«Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում․ «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե ինքն ու իր ՔՊ-ն ոչ մի «իզմ» չունեն: Ասել կուզի՝ ոչ մի հայտնի քաղաքական գաղափարաբանության, ուսմունքի կողմնակից չեն կամ այլևայլ ուսմունքների, դրանցից մեկնումեկի կրողները չեն: Ինչպես միշտ, այդ հարցում էլ է նա կեղծել: Իրականում Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ որպես «թիմ» հավաքվածները, ի լրումն ամենի, ունեն մի առանցքային «իզմ», որը քիչ է ասել, թե կրում են իրենց մեջ կամ դրա կողմնակիցն են: Այդ «իզմ»-ն իրենց դավանանքն է, և դա ցինիզմն է: Փաշինյանը սիրում է մեր երկրի տարածքը որոշել… խորհրդային տարիների հանրագիտարաններով: Պետության տարածքն, իհարկե, հանրագիտարանով չեն որոշում, դա ոչ միայն անհեթեթ է, այլև ավելին է, քան պարզապես սխալը:

Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը «փայլատակեց»՝ խոսելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մասին: Իբր «նախկինները» զավթել են զինվորական պանթեոնի պարագծում ներառված տարածքներ: Փաշինյանը, հարկավ, դրա արժանի պատասխանն ստացավ, բայց հարցն այս դեպքում փաշինյանական հերթական արտահայտության հերթական հերքման մասին չէ, այլ ցինիզմի: Այն ցինիզմի, որը Փաշինյանն այնքան հաճախակի է դրսևորում, որ իսկապես էլ կարելի է դա նրա դավանանքը կամ «կրեդոն» համարել:

Տեսեք. «Եռաբլուր» զինվորական պանթեոնը ընդարձակած Նիկոլ Փաշինյանը համարձակվում է արտասանել «Եռաբլուր» բառը ու տեղում շանթահար չի լինում: Չի լինում, որովհետև այդ «կարմիր գծերը» նա վաղուց է հատել ու բացարձակապես ոչ մի բարդույթ, ոչ մի այնպիսի բան, որին մարդիկ սովորաբար «խղճի խայթ» են ասում, ոչ մի պատասխանատվության զգացում, ոչ մի բարոյական արգելակ այլևս չունի: Եթե, իհարկե, երբևէ ունեցել է: Իսկ եթե ունեցել էլ է, ապա շատ վաղուց կորցրել է: Նիկոլ Փաշինյանն իր վարած «քաղաքականությամբ» Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմական աղետի: Ավելին, անկարողության կամ որևէ այլ պատճառով, որն այս հրապարակման մեջ արծարծելու ցանկություն չունենք, այդ պատերազմի ընթացքը կառավարեց այնքան սխալ ու անտաղանդ կերպով, որ հայկական ուժերը սարսափելի կորուստներ ունեցան, միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ու ռազմամթերք մնաց թշնամուն, հանրագումարում՝ Արցախը՝ բնիկ հայերի բազմահազարամյա բնօրրանը, հայաթափվեց: Ցինիզմի ճչան օրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանը իր՝ «Արցախը Հայաստան է, ու՝ վերջ» հայտարարությամբ, ըստ էության, պատերազմի ազդանշան տվեց Ալիևին ու Էրդողանին: Ապա նույն այդ Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի քան 1 տարի անընդհատ հայտարարում է, թե Արցախը ադրբեջանական տարածք է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս