ԱՄԷ-ն աջակցում է խաղաղության ամրապնդմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված միջոցառումներին

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունել են դրական զարգացումները և վերջին քայլերը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, ասվում է ԱՄԷ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Երկրի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ բարձր է գնահատում երկու երկրների կողմից համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցառումները և հույս հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության հաստատմանը և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։

Նախարարությունն ընդգծել է, որ ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և ամրապնդում կայուն կարգավորումը, որը սկիզբ է դնում երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր փուլին։

Նախարարությունը հաստատել է, որ ԱՄԷ-ն ընդգծում է կամուրջների ստեղծման, համագործակցության և երկխոսության կարևորությունը՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար։

Տեսանյութեր

Լրահոս