Արևմուտքը սաստում է Նիկոլ Փաշինյանին, որ Միխեիլ Սաակաշվիլու օրը չընկնի. Վիգեն Հակոբյան

Արևմուտքը Հայաստանում միայն իր քաղաքական հարցերն է լուծում, և կյանքը ցույց է տվել, որ Արևմուտքի հետ աշխատանքներում հայտարարություններից այն կողմ որևէ արդյունք գոյություն չունի ՀՀ-ի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Հայտարարությունները լինում են քաղաքական մակարդակի, դատապարտող, պոստ ֆակտում, մեկը էթնիկական զտումների մասին է խոսում է, հետո ՄԱԿ դելեգացիան գնում է,ասում է` նման բան չկա և այլն։ Այսինքն` Արևմուտքը զուտ քաղաքական և պրակտիկ հարցեր է փորձում լուծել, իսկ նրա պրակտիկ հարցը միայն այս տարածաշրջանը, մասնավորապես` Հայաստանը, Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից հանելն է»,- նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ վերոնշյալ նպատակին հասնելու համար առաջին փուլով Արցախը հայաթափվեց և այնտեղից ՌԴ ազդեցությունը փաստացի նվազեց։

Ըստ քաղաքագետի` իրողություններն էլ ապացուցում են, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հեշտ չի ընթանում, քանի որ այն հույսերը, որոնք փայփայվում են ՀՀ իշխանությունների կողմից Արևմուտքի հանդեպ, հենց Արևմուտքի կողմից էլ ոչնչացվում են։

«Արևմուտքը հասկացնում է, որ պետք չէ շատ սրել հարաբերությունները ՌԴ-ի հետ, որովհետև քո անվտանգային հարցերը մենք գետնի վրա չենք կարող լուծել։ Իրենք հիմա սաստում են Նիկոլ Փաշինյանին, որ Միխեիլ Սաակաշվիլու օրը չընկնի` անընդհատ ռուսներին բզբզել, հետո հարված ուտել ու վազել Արևմուտք, ասել` խփեցին։ Արևումտքն այդ շանսերը չունի սաստելու, դրա համար սաստում են, որ Փաշինյանը բալանսավորված քաղաքականություն վարի»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս