«Թող ապօրինի հորերը փակեն, հետո մեզնից բան պահանջեն». ձկնաբույծը՝ ջրային ռեսուրսների կորստի մասին
Արարատ մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ԱԺ ընդունած Ջրային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքով, Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է պարտադրել ձկնաբուծարաններին՝ խնայել Արարատյան դաշտի ջրային պաշարները:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, սակայն, նախ և առաջ պետք է մտածել առկա ապօրինի հորերը փակելու մասին, հետո այլ քայլեր իրականացնել:
«Մեզ 15 օր առաջ խոստացել էին, որ կարգը որոշելու հետ կապված՝ մեզ հետ պետք է քննարկում անցկացնեն և մոնիտորինգ անեն բոլոր ապօրինի հորերը, ճշտեն դրանց թիվն ու ասեն։ Ասել էին, որ մեկ շաբաթվա մեջ դա պատրաստ կլինի, մեզ հետ հաշվի կնստեն՝ կարգը փոխելու հարցերում: 15 օր անցել է, մեզ ոչ մեկը ո՛չ ընդունել է, ո՛չ զանգել, ո՛չ տեղեկություն է տվել։ Ընդհակառակը, միության նախագահը փորձել է հետները հեռախոսակապ հաստատել՝ չի կարողացել, մոտեցել է նախարարություն՝ չեն ընդունել»,- լրագրողներին պատմեց ձկնաբուծարաններից մեկի սեփականատեր Արմեն Կարապետյանը։
Ակցիայի մասնակցի խոսքով, իրենց տեղեկություններով, գերատեսչությունը չի զբաղվում առկա 700 ապօրինի հորերի խնդրով՝ փորձելով շրջանցել դա: Այնինչ, դրա հետևանքով ջրային ռեսուրսների մեծ կորուստ է տեղի ունենում:
«Ինչո՞ւ չեն փակվում այդ հարյուրավոր ապօրինի հորերը, որ անիմաստ հոսում են գետերը: Թող այդ հորերը փակեն, հետո նոր մեզնից որևէ բան պահանջեն: Դրանց մի մասը, գուցե, կապված են ոռոգման հետ, բայց մինչև փետրվար կարիք չկա ո՛չ ոռոգելու, ո՛չ ջրերը բաց պահելու: Դրանք կարող են փակել, մինչև գարունն ու ոռոգման սեզոնը բացվի»,- ասաց ձկնաբույծը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան