Ինչպե՞ս և ինչո՞ւ ՔՊ-ն «քցեց» Կարեն Անդրեասյանին. «թթվի ջրի» էֆեկտը

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Սերգեյ Մարաբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր:

168.amանդրադարձել էր այդ ընտրությանը: Գրել էինք, որ ըստ էության Սերգեյ Մարաբյանը շռայլորեն վարձատրվեց նախ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ապա Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)  փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տակ թողնելու համար, թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ Սերգեյ Մարաբյանն իր մասնագիտական որակներով նորմալ պետության մեջ թերևս կարող էր և պետք է լիներ Վճռաբեկում:

Իսկ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ «քցվեց»՝ չկարողանալով արդեն 3-րդ անգամ պաշտոնեական առաջխաղացում ապահովել իր ֆավորիտ թեկնածուին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին:

Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին՝ որպես «թիկնապահ», ներառական երաժշտական արտ փառատոնին ուղեկցող իշխանության անկախ, 4-րդ ճյուղի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը, ով այս անգամ էլ ամեն ինչ արել էր՝ Ռուբիկ Մխիթարյանի լավության տակից վերջապես դուրս գալու համար, հերթական անգամ մնաց ձեռնունայն: Եվ սա այն դեպքում, երբ մինչև Ազգային ժողովում (ԱԺ) ընտրության նախընթաց երեկոն ՔՊ-ի թեկնածուն Ռուբիկ Մխիթարյանն էր: Այնպես որ, Կարեն Անդրեասյանը կարող է թթվի ջուր խմել. ասում են՝ օգնում է խումհարի ժամանակ:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ ՔՊ-ն դեմարշ հայտարարեց Կարեն Անդրեասյանին

Ինչպես արդեն նշեցինք, ամեն ինչ որոշված էր, և Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու էր Ռուբիկ Մխիթարյանը: Այն աստիճանի այդ որոշումը բեկանման ենթակա չէր, որ Սերգեյ Մարաբյանն անգամ որոշում է չմասնակցել ԱԺ-ի կրկեսին: Բայց 168.am-ի տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանին հաջողվում է Մարաբյանին համոզել ԱԺ գնալ՝ պայմանով, որ Մարաբյանը հաջորդ անգամ անպայման կդառնա Վճռաբեկի դատավոր: Կարեն Անդրեասյանը Սերգեյ Մարաբյանին խնդրում է միայն հանդիպել ՔՊ ֆրակցիայի հետ, իսկ բուն ընտրության գործընթացին կարող է նաև չմասնակցել, որ իրեն վատ չզգա չընտրվելու պարագայում: Սերգեյ Մարաբյանը խոստանում է և գնում ՔՊ խմբակցության հետ հանդիպման:

Ճակատագրական փակ հանդիպումը

Ռուբիկ Մխիթարյանի և թերևս նաև Կարեն Անդրեասյանի համար հենց այդ հանդիպումն էլ դառնում է ճակատագրական: 168.am-ի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Սերգեյ Մարաբյանը ՔՊ-ականների հետ վարում է բաց ու անկեղծ զրույց, զերծ իրավաբանական բարդ ձևակերպումներից ու ճռճռան խոսքերից: Ասում է, որ ինքը տեղյակ է, որ ֆրակցիան ֆավորիտ թեկնածու ունի, և այդ թեկնածուն ինքը չէ, բայց և բաց ներկայացնում է դատական համակարգի հետ կապված իր մոտեցումները և դիրքորոշումը: Ի սկզբանե պլանավորված 20 րոպե հանդիպումը տևում է 1 ժամ:

Սերգեյ Մարաբյանի խոսքը տպավորություն է գործում Գուրգեն Արսենյանի և Հայկ Կոնջորյանի վրա: Վերջինս Մարաբյանին հավաստիացնում է՝ իրենք ֆավորիտ չունեն, հորդորում է պինդ մնալ ու անպայման ներկայանալ ԱԺ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության նիստին մասնակցելու համար:

Ռուբիկ Մխիթարյանի անհաջող «բենեֆիսը»

Ի դժբախտություն Ռուբիկ Մխիթարյանի, ում մասին Կարեն Անդրեասյանն ասել էր, որ առողջական խնդիրներ ունի, դրա համար ԱԺ չի եկել, բայց 168.am-ի տեղեկություններով՝ վերջինս ԱԺ-ի ընտրության օրը եղել է իր աշխատավայրում, Սերգեյ Մարաբյանից հետո ՔՊ ֆրակցիայի հետ հանդիպում է ունենում ինքը:

ՔՊ-ական պատգամավորները, ովքեր, թերևս, մշակութային շոկ են ապրել Սերգեյ Մարաբյանի հետ հանդիպումից, արագ վերադառնում են իրենց բնականոն վիճակին, որովհետև Ռուբիկ Մխիթարյանն անմիջապես հենց հանդիպման սկզբից սկսում է քննադատել ընդդիմությանը: ՔՊ-ականներն ակնարկներ են անում այդ առնչությամբ, Ռուբիկ Մխիթարյանի խոսքը նրա իսկ ներկայությամբ համեմատում Սերգեյ Մարաբյանի խոսքի հետ, ինչը դուր չի գալիս Կարեն Անդրեասյանի մտերիմ դատավորին, և վերջինս վիճաբանության մեջ է մտնում ՔՊ-ականների հետ: Հենց դա էլ դառնում է ճակատագրական: Եվ ՔՊ ֆրակցիային գնացած հաղորդագրության մեջ նշվում է Սերգեյ Մարաբյանի անունը:

Կարեն Անդրեասյանի «շուստրիությունը»

Հասկանալով, որ «шеф, все пропало», Կարեն Անդրեասյանը թեկնածու 3 դատավորներին՝Մանվել Շահվերդյանին, Ռուբիկ Մխիթարյանին ու Սերգեյ Մարաբյանին, հորդորում է չգնալ ԱԺ, ձախողել ընտրությունը, ժամանակ շահել, մինչև ինքը կշտկի իրավիճակը:

Հաջորդ օրը բոլորս տեսանք, որ Կարեն Անդրեասյանի հորդորին անսացել էին միայն երկու դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյանն ու Մանվել Շահվերդյանը:

Իսկ Սերգեյ Մարաբյանը ներկայացավ և ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր:

Ի դեպ, հատկանշական է, որ Կարեն Անդրեասյանը չի սպասել ընտրությանը և ԱԺ-ից ակնհայտ նյարդային վիճակում հեռացել է այն ժամանակ, երբ Սերգեյ Մարաբյանը դեռ պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս