Սահմանազատման գործընթացը կտևի տարիներ, հանձնաժողովների աշխատաքային լեզուն կլինի անգլերեն կամ ռուսերեն. Մհեր Գրիգորյան

««Խաղաղության խաչմերուկ նախագծի ծրագրի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված և իրականացման փուլում են, ինչպիսին է, օրինակ, հյուսիս-հարավ ավտոճանապարհը»,- ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ «խաղաղության խաչմերուկը» որոշ իմաստով ու որոշ հատվածներով իրականացման փուլում է, մնացած մասերով լրացուցիչ ուսումնասիրության կարիք կա, որպեսզի վերջնական ծրագրի արժեք ունենան։

«Բայց կարող եմ ասել, որ հարավային Հորադիս-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը՝ մենք դեռևս մեկ տարի առաջ ստացել ենք կարծիք, և դա կազմում էր, եթե չեմ սխալվում, 230 մլն դոլարին համարժեք գումար՝ ամբողջովին վերականգնելու համար»,- հավելեց Մհեր Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար ստեղծված հանձնաժողովներին, փոխվարչապետը փոխանցեց, որ երեկ հաստատված աշխատակարգում  նկարագրված  է, թե ինչպես են երկու երկրների հանձնաժողովները համատեղ աշխատանքային հանդիպումներ ու նիստեր անցկացնելու։

Կարդացեք նաև

«Դուք գիտեք, որ մենք և ադրբեջանական կողմն ունենք սահմանազատման հանձնաժողով, և մեր աշխատանքների տրամաբանությունը հետևյալն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում, մենք ճիշտ համարեցինք, որպեսզի կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը։ Մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ինչպես ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում, վերջիվերջո՝անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է, և այլն»։

Հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս սահմանված ժամկետներ չկան։ Իսկ սահմանազատման գործընթացը, նաև այդուհետ սահմանագծման, կարծում եմ՝ բավականին երկար կտևի, որովհետև արդեն մի քանի անգամ ասել եմ, դա շատ բարդ գործընթաց է»,- շեշտեց Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա, հանձնաժողովի նախագահներով մի քանի անգամ տարբեր երկրներում արդեն հանդիպում ունեցել են՝ մեկ անգամ՝ Բրյուսելում, Մոսկվայում։

Հարցին՝ հստակեցում կա՞, թե որ քարտեզներով են աշխատելու, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ որպես մեկնարկային քարտեզ՝ բազմիցս հայտարարվել է  1975-1990 թվականների ամենաթարմ քարտեզների մասին։

«Այստեղ ուզում եմ ասածս հստակեցնել,  ուզում եմ կրկնել, որ մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ պրոֆեսիոնալ քարտեզներով և նաև մենք պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետը նաև կարճ նկարագրեց, թե ինչպես են պատկերացնում սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։

«Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից յուրաքանչյուրն իր կողմից ներկայացնում է քարտեզ,  կա՛մ քարտեզի ֆրագմենտ, կա՛մ հատված, իրավական փաստաթղթեր, որոնք իրավական նկարագրություն կամ կարգավորում  ունեն։ Հետո սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի կամ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ։ Բնականաբար, դա չի կարող արվել մեկ սահմանի հետ կապված, դա պետք է արվի հատված առ հատված»,- շեշտեց Մ. Գրիգորյանը։

Ի պատասխան հաջորդ հարցին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը դեր ունենալո՞ւ է, փոխվարչապետը չցանկացավ կապել այդ երկու հարցը միմյանց հետ, միևնույն ժամանակ ընդգծեց մեկ հանգամանք, որ, օրինակ, առնվազն մեթոդաբանությունը, կամ ինչպես են աշխատելու, բնականաբար, նմանատիպ հարցեր ինչ-որ ձևով կարտացոլվեն պայմանագրում։

«Կարծում եմ՝ քաղաքական առումով երկկողմ հայտարարությունները՝ դելիմիտացիայի հետագա աշխատանքների հետ կապված, արդեն այլևս հրապարակային են»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս