Հունվարի 1-ից հետո ի՞նչ է սպասվում գերեվարված Արցախին. Ստեփանակերտի լուռ վկան՝ Սարգիս Գալստյանը, ինչո՞ւ մնաց այնտեղ
Արցախի Հանրապետության խորհրդարանը կոչված է՝ ներկայացնելու արցախահայության շահերը։ Մեր վերջին հայտարարությունը գուցե մի քիչ ուշացած էր, բայց հստակ ընդգծեց, որ, այո, մենք մեր ժողովրդի իրավունքներին տեր ենք։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետություն ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նրա բնորոշմամբ, եթե Արցախի հարցը որևէ մեկի հետ պետք է քննարկվի, ապա դա արցախահայությունն է և Արցախի ԱԺ-ն, որն օժտված է արցախահայության մանդատով։
«Արցախահայությունն ինքնորոշվել է 1991 թվականին հանրաքվեով, մենք մեր ձայնը բարձրացրել ենք, մեր խնդիրն ինքնորոշման իրավունքը միջազգային հարթակներում ճանաչելի դարձնելն է։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, որ Արցախի հարցը լուծել է, ապա կար ժամանակ, երբ նույն Ադրբեջանն իր հանրությանն ասում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ելնելով իրավիճակից՝ այս կամ այն երկրի իշխանության տեսակետից կարելի է ասել, որ շատ ու շատ տարբեր ժամանակներում տարբեր մոտեցումներ են լինում։ Հետևաբար, մենք ուղղակի իրավունք չունենք ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն առաջ չտանենք»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Ըստ պատգամավորի, Արցախի ԱԺ փակ նիստ իրականացնելը չպետք է որևէ մեկի համար զարմանալի լինի, քանի որ այն բնականոն գործընթաց է, որը պարտավոր է կատարել Արցախի ԱԺ-ն։
«Տարբեր հանձնախմբեր ստեղծելը մեր լիազորությունների ու իրավասությունների մեջ է։ Այսօր հենց գործնական քայլերից մեկն էլ դա է լինելու, որ ստեղծվելու է հանձնախումբ, որպեսզի տարբեր հարթակներում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջ տանի։
Ոչ միայն ՀՀ իշխանությունը, այլև Ադրբեջանն է հայտարարում, որ չպետք է գործեն Արցախի պետական ինստիտուտները։ Եթե այսօր ՀՀ իշխանությունն ասում ու գործում է այնպես, ինչպես Ադրբեջանն է թելադրում, հենց սա՛ թելադրում է, որ նրանք նույն Ադրբեջանի քաղաքականությունն են վարում, չկա ազգային շահ։
Որևէ անձ, ուժ չի կարող ժողովրդի կողմից լիազորված անձանց աշխատանքները խոչընդոտել կամ այն համարել վտանգավոր։ Նրանք որևէ կերպ չեն կարողանում բացատրել, թե դա ինչ վտանգ է։ Հայաստանն ավելի շատ վտանգված է վերջին երեք տարիներին, և այդ վտանգները գալիս են նրանից, որ Արցախը չունի պաշտպանական գիծ, և մենք հայրենազրկվել ենք»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։
ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե՝ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը Հայաստանում սպառնում է ՀՀ անվտանգությանը, Դ. Գալստյանի որակմամբ՝ հերթական մանիպուլյացիան է, քանի որ դրանով փնտրում են նոր մեղավորների՝ իրենց կատարած մեղքերը նրանց վրա բարդելու համար։
«Երկու ամիս է՝ Հայաստանում հասարակության հետ շփվում եմ, նրանք լավ հասկացել են, որ իշխանությունները հայրենիք հանձնելով՝ փորձում են պահել իրենց իշխանությունը։ Այն ճանապարհը, որով այսօր ՀՀ իշխանությունները տանում են երկիրը, այն ճանապարհը չէ, որ բխում է մեր ժողովրդի շահերից։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով է սկիզբ դրվել Արցախի վերջնական հանձնմանը»,- շեշտեց պատգամավորը։
Դավիթ Գալստյանը խոսեց նաև Ստեփանակերտում այս պահին գտնվող իր հորեղբոր՝ Սարգիս Գալստյանի մասին, նշելով, որ վերջին տեսանյութը, որը հրապարակվել էր Ստեփանակերտի «Տատիկ-պապիկի» հուշարձանի մոտից, հավանաբար արվել է, քանի որ հոկտեմբերի վերջին հասարակության մեջ խոսակցություններ կային, որ Ադրբեջանը ոչնչացրել է հուշարձանը։
«Այդ տեսանյութն առաջինը ես իր էջում եմ տեսել։ Շատ են հարցնում, թե ինչո՞ւ նա որոշեց վտանգել կյանքը ու մնալ Ստեփանակերտում։ Չեմ կարող ասել՝ նրանց վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ, իհարկե, վտանգը բոլորի համար էլ ամեն վայրկյան կարող է լինել»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում