Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն ու ներկայիս զարգացումները յուրօրինակ դաս պետք է լինեն նաև հարավկովկասյան երկրների ու ՀՀ-ի համար․ Ֆելգենգաուեր
Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային հատվածից հերթական ողբերգական լուրը ստացվեց։ Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող զոհվեց։ Մահացու կրակոցը Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին էր։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զոհված զինծառայողը Գերասիմ Ավետիքի Առաքելյանն է: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, ըստ ՊՆ-ի, ընթանում է քննություն:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց Հայաստանի ռազմական գերատեսչության հայտարարությունը, թե ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել՝ այն «սուտ» որակելով: «Մենք կտրականապես հերքում ենք հայկական կողմի սադրիչ տեղեկատվությունը»,- ասված էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Տեղի ունեցած ողբերգությանն իրեն բնորոշ անորոշ, չեզոք, անտարբեր դիտարկումներով անդրադարձավ նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն X-ի իր միկրոբլոգում գրառում արեց՝ նշելով․ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է։ ԵՄ-ն մշտապես կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ երկու երկրներում հանգստություն տիրի և բանակցային սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»։
Տոյվո Կլաարը, ով ակտիվորեն ներգրավված է ՀՀ-Ադրբեջան ԵՄ բանակցային միջնորդական գործընթացում, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կազմակերպական մի շարք հարցերում, պարզապես մտահոգություն է հայտնում ՀՀ սահմանին գրանցված ողբերգության վերաբերյալ՝ առանց մատնանշելու այս հանցագործությունում որևէ պատասխանատուի, ունենալով ՀՀ-ում դիտորդական առաքելություն, որը լավագույնս տիրապետում է սահմանային իրավիճակին։
Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ այդ թվում՝ Արևմուտքի հորդորով Հայաստանն արտաքին քաղաքական վեկտորի ակտիվ փոփոխությունների փուլում է՝ ՀԱՊԿ-ին ուղղված կատաղի քննադատության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին։
Հարկ է հիշեցնել, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ տրամադրությունները խորացան, ինչպես նաև իշխանական հակառուսական քարոզչությունն էլ ավելի սրվեց, երբ, ըստ ՀՀ իշխանությունների, ՀԱՊԿ-ից չհնչեց հայ-ադրբեջանական սահմանին 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների ու ռազմական սադրանքների վերաբերյալ հստակ գնահատական։ Եվ ստացվում է, որ գտնվելով ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացի վերջնական փուլում՝ ՀՀ-ում ՀԱՊԿ-ից որևէ մեկն այլևս որևէ գնահատական չի պահանջում, սակայն չկա նաև նման պահանջ Արևմուտքի կամ ԵՄ-ի դեպքում, որն անցյալ տարի ոչ միայն երկարաձգեց ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման ժամկետը, այլև պատրաստվում է այն ընդլայնել՝ փորձելով ներկայություն ապահովել ՀՀ սահմանի ողջ երկայնքով։ ՀՀ-ում որևէ մեկը եվրոպական կողմից, որը դիտորդներ է տեղակայել ՀՀ-ում, չունի որևէ ակնկալիք։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ ցավալի է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը, դրանք բնական են, քանի որ, չնայած մեծ ու փոքր ռեգիոնալ ցնցումներին՝ այս հակամարտության շուրջ, կողմերը չեն կարողանում բանակցել և լուծել բոլոր հարցերը։
Ըստ նրա, այսօր այդ բանակցությունն է՛լ ավելի բարդ է դարձել, քանի որ ուղեկցվում է Արևմուտք-Արևելք գլոբալ դիմակայությամբ, որում Հարավային Կովկասը ևս մրցակցության պլացդարմ է դարձել։
Ըստ նրա, նման բարդ ռեգիոններում ակնկալիքը, որ անընդհատ հրապարակային հնչելու են հասցեական գնահատականներ, այդքան էլ տեղին չէ ու դա տեղին չի եղել նաև ՀԱՊԿ-ի դեպքում, թեև ՀԱՊԿ-ն ինքնին գործող էֆեկտիվ կառույց չէ։ Սակայն, նրա խոսքով, եթե նաև դա հիմք ընդունելով՝ փորձեր են կատարվում արտաքին քաղաքական ուղղվածության հարցում, ապա ակնկալվում է, որ նոր գործընկերներն այդ առումով այլ վարքագիծ ու քաղաքականություն պետք է դրսևորեն։
«Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանին հարկավոր էր՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ Ադրբեջանը, որը ՌԴ քաղաքականությունը ձևավորել էր այնպիսին, ինչպիսին այն կար, ապա Արևմուտքի համար, առավել ևս, Ադրբեջանը կարևոր է, և այդ հասցեական գնահատականները լուրջ վնաս կարող են հասցնել երկկողմ հարաբերություններին, դրանից բոլորն էլ խուսափում են։
Դիտորդները Հայաստանում քաղաքական ներկայություն են ապահովում, որպեսզի դա ՀԱՊԿ-ը կամ ՌԴ-ն չանեն, ավելին՝ ՌԴ-ն «նահանջի» Հարավային Կովկասից։ Սակայն հետաքրքրականն այն է, թե իրականում տեղում ինչ է փոխվում, եթե գործընթացի մոդերատորը Ռուսաստանն է, և եթե գործընթացի մոդերատորը Եվրոպական միությունն է։ Մինչ այս պահը որևէ տարբերություն չեմ տեսնում, քանի որ միջնորդի քաղաքականությունը ձևավորում են շատ ավելի խորքային շահեր, և նման շահեր ունեն թե Արևելքում, թե Արևմուտքում»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը։
Նա նաև գտնում է, որ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և ամենուր զարգացող ՌԴ-Արևմուտք դիմակայությունը գրեթե նույն կոնտուրներն ունի։
Նա նշեց, որ ներկայումս Ուկրաինայի իշխանությունները գոհ են Արևմուտքի աջակցության տեմպերից, արևմտյան առաջնորդները դժգոհ են անընդհատ Ուկրաինային սպառազինությամբ մատակարարելու այս իրավիճակից։ Գործընթացից, նրա խոսքով, իհարկե, տուժեցին թե Ռուսաստանը, թե Արևմուտքը, սակայն ամենամեծ տուժողը միշտ այն երկիրն է, որի համար մրցակցություն է ծավալվում, և որը վերածվում է գործիքի։
«Ուկրաինական պատերազմը դեռ կշարունակվի, բայց արդեն տեսանելի է, որ Արևմուտքը ցանկանում է, որպեսզի բանակցություններ սկսվեն, Ուկրաինայի իշխանությունների ցանկությունները չբավարարվեցին հակահարձակման տեսանկյունից, քանի որ չեղավ բավարար սպառազինություն։ Շատ ռեգիոններում է սա տեղի ունենում, նույնիսկ Ուկրաինայի դեպքում Արևմուտքը բավականին մեծ վճռականություն ցուցաբերեց, ինչը չի անելու Հարավային Կովկասի դեպքում, ուստի սա պետք է յուրօրինակ դաս լինի նաև հարավկովկասյան երկրների ու ՀՀ-ի համար»,- ասաց նա։
Վերադառնալով Հայաստան-Ադրբեջան զարգացումներին՝ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ շատ բարդ է լինելու որևէ խաղաղ հանգրվանի հասնել առաջիկայում։