Նիկոլ Փաշինյանը Գրիգոր Մինասյանին հանձնարարել է մամուլի դեմ հայեցակարգի տեսքով հերթական կացինը մշակել

Արդարադատության նախարարությունը մշակել է Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգ։

Հայեցակարգի աշխատանքային փաստաթուղթը հայտնվել է 168.am-ի ձեռքի տակ, ինչից պարզ է դառնում, որ հերթական քողարկված գիլիոտինն են պատրաստվում իջեցնել զանգվածային լրատվամիջոցների պարանոցին:

Հայեցակարգը «մշակել», ի դեպ, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հանձնարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Սրա մասին՝ ավելի ուշ:

«Բարեփոխումների» հայեցակարգով նախատեսվում է ձևավորել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմին, որը պետք է զբաղվի լրատվամիջոցների համար էթիկայի կանոնների մշակմամբ, հաստատմամբ և դրանց մեկնաբանմամբ, էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնի։

Կարդացեք նաև

Սակայն այս մարմնի ամենակարևոր գործառույթը լինելու է էթիկայի կանոնների հիմնական խախտումների վերաբերյալ բողոքների քննությունը։

Այսինքն՝ այս անհասկանալի մարմինը զբաղվելու է և՛ էթիկայի կանոնների մշակմամբ ու հաստատմամբ, և՛ դրանց պահպանման նկատմամբ հսկողության իրականացմամբ, և՛ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ բողոքների քննությամբ։

Մեջբերենք ինքնակարգավորման մարմնի էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բողոքները քննող հանձնաժողովի կազմի վերաբերյալ հայեցակարգի վերաբերելի հատվածը:

«Ինչպես նշվեց, ինքնակարգավորման մարմնի հիմնական և կարևորագույն գործառույթը էթիկայի կանոնների հիմնական խախտումների վերաբերյալ բողոքների քննությունն է: Բողոքները քննարկվում են ինքնակարգավորման մարմնի կազմում ձևավորված էթիկայի հանձնաժողովների կողմից:

Դրա կազմում ներառված անդամների քանակը կախված է նրանից, թե քանի լրատվամիջոց է ներգրավված ինքնակարգավորման մեջ, ինչպես նաև ազգային առանձնահատկություններից:

Ինչպես նշում է ԵԱՀԿ-ի մամուլի հարցերով ներկայացուցիչը, նրանց թիվը պետք է բավական մեծ լինի, որպեսզի հնարավոր լինի լսել տարբեր կարծիքներ, ինչն օգնում է պահպանել խորհրդի օբյեկտիվությունը և ամրապնդել վստահությունը ինքնակարգավորման գաղափարի նկատմամբ, բայց ոչ այնքան մեծ, որ նա չկարողանա ընդհանուր եզրակացության գալ[1]:

Էթիկայի հանձնաժողովը սովորաբար կազմված չէ միայն ԶԼՄ ներկայացուցիչներից, այլ ներառում է նաև ոչ մասնագետների, գիտնականների, մեդիափորձագետների, իրավաբանների, դատավորների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների:

Շատ դեպքերում նրանք ընտրվում կամ ստուգվում են մեդիախորհրդի անդամների կողմից, սակայն ենթադրվում է, որ նրանք պետք է գործեն ինքնուրույն և քննարկեն բողոքները՝ ապահովելով արտաքին մոտեցումը բողոքների վերաբերյալ»,- նշված է հայեցակարգի մեջ:

Նկարագրվածը ակնհայտ ապօրինի և հակաիրավական գործընթաց է։

Ըստ էության, ինչպես Կարեն Անդրեասյանն է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) միջոցով փորձում ազատվել իր համար անցանկալի դատավորներից, այնպես էլ Գրիգոր Մինասյանն է փորձելու այս մարմնի միջոցով ազատվել իր համար անցանկալի լրատվամիջոցներից՝ դաշտում թողնելով միայն զտված իշխանահաճո լրատվամիջոցներին։

Փաստորեն մի ընկերը կենաց-մահու պայքար է մղում դատական իշխանության դեմ, մյուս՝ չորրորդ իշխանության՝ ԶԼՄ-ների։

Գրիգոր Մինասյանը, սակայն, ինչպես ասում են, թաց տեղ պառկող չէ. վերջինս, կանխատեսելով այս նախագծի՝ այդ թվում՝ նաև հանրային արձագանքի պայթյունավտանգ հետևանքները, իր շրջապատի միջոցով լուրեր է տարածում, որ սա իր գաղափարը չէ, և այս հայեցակարգի և ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմնի ստեղծման գաղափարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է՝ երբեմնի լրագրողը։

Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով իր սրընթաց գահավիժող հեղինակության և վարկանիշի հարցում ազատ և օբյեկտիվ մամուլի դերը, որոշել է պայքարել ԶԼՄ-ների դեմ և դադարեցնել իր համար անցանկալի լրատվականների գործունեությունը։ Եվ այս ամենը նա որոշել էր իրականացնել Գրիգոր Մինասյանի միջոցով:

Եվ վերջում՝ ըստ այդ փաստաթղթի՝

4. ԱՄՓՈՓ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ելնելով վերոշարադրվածից՝ հարկ է առանձնացնել Հայաստանի Հանրապետությունում ԶԼՄ-ների ինքն(համա)ակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման հետևյալ հիմնական հայեցակարգային ուղղությունները՝

1. Պետությունը պետք է աջակցի ԶԼՄ-ների ինքնա(համա)կարգավորման համակարգի կայացմանը: Ընդ որում, ինքնակարգավորման համակարգի կայացմանն աջակցելու հիմնական իրավական միջոցն առաջին հերթին դրա օրենսդրական ճանաչումն է:

2․ Ինքնակարգավորման համակարգի օրենսդրական կարգավորումը ենթադրելու է հետևյալը․

2.1. Օրենսդրորեն պետք է սահմանվի «զանգվածային լրատվության միջոց» հասկացության նոր բնորոշում, որը պետք է ներառի ԶԼՄ-ի հետևյալ հիմնական բնութագրիչները

  • հասարակությանը տեղեկատվության պարբերաբար տարածումը ցանկացած միջոցով և տեխնոլոգիայով,
  • խմբագրական պատասխանատվությունը տարածվող տեղեկատվության համար,
  • անդամակցումը ինքնակարգավորման որևէ մարմնի:

2․2. ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի նպատակների առավել արդյունավետ և հետևողական իրացումն ապահովելու նպատակով Օրենքով այդպիսին պետք է համարվի այն իրավաբանական անձը, որին անդամակցում է առնվազն 70 ԶԼՄ:

2.3 Օրենսդրորեն պետք է նախատեսվեն ինքնակարգավորման մարմնի առնվազն հետևյալ հիմնական գործառույթները՝

  • Էթիկայի կանոնների մշակումը և հաստատումը, դրանց մեկնաբանումը.
  • Էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը, ԶԼՄ-ների կողմից էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բողոքների քննությունը, դրանց արդյունքով եզրակացության, հայտարարության կամ փորձագիտական կարծիքի ընդունումը.
  • ԶԼՄ-ների շահերի ներկայացումն ու պաշտպանությունը.
  • ոլորտում մասնագիտական չափանիշների և գրագիտության զարգացմանն աջակցելը:

2.4․ ԶԼՄ-ների դեմ էթիկայի հնարավոր խախտումների վերաբերյալ բողոքների քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով օրենսդրորեն ճանաչվող ինքնակարգավորման մարմնի՝ Մամուլի ազգային խորհրդի էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ բողոքները քննող հանձնաժողովի (մարմնի) կազմում պետք է համաչափորեն ընդգրկվեն ինչպես ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակության այլ ներկայացուցիչներ, որոնք չպետք է լինեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ի դեպ, ըստ 168.am-ի՝ արդարադատության նախարարին մոտ կանգնած աղբյուրների՝ այս նախագիծը համաձայնեցվել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչների հետ, որից հետո ուղարկվել է ԵԽ՝ պաշտոնական կարծիք ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս