ԿԳՄՍ նախարարության հերթական 6 միլիոնանոց դրամաշնորհը «Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 29-ին հերթական դրամաշնորհն է հատկացրել: Ըստ armeps պետգնումների կայքում հրապարակված պայմանագրի՝ այս անգամ 6 միլիոն դրամ պետական աջակցությամբ ԿԳՄՍՆ-ն «Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիա» մշակութային ՀԿ-ին հանձնարարել է իրականացնել «Քո սերնդակիցը» կրթամշակութային հեռուստանախագիծը:
Պայմանագրից տեղեկանում ենք, որ նախատեսված մեկամսյա ժամկետում այս նախագծի շրջանակում պետք է նկարահանվի «3 թողարկումից բաղկացած հաղորդաշար՝ մշակութային, կրթության ոլորտի առավել շնորհալի պատանիների մասին»:
Դրամաշնորհը կբաշխվի հետևյալ կերպ՝ նախագծի պրոդյուսերը կստանա 300 հազար դրամ, ծրագրի հեղինակը՝ 200.000 դրամ, 10 րոպե տևողությամբ 3 տեսաֆիլմի տեսանկարահանման համար կհատկացվի 960.000 դրամ, մոնտաժման ծառայությունը կարժենա 930.000 դրամ, բրենդավորման և դիզայնի ծառայությունը՝ 630.000 դրամ, գրաֆիկայի և անիմացիոն նյութերի ստեղծման ծառայություն՝ 750.000 դրամ, հետարտադրական ծառայության համար կտրվի 990.000 դրամ, և 240.000 դրամ՝ թվային հարթակներում նյութերի հեռարձակման համար:
Ինչ խոսք, տպավորիչ ծախսեր են, որոնք, իհարկե, մեր պետբյուջեից են արվում:
Բայց սա էլ դեռ ամենը չէ. պարզվում է՝ «Արտկոնցեպտ միջազգային ասոցիացիա» մշակութային ՀԿ-ն առաջին անգամը չէ, որ ԿԳՄՍՆ-ից ստանում է պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն:
2022 թվականի ապրիլին դարձյալ 6 միլիոն դրամաշնորհով այս ՀԿ-ն իրականացրել էր «Արվեստանոց» հեռուստանախագիծը, իսկ 2023 թվականի ապրիլին կնքված 5 միլիոն 988.000 դրամ արժողությամբ պայմանագրով՝ «Արվեստանոց»-ի երկրորդ փուլը:
ՀԿ-ի մասին. այն հիմնադրվել է 2017 թվականին, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրենը դաշնակահար Արմեն Մանասյանն է: