Փաշինյանն իր պողոսների բթամտության կուսաթաղանթը փորձում է պահել անվնաս՝ մինչև ընտրություններ. Նաիրա Զոհրաբյան
Դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում տեղի ունեցավ հինգ օր առաջ հայտարարված հայ ռազմագերիների փոխանակումը ադրբեջանցի երկու մարդասպանի հետ։ Ըստ հրապարակված ցանկի՝ վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են, պահեստազորային տղաները, որոնք գերեվարվել են 2020թ․-ին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով հայ գերիների վերադարձին, շեշտեց՝ բոլոր հայորդիները պետք է ադրբեջանական բանտերից ազատ արձակվեին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման անմիջապես հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, հետևապես, զուր են ՔՊ-ի բոլոր ջանքերն Ալիևին մեծ մարդասեր ներկայացնելու ուղղությամբ, ինչ է թե 32 հայորդու է հանձնում Հայաստանին։
«Քիչ է մնում ՔՊ-ն արտահերթ նիստ հրավիրի Ալիևին Նոբելյան մրցանակի արժանացնելու հարցով։ Մյուս կողմից, եկեք չմոռանանք, որ Ալիևը խոսում է ընդամենը 55 գերու առկայության մասին, մինչդեռ, բացի իր նշած 55-ը, Ադրբեջանում կա ևս 80 հայ ռազմագերի. դրա մասին փաստող տեսանյութերը կան, որոնք ներկայացրել ենք միջազգային կառույցներին։ Այդ տեսանյութերում հստակ երևում է, որ տղաները կա՛մ զենքերը հանձնում և հանձնվում են, կա՛մ շրջափակման մեջ են ընկնում և հանձնվում, հետևապես՝ թող Փաշինյանն ու Ալիևը չկրկնեն Ալիևի հնչեցրած 55 թիվը»,- ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը ողջունելով և դրական քայլ համարելով 32 հայորդիների վերադարձը՝ միևնույն ժամանակ շեշտեց՝ միջազգային հանրության կարծիքի վրա թքած ունեցող Ալիևը նման քայլի է գնացել, որովհետև ինչպես Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էր ասում՝ Հայաստանը պարտավորվել է բանակցել Ադբեջանի օրակարգով։
«Մտածել, որ Ալիևը ենթարկվել է միջազգային հանրության ճնշմանը, դա ծիծաղելի է։ Ալիևը թքած ունի Միշելի, Օ՛Բրայենի և բոլորի բանտիկների վրա, Ալիևը թքած ունի անգամ Հաագայի դատարանի որոշման վրա, պարզապես նրանք, ինչպես ասում էին, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակեն ադրբեջանական օրակարգով, այդպես էլ արել են»,– ասաց Զոհրաբյանը։
Խիստ վտանգավոր համարելով Հայաստան-Ադրբեջան դեմառդեմ հանդիպումը՝ Նաիրա Զոհաբյանը շեշտեց՝ որևէ ստորագրված փաստաթուղթ որևէ արժեք չունի ոչպայմանագրաունակ Ալիևի համար, հետևապես՝ առանց միջնորդ կողմի կամ առանց երաշխավորի կնքված ցանկացած փաստաթղթի վրա Ալիևը հանգիստ խաչ է քաշելու:
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահի փոխանցմամբ՝ աղետալին այն է, որ Փաշինյանը ոչ միայն Արցախի պետականությունն է կործանել, այլ նաև Հայաստանի պետականությունն է դրել կասկածի տակ՝ շարունակելով իր ընտրազանգվածին մատուցել մանիպուլացված ստեր՝ «նախկիններ», «թալանչի» բանալի բառերի միջոցով, և քանի որ հիմա նախկիններին և թալանչիներին մեղադրելն այլևս արդյունավետ չէ, Փաշինյանը սկսել է օգտագործել նոր ձևակերպումներ և Արցախին տեր կանգնելու մասին նախկինում իր արած հայտարարությունները հիմա համարում է ընդամենը էմոցիաների արդյունքում ասված բառեր։
«Փաշինյանին պետք է պահել իր էլեկտորատը մինչև նոր ընտրություններ և թույլ չտալ, որ որևէ մեկը բացի իր էլեկտորատի՝ պողոսների աչքերը, դրա համար է կալանավորել Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին։ Փաշինյանի պայքարը ինտելեկտի դեմ է։ Նա ամեն ինչ է անելու, որ անվնաս պահի իր պողոսների բթամտության կուսաթաղանթը։ Ինքը շատ լավ հասկանում է, որ ցանկացած ֆորսմաժորի դեպքում կարելի է գնալ Բ պլանի՝ արտահերթ ընտրությունների»,- ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։