Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան
«Բոլորը խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան պարտվելու է: Նույնիսկ բոլոր այն մարդիկ, օրինակ՝ Արեստովիչը, ովքեր ասում էին՝ Ռուսաստանը կործանվելու է, Ուկրաինան հաղթի, հիմա այլ կարծիք ունեն: Գոյություն ունի սպասողական վիճակ: Մյուս կողմից՝ շատ հավանական է դառնում Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում: Իսկ դա ստեղծելու է մի նոր իրավիճակ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այս դեպքում ամենավտանգավորը մեզ համար լինելու է այս իշխանության հակառուսականությունը։
«Միշտ ասել եմ, որ մանկապարտեզի մտածողությամբ այս իշխանությունների հակառուսական քաղաքականությունը ոչ թե հայկական շահը հակադրում է ռուսական շահին, ինչը պետք է անել երբեմն, այլ հիմարություն, երբ քո շահի համար չունենալով այլ ստանալիք՝ գնում ու ապտակներ ես հասցնում Ռուսաստանին: Սա մի բախտախնդրի պահվածք է, որը խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագիրը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Բայց, ըստ ՀԱԿ փոխնախագահի, անձամբ այս խաղում Նիկոլ Փաշինյանը չի պարտվելու. նա միշտ շահելու է:
«Անգամ, եթե այս խաղադրույքը պարտվի, դրա համար վճարելու է Հայաստանը, հայ ժողովուրդը։ Ինքը միշտ էլ կստանա նահանջի հնարավորությունը։ Այդ հնարավորությունը նրան կտա Արևմուտքը։ Այս խաղն անձամբ Նիկոլ Փաշինյանի համար պարտություն չունի. մեր պետությունն է վտանգվելու, Հայաստանի բախտն է դրված նժարին, ու մեր երկրի համար են լինելու կործանանար հետևանքներ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ մեր միակ հնարավորությունը Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։
«Միևնույն է, Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը շարունակում է մնալ բալանսավորված արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի, մեր հարևանների հետ: Ես համաձայն եմ, որ եթե Ռուսաստանի անվտանգության համակարգը բավարար պաշտպանվածություն չի տալիս, պետք է փնտրել այլ ճանապարհ, զարգացնել ռազմական կապերը Արևմուտքի, Իրանի հետ: Այն, ինչ Ռուսաստանի հետ անում է Նիկոլ Փաշինյանը, թշնամություն է։ Փորձում է Ռուսաստանի նման գերտերության քթից բերել: Սա մանկապարտեզ էլ չի, այլ տխմարություն։ Նա մտածում է, որ Պուտինին ապտակներ հասցնելով՝ կարող է շահել Արևմուտքի աջակցությունը՝ չհասկանալով, որ բալանսավորված քաղաքականությունը, միայն Ուկրաինայի հարցում Ռուսաստանին չաջակցելը բավարար էր Արևմուտքի համար, չհասկանալով, որ անգամ էս պահվածքի պարագայում Արևմուտքը չի գնալու այնպիսի կոմպենսացիայի, որը կկոմպենսացնի այն, ինչ մենք կորցնելու ենք՝ մտնելով Ռուսաստանի հետ հակամարտության մեջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: