Նիկոլ Փաշինյան-Գրիգոր Մինասյան տանդեմի ձիով քայլը. ոչ թե հայեցակարգ, այլ օրենքի փոփոխություն. ԶԼՄ-ների գլխին իջեցվում է հերթական գիլիոտինը
Դեռևս 5 ամիս առաջ՝ հունիսի 28-ին, 168.am-ի ձեռքում էր հայտնվել Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգի աշխատանքային փաստաթուղթը: Գրել էինք, որ հերթական քողարկված գիլիոտինն են պատրաստվում իջեցնել զանգվածային լրատվամիջոցների պարանոցին:
Հայեցակարգը «մշակել», ի դեպ, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հանձնարարել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, իրենց մտադրությունը բացահայտվելուց հետո ձիով քայլ են կատարել: Եթե նախկինում մտածված էր ընդունել հայեցակարգը, ապա 1-2 տարվա ընթացքում այդ հայեցակարգի հիման վրա փոփոխություն կատարել «ԶԼՄ մասին» օրենքում, ապա հիմա փոփոխություններն անմիջապես արել են հենց օրենքում:
Երեկ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հայտնվեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Քննարկումը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը:
Նախագծերով առաջարկվում է`
1) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, որի նպատակն է առանց պետության միջամտության ապահովել լրատվամիջոցի գործունեության որակը.
2) սահմանել լրատվամիջոցի ինքնակարգավորումը, այդ թվում՝ էթիկայի վարքականոն, ինքնակարգավորման մարմին (վարքականոնի դրույթների ապահովման մեխանիզմներ) ունենալը որպես դրա կարգավիճակի գնահատման չափանիշ.
3) նոր խմբագրությամբ շարադրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանված հիմնական հասկացությունները՝ համապատասխանեցնելով դրանք առկա միջազգային պահանջներին.
4) նախատեսել ինքնակարգավորման պարտականությունը կատարելուն խթանող կարգավորումներ, օրինակ, ինքնակարգավորման համակարգ ունեցող լրատվամիջոցների համար պետական/հանրային կառույցներում հավատարմագրման անվերապահ իրավունքի երաշխավորումը, ինչպես նաև զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու գործերով մինչև դատարան դիմելը այդ մարմիններին դիմելու համար խրախուսման միջոցներ.
5) ԶԼՄ օրենքում սահմանել ինքնակարգավորման միջոցների հասկացությունը և դրանց ճանաչման կարգը.
6) սահմանել հիմքեր, որով հնարավոր կլինի տարբերակել և հանրությանը տեսանելի դարձնել օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցներ ունեցող լրատվական գործունեություն իրականացնողներին.
7) սահմանել մեխանիզմներ անցումային փուլում այդ ճանաչումը իրականացնելու և հետագայում ճանաչված ինքնակարգավորման միջոցների միավորման միջոցով նոր Մեդիա խորհրդի ստեղծման ուղղությամբ:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գրանցված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ վերջին 15 տարիների ընթացքում լրագրության ոլորտում իրավապաշտպան գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչների կողմից եռամսյա ժամկետում ձևավորվում է ինքնակարգավորման միջոցների ճանաչման և Մեդիա խորհրդի ձևավորման հանձնաժողով:
Օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել 1-ին, 2-3-4-րդ հոդվածներում:
Հոդված 4-ի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված է «Հանձնաժողովը ձևավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում մշակում և հրապարակում է էթիկայի կանոնագրի օրինակելի դրույթները, ինքնակարգավորման միջոցների օրինակելի չափանիշներն ու պահանջները՝ միջազգայնորեն ընդունված չափանիշների հիման վրա.
Իսկ 3-րդ մասով՝ սույն մասի 2-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո Հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում է Հայաստանում գործող ինքնակարգավորման միջոցների և էթիկայի կանոնագրերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պահանջներին, որոնց համապատասխանության հավաստման դեպքում համապատասխան միջոցի անդամակցող կամ ունեցող լրատվական գործունեություն իրականացնող անձը կամ լրագրողը համարվելու է հանրային իրազեկման միջոց տարածող»:
Սա նշանակում է, որ իշխանությունն իր կողմից դրածո Հանձնաժողովի ձեռքով անցանկալի լրատվամիջոցներին և ոչ միայն նրանց չի ճանաչի հանրային իրազեկման միջոց տարածող:
Այս փոփոխությունները միտված են ազատ մեդիան սահմանափակելուն, ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակելուն:
Օրենքի 3-րդ հոդվածը լրացրել են 6.1 հոդվածով, ըստ որի՝ «Մեդիա խորհուրդի կողմից վարվում է հանրային իրազեկման միջոց տարածողների հրապարակային ռեեստրը»:
Սա նշանակում է, որ ԶԼՄ-ների ու առհասարակ հանրային իրազեկման միջոց տարածողների ողջ ցանկը լինելու է այդ խորհրդի ձեռքում. Ինչ ու ինչպես կուզեն, այն ու այդպես էլ կանեն:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում չորրորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.
«Սույն օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման մարմնին անդամակցող կամ սույն օրենքին համապատասխան ճանաչված ներքին ինքնակարգավորման մարմին ունեցող լրատվական գործունեություն իրականացնողների լրագրողների հավատարմագրումն իրականացվում է առանց նախապայմանների»։
Հոդված 1-ի փոփոխություններն ու լրացումները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-4-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ․
«1) լրատվական գործունեություն՝ հաղորդակցության ցանկացած միջոցով պարբերական հիմունքներով հասարակությանը հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով և խմբագրական պատասխանատվության կամ վերահսկողության ներքո իրականացվող գործունեություն.
2) զանգվածային լրատվության միջոց (այսուհետ` լրատվության միջոց)` խմբագրական պատասխանատվության կամ վերահսկողության ներքո հասարակությանը պարբերական հիմունքներով հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով օգտագործվող ցանկացած հաղորդակցության միջոց․
3) լրատվական գործունեություն իրականացնող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, այդ թվում` անհատ ձեռնարկատեր, որի մասնագիտական գործունեությունն ուղղված է լրատվական գործունեության իրականացմանը, և որը խմբագրական պատասխանատվություն է կրում ներկայացվող տեղեկատվության բովանդակության համար, ինչպես նաև ունի որպես լրատվական գործունեություն իրականացնող գործելու մտադրություն:
Սույն կետի իմաստով որպես լրատվական գործունեություն իրականացնող գործելու մտադրության առկայությունը գնահատելիս կարող են հաշվի առնվել լրատվական գործունեություն իրականացնողին հատուկ աշխատանքային մեթոդների կիրառման, ինքնաճանաչման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտական էթիկայի կանոններին հետևելու հանգամանքները, ներառյալ` ինքնակարգավորման միջոցների առկայությունը, այդ թվում՝ սույն օրենքով սահմանված կարգով ճանաչված ինքնակարգավորման միջոցի անդամակցելու կամ այդպիսի ինքնակարգավորման միջոց ունենալու հանգամանքները․
4) լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի համար մասնագիտական գործունեության կամ պարբերական հիմունքներով տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացում ներգրավված անձ»,
2) լրացնել նոր՝ 6-9-րդ կետերով․
«6) հանրային իրազեկման միջոց տարածող՝ լրատվական գործունեություն իրականացնող անձ կամ լրագրող, որը անդամակցում է սույն օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցի կամ ունի այդպիսի միջոց.
7) էթիկայի կանոնագիր՝ լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների, մասնագիտացված կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կամ նրանց մասնակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան կազմված փաստաթուղթ սեփական լրագրողական էթիկայի նորմերի վերաբերյալ (այդ թվում՝ լրագրողական էթիկայի կանոնանագիրք, վարքականոն, մասնագիտական էթիկայի կանոնագիրք և այլն)»:
8) ինքնակարգավորման միջոցներ՝ էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման նպատակով կամավոր կերպով ստեղծված ինքնակարգավորման մարմիններ (այդ թվում՝ մամուլի կամ մեդիա խորհուրդներ), լրատվական գործունեություն իրականացնողների ներքին ինքնակարգավորման մարմիններ (այդ թվում՝ ներքին կամ մեդիա օմբուդսմեններ).
9) ճանաչված ինքնակարգավորման միջոցներ՝ Մեդիա խորհրդի կողմից միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստում ստացած ինքնակարգավորման միջոցներ»: