Շուստրիությունն էլ չափ ունի. մտածում են՝ ռուսները չեն հասկանո՞ւմ. չարաչար սխալվում են. Արման Աբովյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մեկ ամսով զրկել է «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդումները վերահեռարձակող «Տոսպա» ռադիոկայանին եթերից, իսկ մեկ այլ որոշմամբ՝ հանձնաժողովը ռադիոկայանին տուգանել է 500 հազար դրամով։

Առաջին որոշումն ընդունվել է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի առնչությամբ, որտեղ հեղինակն իրենց բնորոշմամբ՝ «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ է արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի»։

Երկրորդ որոշումը վերաբերում է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հաղորդմանը, որտեղ իբր «հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում»։

Նշենք, որ Արման Աբովյանը վերը նշված հաղորդման ժամանակ ասել է. «Եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք, հանգիստ ապրենք, Գեղարքունիքը տանք, հանգիստ ապրենք․․․»։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Աբովյան Time» հաղորդման հեղինակ, վերլուծաբան Արման Աբովյանը, խոսելով ՀՌՀ կայացրած որոշման մասին, նշեց՝ իր հաղորդումներում վերլուծում է իշխանության կատարած քայլերը, և հենց դրանք են հանդիսանում խուճապի առարկա։

«Յուրաքանչյուր խոսք, որն իրենց քաղաքականությանը դեմ է, այս իշխանությունը ցավոտ է ընդունում։ Կարծում եմ՝ իրենք ինքնուրույն չեն նման որոշում կայացրել։ Ակնհայտ է, որ խոշոր աշխարհաքաղաքական կոնֆլիկտների դեպքում կա քայլերի հստակ համակարգ՝ նպատակին հասնելու, այս դեպքում, Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Ըստ այդ քայլերի համակարգի՝ առաջինը պետք է անել այնպես, որ հակահայկականությունը քողարկվի հակառուսականությամբ և հակաիրանականությամբ, հաջորդ քայլով՝ աղանդավորության աստիճանի պետք է հասցնել ամեն բան, որ մարդիկ ի վիճակի չլինեն վերլուծել, և երրորդ քայլերով՝ պետք է մարդկանց կտրել տեղեկատվական հոսքերից»,- ասաց Աբովյանը։

Աբովյանի փոխանցմամբ՝ իշխանության կայացրած այս որոշումը տրամաբանական է այն քաղաքական տեսլականի համատեքստում, որն ունի Հայաստանի իշխանությունը, ինչի իրագործման պարագայում անխուսափելի է լինելու հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը։

«Շուստրիությունն էլ ունի սահման, եթե իրենց թվում է, թե ռուսներն ու իրանցիները չեն հասկանում՝ ինչ է կատարվում, չարաչար սխալվում են»,- ասաց Աբովյանը՝ շարունակելով, որ իր հեղինակային հաղորդման ռադիոեթերը մեկ ամսով արգելափակելն իրականում տվել է հակառակ էֆեկտը։

«Շնորհակալություն եմ հայտնում այդ որոշումը կայացնողին։ Իր այս քայլով ռուսական հարթակների դիտողականությունը 30 անգամ ավելացել է»,- ասաց Աբովյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս