Բաժիններ՝

Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Եգիպտոսում մեկնարկել են համընդհանուր նախագահական ընտրությունները. դրանք ամբողջ հանրապետությունում կտևեն երեք օր՝ մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Քվեարկության արդյունքները պետք է հրապարակվեն 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրությունների ժամանակ Եգիպտոսի բոլոր նահանգներում ստեղծվել է10,085 տեղական ընտրական հանձնաժողով։ Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ ընտրություններին կարող է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող շուրջ 67 միլիոն քաղաքացի։

Ընդ որում, Եգիպտոսի սահմաններից դուրս նախագահական ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 1-ից 3-ը։ Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ աշխարհի 121 երկրում ընդհանուր առմամբ ստեղծվել է 137 ընտրական հանձնաժողով։

Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երեք քաղաքական գործիչ՝ չհաշված պետության ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթահ աս-Սիսիին։ Նրանցից ոչ մեկն իրական աջակցություն չի վայելում ո՛չ երիտասարդների, ո՛չ էլ բնակչության լայն շերտերի շրջանում։

Սիսին առաջադրվել է երրորդ անգամ՝ 2019 թվականին նրա նախաձեռնությամբ փոփոխված սահմանադրության համաձայն՝ վերջին անգամ։ Հիմնական օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն են տվել գործող նախագահին առաջադրվել երրորդ ժամկետով և երկարացնել դրա տևողությունը երկու տարով՝ չորսից վեց տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս