«Արցախցիներին փորձում են քաղաքականապես «գլխատել» ու ցրել». արցախցիներն ահազանգում են
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, թե «ապշեցրել են» աշխարհին՝ Արցախից բռնի տեղահանված արցախցիներին ընդունելու ու աջակցելու գործողություններով, արդեն 4 ամիս անց բախվում են հակառակ պատերին:
ՀՀ ներկա իշխանություններն իսկապես ապշեցնում են, բայց ո՛չ թե աջակցելու, այլ արցախցիների համար ամեն օր նոր խնդիրներ ստեղծելու կարողությամբ:
Արցախի Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղից բռնի տեղահանված Անահիտ Երիցյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ տեղափոխվելուց հետո 4 ամիս ապրել են առանց միակ եկամտի աղբյուրի՝ թոշակի: Հույս էլ չունեն, որ կարող են ստանալ:
«Մենք թոշակառու ամուսիններ ենք: Գնացել էինք, որպեսզի հաշվառում անցնեինք թոշակների համար՝ ասացին, որ պետք է ՀՀ քաղաքացիություն ունենանք, քանի որ մենք առաջին անգամ անձնագիր ստացել ենք Հայաստանի Հանրապետությունում: Բայց հաշվի էլ չեն առնում, որ ես արդեն 30 տարուց ավելի է՝ Արցախում եմ եղել: Չնայած ծնունդով Արցախից ենք եղել, բայց ավելի ուշ էստեղից նորից գնացել ենք՝ որպես վերաբնակիչ: Արցախում եղած ժամանակ երկու անգամ էլ անձնագրի ժամկետը լրանալուց հետո փոխել ենք անձնագիրը. «070» կոդը մեջը գրված է: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ սկզբունքով են այստեղ աշխատում ու մոտենում մարդկանց: Արցախյան ընտրություններին մասնակցել ենք, հանձնաժողովներում եղել ենք: Ասում են՝ կապ չունի, Դուք համարվում եք ՀՀ քաղաքացի: Հիմա, ասենք, լավ, ՀՀ քաղաքացի ենք: Ասենք, թե իրենց պահանջով անձնագրերը փոխենք: Եթե ՀՀ քաղաքացի եմ, ինչո՞ւ պետք է փոխեմ անձնագիրս»,- արդարացի հարցադրում հնչեցրեց մեր զրուցակիցը:
«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հկ նախագահ Արեգա Հովսեփյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քաղաքացին ՀՀ քաղաքացի է, և այդ փաստը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել: Նա միևնույն ժամանակ համոզմունք հայտնեց, որ ՀՀ քաղաքացիության համար դիմելու, մնալու կամ չմնալու դեպքում արցախցիները չեն զրկվելու իրենց համար նախատեսված աջակցության որևէ ծրագրից:
«Եթե ես ՀՀ քաղաքացի եմ, էլ ինչո՞ւ ես ինձ անիմաստ դրդում ինչ-որ անհասկանալի գործընթացների՝ ստիպելով, որ գնամ ու նորից «քաղաքացիություն ձեռք բերեմ»: Ես բառացիորեն ցիտում եմ անձնագրայինում ինձ տրված պատասխանը: Աշխատակիցը նայեց համակարգչով՝ ասում է. «Այո՛, Դուք ՀՀ քաղաքացի եք, փաստորեն պետք է գնաք քաղաքացիության»:
Ապշելու բան չէ՞ սա: Հարցնում եմ՝ գոնե ինքներդ լսո՞ւմ եք՝ ինչ եք ասում: Ինքն էլ ինձ է ապշած նայում, ասում է՝ «հա, հասկանում եմ… դե, մենք հրահանգ կատարող ենք»»:
Անգամ իրենց ծրագրերում նշված է, որ օժանդակության այդ ծրագրերը նախատեսված են Արցախից բռնի տեղահանվածների համար, ոչ թե փախստականների կամ այլ կարգավիճակ ունեցողների: Ես չգիտեմ, թե ներկա իշխանություններն ինչ են խաբելու մարդկանց, բայց ներկա դրությամբ Արցախից բռնի տեղահանված համարվում է սեպտեմբերի 19-ից հետո Արցախը լքած անձը: Այսինքն, այն մարդը, որը գրանցվել է Գորիսում, իրենց թաղապետարաններում ու համայնքապետարաններում: Ավելի պարզ ասած՝ 100.000 դրամներ ստացածները պետք է օգտվեն բոլոր սոցիալական ծրագրերից՝ առանց բացառության, ու անկախ նրանից՝ նրանք կդիմեն քաղաքացիության համար, կմնան փախստական, թե ինչ կլինի»,- ասաց իրավապաշտպանը:
Հովսեփյանի խոսքով՝ անցած 30 տարում արցախցիներն օգտվել են ՀՀ քաղաքացուն վերապահված բոլոր իրավունքներից ու պարտավորություններից, նաև մասնակցել են ՀՀ համապետական ընտրություններին:
«Անձամբ ես «070» կոդով եկել ու 2021 թվականին մասնակցել եմ համապետական ընտրություններին: Իսկ արդյո՞ք հնարավոր է, որ «070» կոդով «ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին» կարողանար մասնակցել այդ գործընթացին, դա օրենքի կոպիտ խախտում կլիներ, չէ՞: Էլ չեմ ասում, որ կոնկրետ ես պետական աշխատանքի եմ անցել՝ գաղտնիության հասանելիությամբ և այլն՝ այդ նույն անձնագրով: Այդ դեպքում ինչպե՞ս է դա տեղի ունեցել, եթե «070» կոդով անձնագրեր ունեցողները ՀՀ քաղաքացիներ չէին»,- հարցադրում հնչեցրեց Արեգա Հովսեփյանը:
Անդրադառնալով հարցին, թե իրենց դեպքում ի՞նչ գործընթաց է իրականացվելու անձնագրային բաժանմունքում՝ Հովսեփյանը հայտնեց, որ անձնագրայինում իրենք խնդրել են փոխել արցախյան վերջին իրադարձություններից հետո ՀՀ եկած իր մայրիկի միայն հաշվառումը, և ո՛չ կարգավիճակը:
«Մեզ այնտեղ դիմում են տվել, մի շաբլոն է, որ բոլորին տալիս են: Գրված է՝ «ես չեմ համարվում որևէ պետության քաղաքացի, խնդրում եմ՝ ինձ տալ փախստականի վկայական»: Մենք այդ դիմումի տակ, մեծ վիճաբանությունից հետո, նշել ենք, որ հրաժարվում ենք փախստականի կարգավիճակից, որովհետև ես ՀՀ քաղաքացի եմ: Այդ անձնագրայինի պետն ասաց՝ «Ձեր իրավունքն է, ինչ ուզում եք՝ գրեք Ձեր դիմումի մեջ»: Երկու շաբաթից կանչեց: Պատասխանն էլ այսօր եկել է՝ մեկ նախադասությամբ, որ «Դուք ՀՀ քաղաքացի չեք: Գնացեք՝ դիմեք քաղաքացիության համար»: Իհարկե, այստեղ արդեն անիմաստ էր վիճել իրենց հետ: Պատասխան տվողը, իհարկե, իրենք չեն, Միգրացիոն ծառայությունն է»,- ասաց Արեգա Հովսեփյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ գործընթաց չի մեկնարկել իրենց հաշվառումը փոխելու վերաբերյալ պահանջի առումով:
«Մեզ ասացին՝ գնացեք, կզանգենք՝ նոր կմոտենաք: Բայց մենք մի շաբաթ կսպասենք, դրանց հետո կգնանք, որպեսզի հասկանանք՝ հաշվառումը տեղի՞ է ունեցել, թե՞ չէ: Որովհետև ես իրենց հարցրի՝ ամեն դեպքում քաղաքացիության դիմելու համար փախստականի վկայական պե՞տք է, թե՞ չէ՝ իրենք ասացին, որ անկախ դրանից, եթե անձնագրում առկա է «070» կոդն արդեն իսկ կառավարության որոշմամբ, հավաստում է, որ Դուք փախստական եք: Այսինքն, եթե հիմա անգամ գնանք քաղաքացիության համար դիմելու՝ պետք է նորից գնանք անձնագրային՝ հաշվառվելու»,- հայտնեց Հովսեփյանը:
Այս պարագայում որևէ խոսք չի գնում նաև Արցախում մեր հայրենակիցների կորցրած գույքի մասին: Արցախցի Անահիտ Երիցյանի խոսքով՝ իրենց ընտանիքն Արցախում սեփական տուն, հողամասեր ու վարելահողեր է ունեցել: Նաև վարկ էին վերցրել ու ջերմոց տեղադրել: Հիմա այդ ամենը թողել ու դատարկաձեռն դուրս են եկել Արցախից:
«Այսպիսի մի բան էլ կա: Փոքր աղջիկս Արցախում է անձնագրերը ստացել: Հիմա իրեն էլ են ասում, որ այստեղի քաղաքացի է՝ հողի իրավունքով: Դե, եթե հողի իրավունքով այստեղի քաղաքացի է, թող մեկ այլ հնարավորությունից օգտվի: Ասում են, որ որպես վերաբնակիչ Արցախ գնացած ՀՀ քաղաքացիներին գումար են տալիս, որ այստեղ տուն գնեն: Դե, որ էդպես է, թող գումարը տան: Թող իրեն էլ հաշվառեն: Ամուսնացած, առանձին ընտանիք է, ապահովեն բնակարանի գումարով»,- ասաց Անահիտ Երիցյանը:
Մեր զրուցակիցը նույնպես այս պահին անելանելի իրավիճակում է հայտնվել: Անձնագրայինում իրենց նույնպես հստակ պատասխան տալ չեն կարողացել թե՛ անձնագրերի, թե՛ թոշակների մասով:
«Ասում են՝ մենք էլ չենք ուզում, որ Դուք այդ ծրագրերից կտրվեք, զրկվեք, բայց այդ մասով օրենքը որևէ կարգավորում չի նախատեսում: Խորհուրդ տվեցին դիմել փաստաբանի: Դիմել ենք փաստաբանի՝ ասաց, որ դրա համար օրենք չկա մշակված՝ գնացեք սոցապբաժին: Գնացել ենք մեր մոտի միգրացիոն բաժինը: Էդ մարդիկ էլ զանգել ու դիմել են վարչություն: Նրանք էլ ասել են՝ մենք էլ չգիտենք՝ ինչ անել, թող սպասի»,- պատմեց տիկին Անահիտը:
Ամուսինների թոշակները միասին ամսական կազմում է 108.000 դրամ: Անահիտ Երիցյանը հայտնեց, որ դեռևս սեպտեմբերից սկսած՝ իրենք այդ գումարը չեն ստացել: 2020 թվականին, սակայն, նրա խոսքով, այսպիսի որևէ խնդրի չեն բախվել: Նա զարմանք հայտնեց, այդ ինչպե՞ս եղավ, որ այս 3 տարում այնքան փոփոխություններ եղան օրենքներում:
Իրավապաշտպան Արեգա Հովսեփյանի գնահատմամբ՝ ներկա իշխանությունների կողմից այս գործընթացները երկու հիմնական նպատակ ունեն՝ պառակտել բոլոր հայերին ու քայլեր իրականացնել իրենց չսատարող արցախցիների՝ երկրից հեռանալու ուղղությամբ:
«Իրենք նպատակ ունեն՝ արցախցիներին, որպես միավոր, պառակտել, ցրել: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ փախստականի կարգավիճակը շատ ավելի ցածր է, քան քաղաքացունը: Նա չի կարող մասնակցել երկրում տեղի ունեցող կարևոր գործընթացներին: Քաղաքացին պահանջատեր է, նրա իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ փախստականը կախյալ է, ինչ ուզեն՝ կանեն, կուզեն՝ գումարը կտան, կուզեն՝ չեն տա: Հենց այդպես էլ փորձում են վարվել: Ու երկրորդ կարևորագույն հանգամանքն այն է, որ փախստականը երբեք չի կարող մասնակցել ընտրություններին: Իսկ այժմ արդեն իսկ քննարկումներ են ընթանում առաջիկա ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Այսպիսով, ստացվում է, որ փորձում են արցախցիներին քաղաքականապես «գլխատել»»,- ցավով արձանագրեց նա՝ հավելելով, որ ներկա իշխանություններին ձեռնտու չէ, որ «հակաիշխանական զանգվածը մնա Հայաստանում»:
Իսկ առկա իրավիճակի հանգուցալուծումն Արեգա Հովսեփյանը տեսնում է շատ պարզ՝ իշխանափոխությամբ, իսկ դրան, ըստ նրա, հնարավոր է հասնել միասնական ու անհատական պայքարով:
«Մենք արդեն իսկ հայց ունենք ներկայացված արցախցի բնակչի գործով: Նա «070» կոդով անձնագրով է, ու իրեն հրաժարվել են ընդունել աշխատանքի ՀՀ ՆԳՆ-ում՝ պատճառաբանելով, թե նա ՀՀ քաղաքացի չէ: Մտել ենք դատարան, փորձելու ենք գոնե այդպիսի գործունեությամբ առկա անհաշվելի խնդիրների մասին անընդհատ բարձրաձայնել՝ հանրային կարծիք ձևավորելով ներկա իշխանությունների քայլերի վերաբերյալ»,- ասաց «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» իրավապաշտպան հկ նախագահ Արեգա Հովսեփյանը:
Խնդիրները, սակայն, այսքանով չեն ավարտվում մեր երկրում:
Պարզվում է, որ արցախցիները կարող են զրկվել իրենց հասանելիք օգնությունից նաև այն դեպքում, եթե օրինական ամուսնության մեջ են գտնվում ՀՀ-ից անձնագիր ստացած քաղաքացու հետ: Արցախցի Մարինե Աղբալյանը 168.am-ին ահազանգեց, որ իրենց ընտանիքին 100.000 դրամը, 50.000 դրամն ու 40.000+10.000 դրամներից՝ միայն 10.000 դրամն է տրվել:
«Ես նախկինում այստեղի անձնագիր եմ ունեցել, հիմա էլ հայրական տանը համասեփականատեր եմ, բայց ամուսնուս էլ են հետս զրկել այդ աջակցությունից: Չնայած ինքը հենց Արցախից է ու այնտեղի անձնագիր ունի: Ամուսինս առաջին խմբի հաշմանդամ է, զինվորական է, պատերազմի մասնակից: Որպես աջակցությունից զրկելու պատճառաբանություն՝ ներկայացվում է, որ մենք ԶԱԳՍ-ով ամուսնացած ենք: Լավ, իմ մասով հասկացանք, չեն տալիս, թող չտան, բայց ամուսնո՞ւս ինչու չեն տալիս: Դա ոչ մի ձևով չեմ կարողանում հասկանալ»,- վրդովմունք հայտնեց Մարինե Աղբալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 7000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը:
Նազելի Ստեփանյան