Ռեսուրսները սպառվում են

Հայաստանի տնտեսության համար վերջին երկու տարիներին ստեղծված բարձր տնտեսական աճի ռեսուրսները գնալով սպառվում են։ Չնայած դրանք շատ էին ու բազմատեսակ՝ այդպես էլ կառավարությունը չկարողացավ այդ հսկայական հնարավորությունները վերածել իրական արդյունքի, պայմաններ ստեղծել երկարաժամկետ աճերի ու զարգացումների համար։

Բավարարվեցին կարճաժամկետ աճերով, որոնք այդպես էլ ոչինչ չտվեցին մեր տնտեսության ամրացմանը։ Պատահական չէ, որ ինչքան ռեսուրսները թուլանում են, այնքան իրավիճակը վատանում է։ Շատ շուտով հետևանքներն ավելի ծանր կլինեն։ Չնայած դրանք արդեն տեսանելի են։

Տնտեսությունը մեծապես կորցրել է նախկին բարձր ակտիվությունը։ Աճի տեմպերը վերջին ամիսներին կիսով չափ կրճատվել են։ Տարեսկզբի երկնիշ տնտեսական աճերից հետո, տարեվերջի սպասումները հազիվ 7-8 տոկոսի սահմաններում են։ Դա էլ գերազանցապես նրա շնորհիվ, որ անցած տարվա սկզբին բազան շատ ցածր է, ու դրա համեմատ բարձր աճեր գրանցվեցին։

Հաջորդ տարի այդ գործոնն այլևս չի լինելու։ Դա է պատճառը, որ կառավարությունում վախեցած են՝ հույս չունեն, թե կկարողանան 2024թ. համար նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին հասնել։

Կարդացեք նաև

Նախորդ և այս տարվա աճերն ապահովեցին հիմնականում ծառայություններն ու առևտուրը։ Ծառայությունները վերջին ամիսներին թեև դեռ աճի մեջ են, այնուհանդերձ նախկին տեմպերը չկան։ Աճերը հազիվ 3-4 տոկոսի սահմաններում են, երբեմն՝ ավելի ցածր։ Նույնը նաև առևտրի և հատկապես՝ արտաքին առևտրի պարագայում է։ Արտաքին առևտրի տեմպերը տարեվերջին շեշտակի ընկել են։ Երկու-երեք անգամով աճերը չկան՝ նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Ու մինչ այս տարի առևտրի ու ծառայությունների բարձր աճերը դարձել էին տնտեսության աճի հիմնաքարերը, հաջորդ տարի դրանք այլևս չեն լինելու։

Թե՛ մեկին, և թե՛ մյուսին նպաստել էր ռուսական գործոնը։ Բայց այդ ռեսուրսը հասցրել է մաշվել։

Ռուսները, որոնք վերջին մեկ-երկու տարիներին տեղափոխվեցին Հայաստան՝ տեղափոխելով նաև իրենց բիզնեսը, մեծապես նպաստեցին ծառայությունների ոլորտում բարձր ակտիվության ձևավորմանը։ Նաև էապես խթանեցին ծառայությունների ու առևտրի ներքին պահանջարկը՝ հատկապես իրենց բարձր վճարունակությամբ։ Բայց նրանք սկսել են հեռանալ, ու գնալով թուլանում են այս ոլորտներից տնտեսության վրա փոխանցվող ազդեցությունները։

Հայաստանը դադարել է «գրավիչ» լինել նրանց համար։ Ուստի, նախընտրում են հեռանալ։

Արդեն հազարավորներ հասցրել են հեռանալ։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կասկած չի թողնում, որ դա կշարունակվի նաև հաջորդ տարի։ Ինչ-որ պահից, եթե ոչ՝ բոլորը, ապա՝ մեծամասնությունը կհեռանա՝ թուլացնելով իր այստեղ գտնվելու ազդեցությունը Հայաստանի տնտեսության աճերի, ինչպես նաև՝ ներքին պահանջարկի խթանման վրա։

Այլևս անիմաստ է բարձր աճեր ակնկալել արտաքին առևտրում։ Հատկապես որ, գնալով մեծանում է ճնշումը Հայաստանի վրա՝ պատժամիջոցները շրջանցելու հետ կապված։

Բոլորն էլ հասկանում են, թե ինչի շնորհիվ է այդքան ավելացել արտաքին առևտուրը։ Արդեն հնչում են բացահայտ մեղադրանքներ, որ Հայաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցելու Եվրամիության պատժամիջոցները, ինչի վկայությունն է ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր ԵՄ երկրներից Հայաստան ապրանքների արտահանման կտրուկ աճը։

Չնայած, անգամ այդպիսի աճերի պարագայում, արտաքին առևտուրը դադարել է նախկին ազդեցությունը թողնել՝ տնտեսական աճի, ինչպես և՝ բյուջեի եկամուտների վրա։

Հայտնի է, որ բյուջեի եկամուտների աճերը նաև արտահանում-ներմուծումների արդյունք էր։ Որոշ տնտեսավարողների մոտ, որոնք ներգրավված էին այս շղթայում, դա արտահայտվեց վճարած հարկերի եռակի-քառակի, երբեմն՝ տասնապատիկ ավելացումների տեսքով։ Բայց դրանք ևս գնալով թուլանում են։ Թուլանում են նաև բյուջեի եկամուտների աճերը։

Դրանք դեռ շարունակում են ավելանալ, բայց կորցրել են նախկին տեմպերը։ Վերջին ամիսներին հարկերի հավաքագրման աճը երբեմն 5-6 տոկոսի սահմաններում է։

Դրա հետևանքով ռիսկեր են առաջացրել՝ անգամ այս տարվա բյուջեի եկամուտների կատարման հետ կապված։

Էլ չենք խոսում հաջորդ տարվա բյուջեի մասին, որի կատարման ռիսկերը շատ ավելի մեծ են։ Դա է պատճառը, որ այս գլխից կառավարությունը բավական մեծ պահուստային ֆոնդ է նախատեսել՝ չստացվող եկամուտների պայմաններում բյուջեի ճեղքվածքը փակելու համար։

Թեև դեռ մեծ հարց է, թե ո՞ւր կարող է հասնել այդ ճեղքը և ինչքանո՞վ կարող են պահուստային միջոցները բավարարել այդ բացը լրացնելու համար։

Զարմանալի չէ, որ ոտուձեռ ընկած՝ բոլոր հնարավոր տեղերից բյուջե լցնելու փորձեր են անում։ Այնտեղ են հասել, որ անգամ մաքսատան ավտոկայանատեղիի վարձերն են եռակի բարձրացնում, ավտոմեքենաների ներմուծման հարկային բեռն են ավելացնում, ժամանակավոր ներմուծման ռեժիմն են փոխում, տաքսիներն են հարկերի տակ դնում, ամենուրեք տույժերն ու տուգանքներն են ավելացնում։

Այդքանից հետո էլ չեն դադարում թվեր նկարել բյուջեում։ Որոշել են անգամ հիփոթեքի գծով վերադարձվող եկամտային հարկի գումարները ներառել հաջորդ տարվա բյուջեի եկամուտներում ու ծախսեր ցույց տալ, ինչ է թե՝ բյուջեն ավելի մեծ երևա։ Չնայած դրանից հասարակությանը, ինչպես ասում են՝ ո՛չ տաք է, և ո՛չ էլ սառը, ընդամենը բյուջեի մուտքերի ու ծախսերի թվերն են աճելու՝ առանց որևէ արդյունքի։

Թվանկարչության իրենց սովորությունից չեն ուզում հրաժարվել։ Դրա շնորհիվ համաշխարհային աճեր են ցույց տալիս, իսկ արդյունքը հասարակության մեծ մասը չի տեսնում։

Նվազում են նաև դրսից եկող կապիտալի հոսքերը, որոնք ևս վերջին տարիներին դարձել էին լուրջ աղբյուր բյուջեի եկամուտների համար։ Դրանք մեծ շահույթներ էին ապահովում բանկերի համար՝ դառնալով բյուջե վճարվող շահութահարկի գումարների շեշտակի ավելացման հիմքը։

Այս ամենն արդեն հասցրել է մեծապես թուլացնել Հայաստանի տնտեսության աճի, նաև այդ գործոններով պայմանավորված՝ բյուջեի եկամուտների ստացման հիմքերը։ Այդ հիմքերը կթուլանան նաև հաջորդ տարվա ընթացքում՝ մեծացնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրանց հետևանքով՝ լինի տնտեսության մեջ, ֆինանսական համակարգերում թե սոցիալական հատվածում։ Սրանք բոլորը փոխկապակցված են, ու մեկի պարագայում՝ ազդեցությունները կրելու են բոլորը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս