Կառավարությունն իր «բարեկեցությունը» կառուցում է հասարակության մնացած շերտից պարտք շորթելով. Ատոմ Մարգարյան
Ընթացիկ տարվա համար ակնկալվում է 8.3-8.5 տոկոս տնտեսական աճ, նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալն աճել է 17.5 տոկոսով. Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
168.am-ի հետ զրույցում տնտեսական աճերի մասին իշխանական տարբեր խոսափողների կողմից հնչող հայտարարություններին ի պատասխան՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հարկ համարեց հիշեցնել. «Աճը բարեկեցության և բարձր կենսամակարդակի հասնելու միջոց է՝ նպատակ չէ: Չի՛ կարելի ֆետիշացնել միջոցը»:
Ավելին՝ տնտեսագետը պարզաբանեց, որ արձանագրվող աճերն աղքատացնող տնտեսական աճեր են, քանի որ հասարակությունը, երկիրը, միջին և երկար ժամկետում, դրա հետևանքով հայտնվում է աղքատության արատավոր շրջանակի մեջ՝ միջին եկամտի թակարդի մեջ:
Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Վահան Քերոբյանն իշխանություններին խորհուրդ տվեց խոսել ոչ թե աճերի մասին, այլ ներառական աճի, և առավել՝ ներառական զարգացման մասին:
«Այսինքն՝ այն մասին, թե այդ աճն ինչպես է բաշխվում ներկա և ապագա սերունդների վրա: Մենք կարող ենք այսօր քանդել, ավերել բնությունը, և այդպես էլ արվում է. մեր հանքարդյունաբերությունն աճի հիմնական դրայվերներից է, բայց այնքան ենք հատել կարմիր գծերը, որ ՀՀ-ն` 10 հազար բնակչի հաշվով, քաղցկեղի դեպքերի քանակով աշխարհում «չեմպիոնների» մեջ է»,- նշեց Ատոմ Մարգարյանը՝ ցավով արձանագրելով, որ առկա իրավիճակն այս տնտեսական աճի հետևանքներից է:
Անդրադառնալով ներդրումներին՝ տնտեսագետը թեև նկատեց, որ դրանք արվել ու արվում են, սակայն շեշտեց. «Արվում են հիմնականում ենթակառուցվածքների ոլորտում՝ էլեկտրականություն, գազ, ջուր և այլն, բայց ո՞ւմ հաշվին. մեր հաշվին՝ սակագների հաշվին, ընդ որում՝ ուռճացված սակագների հաշվին»:
Ըստ նրա՝ տնտեսական աճը, ըստ էության, ձեռք է բերվում դեֆորմացված գնային համակարգերի, արհեստականորեն ուռճացված ծախսերի, շահույթների վրա:
«Գների մեխանիզմում այդ ամենը դրված է, բայց ոչ մեկին ձեռք չի տալիս խախտել այդ գնային «ստատուս-քվոն»: Կառավարությանը ձեռք չի տալիս, որովհետև եթե իրական հաշվարկներ արվեն, հարկերը կնվազեն, բիզնեսին նույնպես ձեռք չի տալիս, և տուժում է բնակչությունը, հասարակությունը:
(Չնայած այդ հասարակության մի մասը մի դեպքում՝ գնորդ է, մի դեպքում՝ վաճառող, և սա է մեր ողբերգությունը: Մենք տասնամյակներ շարունակ մտել ենք փակ շղթայի մեջ, որը տնտեսությունը, ի վերջո, դարձնում է քաղաքական շահերի ու նախապատվությունների խամաճիկ):
Այդ բարձր տնտեսական աճի մյուս շարժիչը պարտքն է. դու կարող ես ծախսել պարտքով, եթե եկամուտներ չես ստեղծում: Կառավարությունները, եթե չեն կարողանում հարկերը քերելով բյուջեն ձևավորել, ձեռքը մեկնում են դուրս կամ ներս: Եթե նայենք վերջին 5 տարիների իրողությունները, ուղղակի աննախադեպ իրավիճակ է ստեղծվել պետական պարտքի ներքին բաղադրիչի մասով. այսօր մոտ 40 տոկոսի է հասնում ներքին պարտքը, ինչը նշանակում է, որ կառավարությունն իր ծախսերը՝ «բարեկեցությունը», կառուցում է հասարակության մնացած շերտից պարտք շորթելով: Պետական գանձապետական պարտատոմսերի շուկան աննախադեպ թափանվով պտտվում է, և, այո, բյուջեի դեֆիցիտն այդ ձևով ֆինանսավորվում է: Բայց վաղը ի՞նչ է լինելու. այդ աճի գինը սուվերեն դեֆոլտի չափազանց բարձր ռիսկերն են»,- ամփոփեց Ատոմ Մարգարյանը: