Սերբիայում բողոքների պատճառով կրկնական քվեարկություն տեղի կունենա 28 ընտրատեղամասերում
Սերբիայի խորհրդարանի պատգամավորների ընտրությունների կրկնական քվեարկություն տեղի կունենա 28 ընտրատեղամասերում՝ ստացված գանգատների և ընտրական ընթացակարգի անցկացման վերաբերյալ դիտողությունների պատճառով։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) նախագահ Վլադիմիր Դիմիտրիևիչը։
ՀԸՀ-ի որոշման համապատասխան՝ քվեարկելու իրավունք կունենա 12 240 քաղաքացի, որոնք գրանցված են այն վայրերում, որտեղ քվեարկության արդյունքները չեն հաստատվել։ Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին։
«Ալեքսանդր Վուչիչ-Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիան շարունակում է 46,7 %-ով լինել առաջատարը Սերբիայի խորհրդարանական ընտրություններում՝ քվեաթերթիկների 99,66 %-ը մշակելուց հետո։ ՀԸՀ-ի տվյալների համաձայն՝ 8 273 ընտրատեղամասերից 8 245-ի քվեաթերթիկները մշակելուց հետո կոալիցիան ստանում է 1 780 229 ձայն։ Հաջորդն ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքն է՝ 23,69 % արդյունքով։ Երրորդ տեղն զբաղեցնում է «Իվիցա Դաչիչ-Սերբիայի վարչապետ» կոալիցիան՝ 6,55 % արդյունքով։
Ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակիցները, որոնք դեկտեմբերի 18-ի երեկոյան մեծաթիվ հանրահավաք են անցկացրել Բելգրադի կենտրոնում՝ Հանրապետական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, դեկտեմբերի 19-ին կրկնել են բողոքի ակցիան նույն վայրում և մտադիր են շարունակել բողոքը` մինչև ընտրությունների արդյունքների չեղարկումը մունիցիպալ մակարդակով։