«Նշանակում է` դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք». Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

2020-ի նոյեմբերին և դեկտեմբերին ՌԴ նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ես այդ հայտարարությունների մասին, որ ՌԴ -ն այդպիսի հայտարարություն է պատրաստվում անել, իմացել եմ մամուլից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը, թե այդ Հայաստանն է, որ հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից՝ ասելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է:

«Եվ այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հաջորդը, 2021 թվականին տեղի են ունեցել Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, մենք բնականաբար այդ հարցով դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Ռուսաստանի Դաշնությանը, ընդ որում, և ՀԱՊԿ-ի հետ առանձին, և Ռուսաստանի հետ ունենք այլ իրավապայմանագրային բազա: Տեղի է ունեցել զրո արձագանք:

Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ: Դրանից հետո, կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի ԱԳ նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն ասենք այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։

Մենք հասկանում ենք չէ՞ դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։

Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց։ Էլի զրո արձագանք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից, որից հետո 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիր ստորագրվեց, որն ասում էր հետևյալը. Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները բարձրացվում են ստրատեգիական մակարդակի` միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա։

Ընդ որում, կողմերը պարտավորվում են չկատարել այնպիսի գործողություններ, որոնք մյուս կողմի մեկնաբանությամբ հակասում են իրենց ազգային շահերին։ Դրանից հետո տեղի են ունենում Փառուխի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Զրո արձագանք ռուս խաղաղապահների կողմից։ Որից հետո` 2022 թվականին, իմիջիայլոց, հետեւյալն է տեղի ունենում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևն է գալիս տարածաշրջան` առաջարկներով։

Եվ այդ առաջարկների մեջ հետևյալն է` եկեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգենք։ Մենք ասում ենք` համաձայն ենք։ Խովաևը մեզ է հանձնում այդ փաստաթուղթն օգոստոսին և գնում Բաքվում է հանձնում այդ փաստաթուղթը։

Հաջորդ անգամ Խովաևը գալիս է տարածաշրջան 2022 թվականի սեպտեմբերի 11-ին, կամ 12-ին: Սկզբից գնում է Բաքու: Ի հեճուկս այս նախընթաց իրադարձությունների՝ եթե այսպիսի առաջարկություն է բերվում՝ մենք համաձայն ենք այս առաջարկությանը: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկությունը:

Սա ոչ պաշտոնապես, և պաշտոնապես պատասխան ստանալու համար Խովաևը տարածաշրջան է գալիս 2022 թվականի սեպտեմբերի 11-ին, թե 12-ին: Սկզբից Բաքու է գնում և հետո գալիս է Երևան: Այսինքն, երբ Խովաևը ժամանում է Հայաստանի Հանրապետություն` տեղի է ունենում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Նորից զրո արձագանք Ռուսաստանի կողմից` ի հեճուկս մեր պաշտոնական դիմումների, և զրո արձագանք ՀԱՊԿ-ի կողմից:

Եվ 2022թ. հոկտեմբերի 6-ին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ խաղաղության գնալու մեր պատրաստակամությունը: Եվ արձանագրում ենք այն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչ արձանագրել է Ռուսաստանն իր և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վերահաստատում է տեղի ունեցել: Եվ դա միակ միջոցն էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերահաստատելու:

Պատճառահետևանքային կապերը ես կարողացա՞ նկարագրել: Այսինքն, ըստ էության, ի՞նչն էր ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմը, իրենք ասում են՝ մենք գանք, դիտորդներ լինեն: Ասում ենք՝ դիտորդներ գան, ի՞նչ անեն: Պատասխանը չկա:

Եվ երկրորդը՝ մենք ասում ենք ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ֆիքսեք: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, չէ՞, Հայաստանի Հանրապետությունը նշանակում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, ֆիքսեք, ո՞րն է այդ պատասխանատվության գոտին, որովհետև մենք ունենք իրավիճակ, երբ այդ պատասխանատվության գոտին խախտվել է, ընդ որում՝ այս ընկալումը մենք չենք առաջարկել: Մեր պայմանավորվածությունների հիմքում եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համար:

Մենք ասում ենք՝ կարմիր գիծը խախտվել է, իրենք ասում են՝ ոչ, ոնց որ թե կարմիր գիծը չի խախտվել: Ասում ենք՝ շատ լավ, այս թուղթը, այս գրիչը` գծեք ձեր ասած կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Ընդ որում՝ ասում ենք մեր մեկնաբանության հետ եթե համաձայն չեք, խնդիր չկա, դուք ձեր ձեռքով գծեք այդ կարմիր գիծը, հասկանանք՝ այդ կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Իրենք ասում են՝ չենք կարող այդ կարմիր գիծը գծել: Նշանակում է` դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք, դուք Հայաստան գալիս եք ի՞նչ անեք»,- հայտարարեց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս