Կախվածությունը կատաստրոֆիկ չափերով ավելացրել են ու դեռ բողոքում են
Հայկական բիզնեսը և, հատկապես գյուղմթերքը, Լարսի անցակետով ռուսական շուկա մտնելու հարցում հերթական անգամ պիտի բախվեր խնդիրների, մեծ վնասներ կրեր, որպեսզի իշխանությունները հիշեին արտահանումը դիվերսիֆիկացնելու, նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության, «բոլոր ձվերը մեկ զամբյուղում չդնելու» կարևորության մասին։
Մինչ այդ, երբ ռուսական շուկա Հայաստանից արտահանումը հսկայական տեմպերով ավելանում էր վերարտահանումների հաշվին, սահմանին էլ կարծես խնդիրներ չկային, դիֆերամբներ էին ձոնում արտահանման ու նաև դրանով պայմանավորված՝ մեկուկես տարի արձանագրվող տնտեսական բարձր աճերի վերաբերյալ։ Այդ ժամանակ արտահանման նման վիճակը բոլորովին չէր մտահոգում իշխանություններին։ Մի բան էլ հիացնում էր։ Հպարտանում էին, երբ արտահանման կենտրոնացումը հասցրել էին աննախադեպ մակարդակի, խորացրել կանխվածությունը մեկ շուկայից ու լուրջ ռիսկի տակ դրել արտաքին առևտուրը։
Այն ժամանակ արտահանման դիվերսիֆիկացիայի մասին չէին հիշում։ Հենց խնդիրներ առաջացան, սկսեցին հիշել։
«Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ»,- անդրադառնալով Լարսից վերադարձող հայկական գյուղմթերքի հետ կապված խնդիրներին ու իրավիճակից դուրս գալու ելքերին՝ լուծումներ է առաջարկում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հինգուկես տարի է՝ իշխանության են, նոր են գլխի ընկել, որ արտահանումը չի կարելի այդպիսի մեծ կախվածության մեջ դնել մեկ շուկայից։
Եթե նախկին իշխանությունների ժամանակ՝ իրենց իշխանության գալուց առաջ, ռուսական շուկային բաժին էր հասնում մեր արտահանման 27-28 տոկոսը, ապա հիմա այն հասել է 52 տոկոսի։
Հայաստանի արտահանման կեսից ավելին գնում է ռուսական շուկա։
Ռուսական շուկայի բաժինն արտահանման մեջ գրեթե կրկնապատկել են ու դրանով էապես մեծացրել կախվածությունը Ռուսաստանից։
Այսքանից հետո խոսում են արտահանումը դիվերսիֆիկացնելու մասին, կարծես իրենց ձեռքը բռնել էին ու չէին թողնում նոր շուկաներ գտնել արտահանման համար։
Ճիշտ է, ռուսական շուկայի մասնաբաժինն ավելացել է հիմնականում վերարտահանումների հաշվին, բայց դա չի նշականում, թե զուտ հայկական ապրանքների արտահանման շուկաների առումով մեծ բան է փոխվել։
Իշխանության խնդիրն է՝ պայմաններ ստեղծել, որպեսզի արտադրողները կարողանան նոր շուկաներ մտնել։ Առանց պետության օժանդակության, դա չափից դուրս դժվար է, եթե չասենք, գրեթե անհնարին բան է։
Իսկ դրա համար, դատարկաբանելուց բացի, ի՞նչ է արել կառավարությունը, նաև էկոնոմիկայի նախարարությունը։ Զարմանալի չէ, որ այսքան տարի հետո էլ հայկական ապրանքների իրացման հիմնական շուկան մնում է ռուսականը։ Այլ շուկաներում դրանց իրացման հնարավորությունները շատ սահմանափակ են, ուղղակի մրցունակ չեն։
Հայկական ապրանքների որակը չի համապատասխանում եվրոպական, նաև բազմաթիվ այլ երկրների շուկաների պահանջներին։ Դրա համար էլ արտադրողները ստիպված են բավարարվել ռուսական շուկայով, որտեղ պահանջները համեմատաբար ցածր են։ Ու երբ մի փոքր խստացվում են այդ պահանջները, խնդիրները միանգամից գլուխ են բարձրացնում։
Որակի անհամապատասխանություններ միշտ էլ եղել են ու կան՝ նայած, թե երբ, ոնց են դրանց վերաբերվում։ Երբեմն աչք են փակում, երբեմն էլ դնում են խիստ հսկողության տակ ու հետ վերադարձնում։ Այն, ինչի հետ վերջին օրերին բախվեցին բազմաթիվ տնտեսվարողներ՝ ստիպված լինելով բավական մեծ կորուստներ կրելով վերադառնալ Հայաստան։
Տնտեսվարողները հաճախ իրենք են խոստովանում, որ նախկինում ապրանքների որակի հետ կապված խնդիրներին «բարի կամք» են դրսևորել ու թողել են, որ անցնեն։ Հիմա որոշել են արգելել, ինչի համար հավանաբար նաև նպաստող գործոններ են եղել։ Դրանք կանվանենք քաղաքակա՞ն, թե՞ զուտ սանիտարական, ոչ մի նշանակություն չունի։
Փաստն այն է, որ այդպիսի խնդիրներից խուսափելու կամ առաջանալու դեպքում հնարավորինս արագ վերացնելու պատասխանատուն իշխանություններն են, որոնց անկարողության պատճառով տնտեսվարողներն են տուժում։ Եկամուտները, որոնք ակնկալում էին ստանալ, չեն ստանում։
Այդքանից հետո, փոխարենը մեղա գան, որ չեն կարողացել կանխել նման իրավիճակները, գուցե նաև նպաստել են, մի բան էլ տնտեսվարողներին են մեղադրում, թե ինչո՞ւ ժամանակին չեն դիվերսիֆիկացրել արտահանման շուկաները, որպեսզի հիմա այդպիսի խնդիրների առաջ չկանգնեն։ Կարծես այլ շուկաներ արտահանման հնարավորություններ ստեղծել են, չեն արտահանել։
Եվ ինչո՞ւ միայն արտահանման հնարավորություններ։
Հինգուկես տարում ի՞նչ են արել արտադրության որակը բարձրացնելու, արտադրողականությունը խթանելու, հայկական ապրանքների մրցունակությունը դրսի շուկաներում բարելավելու համար։
Ընդհակառակը՝ դրամն ամրապնդելով՝ վերջին տարիներին միայն վնասներ են պատճառել տեղական արտադրողին։
Ո՞ւր էր այդ ժամանակ նայում կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը, երբ հայկական ապրանքներ արտադրող ու արտահանողները դրսում կանգնում էին մրցակցային լրջագույն խնդիրների առաջ՝ զուտ այն պատճառով, որ դրամի ամրապնդումը թուլացնում էր դրանց մրցունակությունը, և ոչ միայն՝ ռուսական, այլև՝ մյուս շուկաներում։
Հիմա եկել շուկաները դիվերսիֆիկացիայի ստրատեգիան փոխելուց են խոսում, երբ ամեն ինչ արել են, որպեսզի հայկական ապրանքներն արտահանման շուկաներում մրցունակ չլինեն։ Նաև դա է եղել պատճառը, որ հայկական ապրանքների արտահանումը նվազել է, չնայած ունենք արտահանման հսկայական աճեր։
Որակի մասին դեռ չենք խոսում, արտադրողականության բարձրացման մասին՝ առավել ևս։
Մեր տնտեսության կառուցվածքը բարդության աստիճանով շատ ցածր մակարդակում է։
Տնտեսության արտադրողականությունն է պետք բարձրացնել՝ նոր շուկաներ մտնելու ու մրցակցելու հնարավորություններ ստանալու համար։
Ի՞նչ է փոխվել անցած հինգուկես տարում մեր տնտեսության, առավել ևս՝ գյուղատնտեսական ապրանքների արտադրողականության ու մրցունակության բարձրացման առումով։ Ոչինչ։ Դրա համար էլ տնտեսությունը հայտնվել է այս վիճակում, արտադրանքը որակ չունի, չի կարողանում մրցակցել այլ շուկաներում, արտադրողականության մակարդակը կատաստրոֆիկ վատ է։ Դեռ լավ է, որ ռուսական շուկան կա՝ որակի ու սանիտարական խնդիրները սղացնելով, մինչև հիմա կարողացել են դիմանալ։ Հիմա էլ իշխանություններն են ամեն ինչ անում, որ հայկական ապրանքները դուրս մղել այդտեղից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ