«Արևմտյան ադրբեջանցիները» պետք է «վերադառնան» Հայաստան․ Ադրբեջանի Մեջլիսը հայտարարություն ընդունեց

Ադրբեջանի Մեջլիսն այսօր հայտարարություն է ընդունել «արևմտյան ադրբեջանցիների», այսպես կոչված, «իրենց պատմական հայրենիք վերադարձի» վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս հարցը քննարկման է դրվել խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի 23 պատգամավորների պատրաստած հայտարարության տեքստն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի վարչության նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանցիներն իբրև թե դարեր շարունակ ապրել են ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։

Հայտարարության մեջ ներկայացվել են նույնիսկ կեղծ պատմական փաստաթղթեր ու քարտեզներ, որոնք իբրև թե վկայում են, որ ՀՀ-ում բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել, իսկ տեղանուններն իբրև թե ադրբեջանական են։ Հայտարարության հեղինակների կարծիքով, ներկայիս Հայաստանի տարածք արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու իրավունքի ճանաչումն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործիք կարող է դառնալ։

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում նկատի ունեն ՀՀ տարածքը: Եվ փաստորեն արդեն խորհրդարանի մակարդակով հիմք է նախապատրաստվում Հայաստանին տարածքային պահանջ ներկայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս