«Լեռնային Ղարաբաղը Հայաստանի նկատմամբ ունի 315 մլրդ դրամի պարտավորություններ». Վահե Հովհաննիսյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Ըստ Ֆինանսների նախարարի, Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը, ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո պահպանել է ներկայացվածությունը ԼՂ-ում՝ նպաստելով տնտեսության բնականոն գործունեությանը։
«Դրան նպաստել են ԼՂ կառավարությանը՝ ՀՀ կառավարության աջակցությունը և Կենտրոնական բանկի կարգավորումները։ Մասնավորապես՝ 2020 թվականից կառավարության կողմից ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց մի մասը ձևավորվել էր նաև պատերազմի հետևանքով։ ԼՂ-ի կառավարության և նրա հիմնադրամների կողմից ուղարկված պարտատոմսերը ԿԲ կարգավորումներում մշտապես հավասարեցված են եղել պետական պարտատոմսերին, դրանց ծավալը կազմել է շուրջ 273 մլրդ դրամ։
Արտաքին աուդիտ իրականացնող ընկերությունները դիտարկել են ԼՂ կառավարության կողմից թողարկված պարտատոմսերը ՀՀ կառավարության կողմից թողարկած պարտատոմսերի միևնույն մոտեցումներով։ ԼՂ կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների ԼՂ ֆիզիկական և իրավաբանական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը` ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակով, անհնար է դարձել»,- շեշտեց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, սա մի շարք ռիսկեր է առաջացնում, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ և ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների և բանկային վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների վատթարացման արդյունքում՝ վարկավորման տեմպերի անկում, հետևաբար՝ տնտեսական ակտիվության նվազում։
«ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված ծանր սոցիալական պայմաններում։ Նախագծով նախատեսվում է շուրջ 315 միլիարդ դրամ պարտավորությունների չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70 և 30 համամասնությամբ։ Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70 տոկոսի չափի մասով Կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորության նկատմամբ պահանջի իրավունքը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը թույլատրել թողարկել գանձապետական պարտատոմսեր առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով։ Արդյունքում՝ նախատեսվում է էականորեն մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը։