Թուրքիան շուտով տեղական արտադրության նոր կործանիչներ գործի կդնի
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը թուրքական «NTV» հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյուլերը նշել է, որ շուտով Թուրքիայի երկնքում 5-րդ սերնդի ինքնաթիռներ կհայտնվեն, խոսքը, մասնավորապես թուրքական արտադրության «KAAN» տեսակի կործանիչների մասին է, որոնց առաջին թռիչքը պլանավորված է դեկտեմբերի 27-ին:
Բացի այդ, Գյուլերը անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին: Խոսելով Իսրայելի՝ շարունակաբար քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծության մասին՝ ասել է.
«Սա մեր համար ընդունելի չէ: Քաղաքացիական անձի, կնոջ և երեխայի վրա իրականացվող հարձակումը մենք չենք կարող ընդունել: Որ կողմից էլ լինի մենք դա չենք ընդունում: Այն արդեն հրեշության է վերածվել»:
Ապա նաև հավելել է, որ ի տարբերություն հակամարտության սրացման առաջին օրերին, վերջերս միջազգային հանրության կողմից արձագանքները շատացել են և այդպիսի արձագանքներ (հօգուտ Պաղեստինի ժողովրդի-խմբ.) հնչեցվում են նաև արդեն Իսրայելի հասարակության կողմից:



