Հայաստանը պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրեց Երևանում ընթացող դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ բոլոր մոտեցումներն ամբողջացրել են հենց «խաղաղության խաչմերուկում»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս նախագիծը, ըստ էության, ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ։
«Հավանաբար արդեն տեղյակ եք, որ 30 տարի է՝ Հայաստանի սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ են։ Այսօր շատ են խոսում ու քննարկում՝ և՛ միջազգային հանրությունը, և՛ տարածաշրջանային երկրները՝ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու հնարավորությունների մասին։ Այս հեղինակավոր լսարանում կարևոր եմ համարում արձանագրել Հայաստանի պատրաստակամությունը՝ շատ գործուն քայլեր իրականացնել՝ մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ։
Հայաստանը պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ նախկինում գոյություն ունեցող երկու երկաթուղայինների միջև։ Առաջինը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը՝ կապում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այս պատրաստակամությունը մենք հայտնել ենք պաշտոնապես, այսօր նույնպես հայտնում ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, ավտոմոբիլային ճանապարհները կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ու հարավային ուղի, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել ու կապել այլ երկրները Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք առանցքով։
«Մենք նույն պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Թուրքիայի հետ երկաթուղին բացելու առումով և Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցող ճանապարհները վերակառուցելու ու վերաբացելու համար»,- շեշտեց Ն. Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ԱԱԾ-ում ստեղծվել է «առանձնահատուկ ստորաբաժանում», որի նպատակը տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է։