Անվանվել են թույլ իմունիտետի նշանները
Քրոնիկական հոգնածությունը, հաճախակի մրսածությունը և տարբեր վարակները թուլացած իմունային համակարգի նշաններ են, ասում է Կենտրոնական Լանկաշիրի համալսարանի (Մեծ Բրիտանիա) կենսաբժշկության պրոֆեսոր Փիթեր Աբելը: Նրա կարծիքը, ինչպես նաև այլ փորձագետների խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
Ըստ Աբելի՝ կարելի է խոսել օրգանիզմի պաշտպանիչ ֆունկցիայի թուլացման մասին, եթե մարդը տարեկան երկուսից չորս անգամ տառապում է շնչառական կամ վիրուսային հիվանդություններով։ Նաև իմունիտետի հետ կապված խնդիրները առաջացնում են քրոնիկ մրսածության ախտանիշներ:
«Սրա հնարավոր պատճառներից մեկն այն է, որ մարմինը չի արտադրում բավականաչափ լիմֆոցիտներ, որոնք հակամարմիններ են արտադրում՝ վիրուսային վարակների դեմ պայքարելու համար»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Աբելը:
Իր հերթին սննդաբան Սյուզի Փերին ավելացրել է, որ երբ իմունային համակարգը թուլանում է, վիրուսային հիվանդություններին հաճախ ավելանում են բակտերիալ վարակները, որոնք կարող են ազդել լնդերի, միզուղիների, ստամոքս-աղիքային տրակտի և այլ օրգանների վրա։
Նա նշել է քրոնիկական հոգնածությունը և վատ ապաքինվող վնասվածքները՝ որպես այս խնդրի այլ ընդհանուր ախտանիշներ: