ բերել,- նշեց մասնագետը, ապա անդրադառնալով անհրաժեշտ փոփոխությունների մասին մեր հարց-հստակեցմանը՝ արձագանքեց,- Արդյունաբերության ոլորտում նոր ստանդարտներ, նոր մոդելներ, հեղափոխական լուծումներ պետք է ներդնել: Արդյունաբերությունը մեզ համար պետք է դիտարկվեր՝ որպես երկարաժամկետ աճ ապահովող հիմնական տնտեսական ճյուղ, բայց այս պահին արդյունաբերությունն ուղղակի անտեսված է: Հայաստանը պետք է այնպիսի ապրանքներ արտադրի, որոնք կկարողանան բավարարել եվրոպական ստանդարտները: Սակայն այդ աշխատանքները չեն տարվում.  մի կողմից՝ իշխանությունները խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, մյուս կողմից՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարի ՌԴ-ից կախվածությունն ավելի է մեծացել, օրինակ, այս պահին մեր արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին, որի կեսը վերարտահանվող ապրանքներն են»:

Կենսամակարդակի փոփոխության մասին իր դիտարկումներում մասնագետն ընդգծեց, որ այն համահունչ չէ տնտեսական արձանագրվող աճերին:

«2022 թվականին ունեցանք 12.6 տոկոս տնտեսական աճ, բայց մեր աղքատությունը կրճատվեց ընդամենը 1.7 տոկոսով՝ կազմելով 24.8 տոկոս. այս ցուցանիշով ՀՀ-ն տարածաշրջանի և ԱՊՀ երկրներում ամենաբարձր աղքատության ցուցանիշն ունի:

Մենք պետք է հասկանանք, որ ունենք ծայրահեղ աղքատ բնակչություն 1.2 տոկոս, որ ամեն երրորդ երեխան 2022 թվականի ցուցանիշով գտնվում է աղքատության մեջ»,- նկատեց նա:

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այս միտումները կպահպանվեն նաև 2024 թվականի ընթացքում, Սուրեն Պարսյանն արձանագրեց, որ այդ միտումները պայմանավորված են արտաքին գործոններով, հետևաբար, եթե արևմտյան պատժամիջոցները սկսեն կիրառվել նաև ՀՀ նկատմամբ, այս ամենը մեկ օրում կվերանա. «Հաջորդ տարի այս  նույն համատեքստում պետք է դիտարկել ՀՀ տնտեսական աճն ու զարգացումները՝ հաշվի առելով հանգամանքը, որ ՀՀ-ն իր տնտեսական աճը չի ապահովում ներքին գործոններով, այլ զուտ արտաքին գործոններով և աշխարհաքաղաքական կոնսենսուսի կամ ընդհանուր լռության պայմաններում»:

Տեսանյութեր

Լրահոս