Կարծում եմ՝ ՌԴ-ի՝ զենք չտալու համար, գործը դատի տալուն չի հասնի. Հրաչյա Սարգսյան

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ժամը 02։50-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։

ԱԺ-ում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվեցին՝ զինծառայողը վիրավորում թշնամու կրակոցի՞ց է ստացել, նա պատասխանեց, որ տեղյակ չի, քանի որ Կառավարությունում է եղել ու միագամից եկել է ԱԺ։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, փոխնախարարն ասաց՝ պաշտոնական հաղորդագրություն կա, դրան ավելացնելու որևէ բան չունի։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ՊՆ-ում ո՞ր ոլորտն է ղեկավարում, կադրերի՞։

Կարդացեք նաև

«Չէ, կադրերը չեմ համակարգում»,- պատասխանեց նա՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ՊՆ-ում որ ոլորտ ն է ղեկավարում։

Ֆրանսիայից զենքի մատակարարման վերաբերյալ հարցին արձագանքելիս՝ Հրաչյա Սարգսյանը դարձյալ հղում արեց պաշտոնական հաղորդագրություններին՝ նշելով, որ կրկին ավելացնելու բան չունի։

Նա նաև ասաց, որ տեղյակ չէ ՌԴ-ի հետ կնքված զենքի վերաբերյալ պայմանագրից, որով ՌԴ-ն Հայաստանին այդպես էլ զենք չի մատակարարել։

«Ոլորտը ես չեմ կոորդինացնում, պայմանագիրը եղել է մինչև իմ ՊՆ գնալը։ Գիտեմ, որ այս պահի դրությամբ զենքի մատակարարում չի եղել»,- ասաց Հ. Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք քննարկվո՞ւմ է ՌԴ-ին միջազգային ատյաններում դատի տալու հարցը՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար, Հրաչյա Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, ըստ իս՝ գործընկերային հարաբերություններով կլուծենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս