Որքանո՞վ են վտանգավոր ճարպագնդերը, ինչպե՞ս են բուժվում դրանք
«Լիպոման կամ ճարպագնդերը բարորակ բնույթի ճարպային նորագոյացություն է, սակայն առաջացման հավաստի պատճառներ չկան, միայն վարկածներ են, որոնցից են հորմոնալ դիսբալանսը, գերճարպակալումը, վահանաձև գեղձի և հարվահանաձև գեղձի հիվանդությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի ուռուցքաբան Համլետ Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ՝ բազմակի լիպոմաների առաջացման հիմքում գենետիկ նախատրամադրվածությունն է: Կան վարկածներ, որ լիպոմաներ կարող են առաջանալ հետվնասվածքային հատվածներում: Իսկ բազմակի լիպոմաներն ի հայտ են գալիս վաղ մանկական հասակից, մարմնի տարբեր հատվածներում նկատվում են տարբեր չափսերի բազմակի գոյացություններ, իսկ եզակի լիպոմաները հիմնականում առաջանում են միջին և բարձր տարիքում:
«Լիպոմաները հազվադեպ կարող են չարորականալ, հիմնականում կրում են բարորակ բնույթ, բնորոշ է դանդաղ աճը: Գանգատներ, որպես այդպիսին, չեն ունենում, միայն ենթամաշկի տակ առաջանալու դեպքում, չափսերից ելնելով, կարող են նկատել գոյացությունը: Եթե լիպոման խոռոչավոր օրգաններում է, կապված նյարդաօրգանային խրձի ճնշման հետ, կառաջանան սպեցիֆիկ գանգատներ: Մոտ 2-3 տոկոս դեպքերում մեծ չափի լիպոմաները կարող են փոխել իրենց բնույթը, չարորականալ՝ դառնալով լիպոսարկոմա:
10 և ավելի սմ լիպոմաները, անկախ տեղակայումից, արդեն իսկ չարորակացման մեծ վտանգ են պարունակում: Լիպոմաները լինում են նաև սեփական պատյանով և առանց դրա: Առանց պատյանի լիպոմաները չարորակացման ավելի բարձր ռիսկ ունեն»,- մանրամասնեց Համլետ Մանուկյանը՝ ընդգծելով, որ լիպոմաներ երբեք չեն առաջանում ներբանային և ափային մակերեսներին, որովհետև ճարպային շերտը բացակայում է:
Մեր հարցին՝ արդյո՞ք ճարպագնդերի առաջացման հիմնական պատճառը ճարպային հյուսվածքում նյութափոխանակության խանգարումն է, ուռուցքաբանը պատասխանեց. «Հիմնական պատճառը չէ, բայց վարկածների մեջ կա: Քննարկվում է նաև սթրեսային գործոնը»:
Խոսելով բուժման եղանակների մասին՝ Համլետ Մանուկյանն ասաց, որ հիմնականում կատարվում է վիրահատություն, իսկ ոչ ավանդական մեթոդները կարող են հանգեցնել ուռուցքի աճին, չարորակացման ռիսկի բարձրացման:
Լիպոսակցիայի դեպքում հիվանդության կրկնվելու հավանականությունը մեծ է:
Հարցին՝ կա տեսակետ, որ մեծ ուռուցքների դեպքում դիմում են ուռուցքաբանի, իսկ փոքրերի դեպքում՝ մաշկաբանի կամ կոսմետոլոգի, որքանո՞վ է դա ճիշտ, ուռուցքաբանը պատասխանեց.
«Ճիշտն այն է, որ նեղ մասնագետները պետք է զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ: Ճիշտ է, որ լիպոման հեռացնի ուռուցքաբանը: Կոսմետոլոգիական կենտրոններում գոյացությունները հեռացնում են և չեն ուղարկում հյուսվածքաբանական քննության: Դա վտանգավոր է»:
Մանրամասները՝ տեսանյութում