ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ ԿԳՄՍ նախարարությունը ինտենսիվ աշխատում է: Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը»,- նշեց նա։
Անդրեասյանի խոսքով՝ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա:
«Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք փոխանցում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը: