Նոր ծախսեր պետական բյուջեից. Փաշինյանի որոշմամբ տարբեր երկրներում դեսպանատներին կից կնշանակվեն կցորդներ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ներկայացնելով նախագիծը, նկատեց՝ այն միտված է ԱԳ նախարարության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն։

Ներկայում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածում արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սահմանված է առանձնահատկություն՝ այն հանդիսանում է դիվանագիտական ծառայության պաշտոն: Պետական կառավարման համակարգի միասնականությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոնից դարձնելու քաղաքացիական ծառայության պաշտոն:

Գործող օրենքով կարգավորված չեն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող ռազմական, առևտրական կցորդների, միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ այլ կցորդների և ներկայացուցիչների, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչների հաստիքների ստեղծման և նշանակման հետ կապված հարաբերությունները: Օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետությունում համապատասխան կցորդի/ներկայացուցչի հաստիք ստեղծելու և նշանակելու կապակցությամբ:

Կարդացեք նաև

Նախագիծը ներկայացնելուց հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց՝ հաշվարկներ կա՞ն, թե այս փոփոխությունները պետական բյուջեի համար ինչ ծախսեր են ենթադրում, քանի որ բավականին ուռճացված թվերի մասին է խոսքը։

«Այսինքն՝ կցորդներն ունենալու են իրենց տեղակալները, օգնականները, գումարած դրան, որ ընտանիքներով պետք է տեղափոխվեն տվյալ երկիր, և այդ բոլոր ծախսերը պետության վրա է։ Եթե որոշվի, որ բոլոր տեղերում դա պետք է լինի, արդյո՞ք ունենք այն պատկերը, թե մեր դեսպանատներն ունե՞ն այդ հնարավորությունը՝ զուտ շենքային առումով»,- հարցրեց Արմեն Ռուստամյանը։

Մնացական Սաֆարյանը պարզաբանեց, որ ռազմական կցորդ ունենալու հարցով առաջարկն արել է Պաշտպանության նախարարությունը:

«Կարծում եմ՝ ՊՆ-ն նախատեսում է նման ավելացումներ, այն դեպքերում, երբ դա նպատակահարմար է։ Ավելի ճիշտ կլիներ, որ հարցն ուղղեիք ՊՆ-ին։ Ինչ վերաբերում է դեսպանատների պայմաններին, որոշ դեսպանություններում կան նման շենքային պայմաններ, կարծում եմ՝ այդ երկրի մասին ենք խոսում։ Իսկ եթե չունեն, ապա սա արդեն ծրագրային աշխատանք է, ՊՆ-ն կներկայացնի վարչապետին, քանի որ հաստիքների ավելացումը կատարվելու է վարչապետի որոշմամբ»,- ընդգծեց Մ. Սաֆարյանը։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ պատասխանով բավարարված չէ, քանի որ օրենքն  ԱԺ ներկայացնելիս, դրան անպայման պետք է կցվի տեղեկանք նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին, ստացվում է, որ նախագիծը թերի է բերվել ԱԺ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ լրացուցիչ պարզաբանում տվեց, թե ռազմական կցորդ հենց վաղը չեն նշանակելու, պարզապես այդ ամենն անելու են՝ ելնելով Պաշտպանության նախարարության կատարած վերլուծություններից: Նա նաև ասաց, որ ռազմական ակտիվ համագործակցությունը պահանջում է  ռազմական կցորդներ ունենալ այն երկրներում, որոնց հետ Հայաստանը համագործակցում է։

Այդուհանդերձ մինչև վերջ Արմեն Ռուստամյանը դեմ արտահայտվեց օրենքի նախագծին, պնդելով, որ այն թերի է, և նման թերություններով նախագծի ընդունման հրատապությունն էլ  չի հասկանում։

Քննարկումից հետո հանձնաժողովի իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին։

Տեսանյութեր

Լրահոս