Բաժիններ՝

Սիրում եմ հայկական գորգերն ու շախմատը. օսկարակիր ռեժիսոր Ջոան Գրացը Երևանում էր

Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի և գովազդային հոլովակների մրցանակակիր ռեժիսոր Ջոան Գրացը յուրահատուկ մոտեցում ունի անիմացիոն արվեստի նկատմամբ. նա ֆիլմեր է ստեղծում՝ հենվելով կավե նկարչության վրա։ Աշխատելով անմիջապես տեսախցիկի առջև՝ Գրացը դնում է կավի կտորները, խառնում է գույները և փորագրում նուրբ գծեր՝ ստեղծելով պատկերների հարթ հոսք:

Ջոան Գրացը «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում հյուրընկալվել էր Հայաստանում, որտեղ կազմակերպվեց նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպում հեղինակի հետ:

«Արմենպրես»-ի թղթակիցը ռեժիսորի հետ խոսել է անիմացիոն արվեստում նրա նախասիրությունների, «Այլակերպվող Մոնա Լիզան» օսկարակիր ֆիլմի գաղափարի և այլ հարցերի շուրջ:

– Տիկին Գրաց, Դուք անիմացիա ստեղծելիս անդրադարձել եք կավե նկարչությանը, օգտագործել եք այդ տեխնիկան: Ինչո՞վ այն Ձեզ գրավեց, ի՞նչ հնարավորություններ է այն տալիս ռեժիսորին:

– Ես այդ տեխնիկան օգտագործում եմ, որովհետև ստանում եմ պատկեր, որը շատ նման է յուղաներկով կտավի: Ցանկանում էի նաև 20-րդ դարի գեղանկարչության պատմությունը ստեղծել այդ մեթոդով: Նման տեխնիկայով աշխատելով՝ կարող ես տասը տարուց ֆիլմ ունենալ:

– Հենց այդ մեթոդով նկարահանված «Այլակերպվող Մոնա Լիզան» ֆիլմը 1992 թվականին «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Այն շատ հետաքրքիր է, և յուրաքանչյուրը կարող է յուրովի հասկանալ այդ աշխատանքը: Դուք ինչպե՞ս եք այն մեկնաբանում, ֆիլմը ենթատեքստ ունի՞:

– Ես պարզապես ցանկանում էի հակիրճ ներկայացնել 20-րդ դարի գեղանկարչության զարգացման պատմությունը, և ուզում էի դա անել՝ շեշտը դնելով մարդկային դեմքերի վրա: Իմ գաղափարն էր վերցնել 20-րդ դարի ականավոր նկարիչների դեմքերը, նրանց կտավներն ու ներկայացնել նրանց կապը: Մի ստեղծագործությունից մյուսին անցումը ինձ շատ է դուր եկել: Դժվարությամբ կրկնօրինակել եմ կտավներն, ու փոփոխություններն ինքնաբուխ են եղել: Մի կտավից մյուսին անցումը ցույց է տալիս այդ ժամանակների արվեստագետների միջև կապը:

– Ֆիլմը դիտելիս ճանաչեցի Պիկասոյի, Դալիի, Ֆրիդայի և այլ նկարիչների ձեռագրերը: Այդ արվեստագետներից ովքե՞ր են Ձեզ հատկապես ոգեշնչել, ո՞ւմ արվեստն եք շատ բարձր գնահատում:

– Ես իսկապես շատ հավանում եմ Ֆրենսիս Բեկոնին, բայց ֆիլմում անդրադարձել եմ տարբեր ոճերում ստեղծագործող նկարիչների. կուբիզմից՝ Պիկասոյին, սյուրռեալիզմից՝ Բեկոնին և այլոց:

– Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն համաշխարհային գլուխգործոց է: Հետաքրքիր են նաև նրա շուրջ հյուսված առեղծվածային պատմությունները: Ինչո՞ւ ֆիլմը հենց նրա անունով անվանեցիք:

– Ֆիլմի անվանումն առաջարկել է իմ ընկերուհիներից մեկը: Ուզում էի այն անվանել «20-րդ դարի արվեստի պատմություն», սակայն դա անգույն վերնագիր կլիներ, ուստի, երբ ընկերուհիս առաջարկեց անվանումը փոխել, ընդունեցի այն, քանի որ ավելի հնչեղ է:

– Դուք նկարահանում եք կարճամետրաժ ֆիլմեր, գովազդներ: Անիմացիոն ֆիլմ երևույթն ու գովազդն ի՞նչ առանձնահատկություններ ունեն:

– Տարբերություններն ահռելի են, որովհետև գովազդի պարագայում դու շատ գումար ես աշխատում, իսկ գեղարվեստական անիմացիայի պարագայում չես աշխատում: Գովազդը բնականաբար անում ես հաճախորդիդ համար ու չես կարող ստեղծագործել այնպես, ինչպես ցանկանում ես, չես կարող ինքնաբուխ լինել. պետք է աշխատես սցենարով, գրես պատմություն, որը դուր կգա գովազդատուին և այլն, իսկ ֆիլմի դեպքում անում ես այն, ինչ ցանկանում ես, ինքդ քեզնից պետք է գոհ լինես:

– Գուցե շատերը ծանոթ չեն ձեր ստեղծագործությունների լայն շրջանակին: Ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեք, որ արտահայտում եք ֆիլմերով: Հիմնականում ի՞նչ հարցերի եք անդրադառնում, խնդի՞ր եք բարձրաձայնում, թե՞ բացառապես գեղագիտություն եք ներկայացնում:

– Ունեմ անիմացիոն ֆիլմեր, որոնք հիմնված են պոեմների վրա: Մի աշխատանք կա, որը ներկայացնում է բանտի կյանքը բանտարկյալի աչքերով: Համավարակի ընթացքում որոշեցի կատուներ գնել: Նրանք հետաքրքիր կենդանիներ են և խաղում են իմ ֆիլմերում: Նրանք պարում են «Կարապի լիճը», իհարկե ոչ լավ, բայց պարում են: Մի գործ ունեմ, որտեղ ներկայացրել եմ Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ը, սակայն մարդկանց փոխարեն կատուներն են:

– Ձեր անիմացիոն ֆիլմերում նաև պոեզիա կա… Բանաստեղծություններից ոգեշնչվա՞ծ եք նկարահանում ֆիլմը, թե՞ ֆիլմին համահունչ բանաստեղծություն եք գտնում:

– Երբ չգիտեմ, թե իրականում ինչ եմ ցանկանում անել, բայց շատ եմ ուզում ստեղծագործել, համացանցում փնտրում եմ իմ սիրած բանաստեղծությունների հիման վրա այլ հեղինակների կատարած աշխատանքներն ու դիտում դրանք: Եթե տվյալ արտիստը շատ վատ է ներկայացրել այդ աշխատանքը, ինչը հաճախ է պատահում, ինքս եմ տվյալ բանաստեղծությամբ անիմացիա ստանում, և այն ադապտացնում եմ իմ ոճին:

– Մեր երկիրը Ձեզ հյուրընկալել է «ՌեԱնիմանիա» փառատոնի շնորհիվ: Ինչպե՞ս ծնվեց Ձեր և փառատոնի միջև համագործակցությունը:

– Դեռ երեք տարի առաջ պետք է գայի, բայց համավարակը սկսվեց, որին հաջորդեց պատերազմը: Այս տարի ստացվեց գալ, բացի այդ, Հայաստանում կա երկու բան, որ ես չափազանց կարևորում ու սիրում եմ. խոսքը հայկական գորգերի և շախմատի մասին է: Այստեղ լինելու օրերին ես գնացել եմ գորգերի թանգարան, երկու անգամ գնացել եմ տոնավաճառներ, որտեղ ևս գորգեր են ներկայացվում և շախմատ: Ինձ համար դա նման է երկնքում լինելուն:

Հայկական գորգերը չափազանց գեղեցիկ են: Թուրքիայից հին հայկական գորգ եմ գնել և դրա լուսանկարն ունեմ, որը պետք է ցույց տամ հայ մարդկանց, որպեսզի թարգմանեն, թե ինչ է գրված գորգի վրա: Կարծում եմ՝ ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի այդ գորգը:

– Վստահ եմ, որ այս անգամ Հայաստանից կկարողանաք որևէ արժեքավոր գորգ տանել Ձեզ հետ: Տիկին Գրաց, Դուք փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ եք: Ի՞նչ տպավորություն եք ստացել մասնակիցների աշխատանքներից:

– Կարծում եմ՝ հրաշալի ընտրություն է եղել: Ես մեծ բավականություն եմ ստացել ֆիլմերից: Շատ եմ հավանել «Շան տունը» «Նամակ խոզին», «Թռչող տերևների երգը» և այլ ֆիլմեր:

– Գիտեմ, որ հետաքրքիր պայմաններում եք ապրում՝ նավակում: Այդ կենսակերպը ի՞նչ է Ձեզ տալիս. գուցե հանգստությո՞ւն…

– Երբ ոչ իմ նախաձեռնությամբ հայտնվեցի իմ ընկերոջ տուն-նավակում, իմ մտքով անցավ՝ եթե իմ տան դիմաց նավակ ունենայի, շատ լավ կլիներ, հետո տուն-նավակ ձեռք բերեցի և հասկացա, որ նավարկելու համար նավ պետք չէ: Տուն-նավակում և՛ ցամաքում ես, և՛ ջրում: Լավագույն որոշումն էր այդ նավակի վրա ապրելը:

– Որքա՞ն ժամանակ եք ապրում տուն-նավակում: Հնարավո՞ր է դրա մասին ֆիլմ նկարահանվի:

– Ես այնտեղ եմ ապրում 1987 թվականից: Այն առաջին տունն է, որ գնել եմ: Միակ նկարիչը չեմ, որ ապրում է այդ կերպ. մի ամբողջ համայնք կա: Մարդիկ սիրում են ջրի վրա լինել: Չի բացառվում, որ իմ մասին վավերագրական ֆիլմ նկարահանվի, որում կտեսնեք իմ տունը, կատուներին, հարևաններին, գետը: Նաև սիրում եմ կերամիկական աշխատանքներ պատրաստել: Մեկ տարուց ավելի է՝ զբաղվում եմ այդ գործով: Կերամիկայի միջոցով ինչ-որ բան ստանալն ավելի հեշտ է, քան անիմացիոն ֆիլմ նկարահանելը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս