Բաժիններ՝

Բոտիչելլիի «կորած» կտավներից մեկը, 109 մլն դոլար արժողությամբ, գտել են Իտալիայի հարավում

Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելլիի վրձնին պատկանող 15-րդ դարի կտավներից մեկը, որը 1980-ականներից կորած էր համարվում, գտել են Իտալիայի հարավային Գրանյանո քաղաքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Մարիամ Աստվածածնին և մանուկ Հիսուսին պատկերող կտավը գնահատվում է առնվազն 100 միլիոն եվրո (109 մլն դոլար)։

Նկարը նեապոլիտանական Սանտա Մարիա լա Կարիտա արվարձանի եկեղեցիներից մեկում էր գտնվում 1900-ականների սկզբից։ 1982 թ․-ին եկեղեցին վնասվել էր երկրաշարժից, և կտավը տրվել էր Սոմմա ազգանվամբ մի ընտանիքի՝ այն ապահով կերպով պահելու։ CNN-ին հայտնել են, որ գոյություն ունի նաև դա վկայող փաստաթուղթ, որի համաձայն՝ կտավը վստահվել է ընտանիքին։

Մի քանի տարի շարունակ տեղի իշխանությունները ստուգել են կտավի վիճակը, խորհուրդներ են տվել այն ճիշտ պահելու հետ կապված։ Սակայն 1990-ականներից այդ ստուգումներն, անհայտ պատճառներով, դադարել են, իսկ կտավը ներառվել է Մշակույթի նախարարության կորած աշխատությունների շարքում։

Ցանկը պարբերաբար թարմացվում է, և 2023 թ․ ամռանը կտավի հետքերը տարել են դեպի Սոմմա ընտանիք, որի տանը տարիներ շարունակ կախված էր նկարը։

Կտավը հայտնաբերվել է Սոմմա ընտանիքի մի ճյուղի մոտ, իսկ Գրանյանոյի քաղաքապետը որպես միջնորդ է հանդես եկել նրանց և ոստիկանության միջև։

Հանրությունը Բոտիչելլիի այս աշխատանքին ծանոթ չէ։ Նախքան նկարը թանգարաններում ցուցադրելը այն հարկավոր է վերականգնել, ինչը կտևի առնվազն 1 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս