Էներգետիկայի ոլորտի համար նշանակալից միջոցառումներից մեկն, անկասկած, շուկայի ազատականացումն էր. Բաղրամյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի կարծիքով՝ էներգետիկայի ոլորտի համար նշանակալից միջոցառումներից մեկն, անկասկած, շուկայի ազատականացումն էր, որն, ըստ նրա, արմատական է ոլորտի զարգացման պատմության մեջ։
Բաղրամյանը ելույթ ունենալով «Հայաստանի էներգետիկ շաբաթ-2023» համաժողովում՝ նշեց, որ շուկայի ազատականացումից ավելի քան մեկ ու կես տարի անց կարող ենք արձանագրել, որ Հայաստանի որդեգրած ճանապարհը ճիշտ էր և արդյունավետ, ինչը բոլոր շահագրգիռ կողմերի և կառույցների ջանքերի համատեղման և անցումային կարգավորումների ներդրման արդյունքն էր։
«Այս գնահատականը կպահպանվի նաև երկարաժամկետ հատվածում։ Մենաշնորհը մրցակցության մոդելով փոխելու կոնցեպտը տվեց իր դրական արդյունքը։ Այսօր մրցակցային հատվածում ունենք բավականի լուրջ ակտիվություն, այդ թվում մեր հանձնաժողովի կողմից լիցենզավորված է 15 մատակարար և յոթ մեծածախ առևտուր իրականացնող ընկերություն։ Շուրջ 70 սպառող կազմակերպություն հոսանքը ձեռք է բերում ազատականացված հատվածում։ Ընդ որում՝ նրանց պահանջարկը կազմում է ընդհանուր պահանջարկի շուրջ քսան տոկոսը։ Էապես կարևորվում է հանձնաժողովի դերը շուկայի հատկապես ազատականացված հատվածի մոնիթորինգի իրականացման համատեքստում։ Հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով հետևում է շուկայի բնականոն աշխատանքին, շուկայից եկող ազդակներին՝ փորձելով դրանց տալ օպերատիվ արձագանք և արդյունավետ լուծումներ, այդ թվում՝ գործող շուկայում առկա կանոնների լավարկման միջոցով»,-ասաց Բաղրամյանը։
Նրա տեղեկացմամբ՝ էներգետիկ շուկայի ազատականացման մեկնարկից ի վեր՝ առևտրային և ցանցային կանոնների փոփոխությունների չորս բավականին բովանդակային փաթեթ է քննարկվել և ընդունվել։ Հանձնաժողովը հանձնառու է հետայսու ևս հավատարիմ մնալ շուկայի ամբողջական ազատականացման իր տեսլականին՝ հիմքում դնելով համակարգի կայունությունը, էներգետիկ անվտանգությունը, և իհարկե, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը։
«Առաջնահերթ է նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության բնագավառում պետության կողմից վարվող քաղաքականությունը։ Ըստ այդմ՝ դեպի կանաչ տնտեսությանը միտված մարտահրավերներով լի համաշխարհային նոր իրողություններում Հայաստանը նույնպես սահմանել է թիրախներ։ Այսօր արդեն բնագավառի զարգացման ռազմավարությամբ արևային էներգիայի արտադրության նախանշված 1000 մգ/վ թիրախն ամբողջությամբ կարելի է իրագործելի համարել, առավել ևս, որ 37 ներդրող սուբյեկտներ կառուցում են 200 մգ/վ դրվածքային հզորությամբ արևային կայաններ՝ հրաժարվելով պետության կողմից տրվող պարտադիր գնման երաշխիքից՝ հետագայում ազատ շուկայում արտադրանք իրացնելու մտադրությամբ։
Ոլորտում նման ներդրումների հիմնական խթանը վերջին տարիներին կատարված բարեփոխումների արդյունքն է։ Ներկայումս ոլորտում իրականացվող կարևորագույն նախաձեռնություններից մեկն էլ էլեկտրաէներգետիկայի մասին նոր օրենքի ընդունմանն ուղղված աշխատանքն է, ինչի արդյունքում կապահովվի ՍԵՊԱ-ի համաձայնագիրը ԵՄ դիրեկտիվներին ամբողջապես մոտարկելու ՀՀ հանձնառությունը։ Ներկայումս միջազգային խորհրդատուի՝ «ՏետրաՏեք» ընկերության կողմից մշակված օրենսդրական փաթեթը մեր հանձնաժողովի մասնագիտական ակտիվ քննարկման փուլում է»,-նշեց Բաղրամյանը։
Համաժողովին հաջորդած բրիֆինգի ժամանակ նա անդրադարձավ նաև սակագների հետ կապված՝ «Արմենպրես»-ի հարցին և նշեց, որ մասնավորապես էներգետիկ համակարգին առնչվող հայտերն իրենք հիմնականում չեն ընդունում, այլ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ է գործընթաց սկսում, քանի որ ամեն տարի վերանայվում է էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը։
«Այս պահին ընդհանուր ուսումնասիրություններ են իրականացվում, վերլուծվում է էներգետիկ հաշվեկշիռը և մինչև ընթացիկ ամսվա վերջ արդեն պարզ կլինի ընդհանուր պատկերը։ Տեղի է ունեցել շուկայի ազատականացում և որոշակի սուբսիդավորվում, խոշոր սպառողները մուտք են գործել էներգետիկ շուկա և այնտեղից ազատ ու չկարգավորվող գներով ձեռք են բերում էլեկտրաէներգիա, ուստի բնականաբար որոշակի հաստատուն ծախսերի բեռ շարունակում է մնալ էներգահամակարգում և այդ բեռը կարող է կուտակվել նաև կենցաղային սպառողների վրա, որոնք մնում են դեռևս չկարգավորված սակագների տակ։ Էլեկտրակայաններն այսօր աշխատում են, վնաս չեն կրում, քանի որ վճարում են հզորության վճար և նրանց առավելագույն աշխատանքը կբերի նրան, որ մեր սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում կունենանք խնայողություն, այսինքն՝ ցանկացած ավելի արտադրանք հաստատուն ծախսերի փոխհատուցված լինելու պայմաններում կբերի լրացուցիչ օգուտներ համակարգին»,-պարզաբանեց Բաղրամյանը։
Ինչ վերաբերում է ջրի սակագնին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ գործող 208,5 դրամից սակագինը կդառնա 206 դրամ։ Կա արդեն համաձայնություն կառավարության հետ, որպեսզի սուբսիդավորումը շարունակվի։ Կփոխվի ընդամենը դրա մեծությունը և սպառողն իր վրա ոչինչ չի զգա, առավել ևս, որ սոցիալապես անապահով սպառողներին ներկայացվում է հաշվարկային սակագին՝ 180 դրամի չափով։
Անդրադառնալով գազի սակագնին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ ընթացիկ տարվա օգոստոսին եղել է սակագնի վերջին վերանայումը, որի արդյունքում այն մնացել է անփոփոխ։ Եթե սահմանին չլինի գազի գնի փոփոխություն, ապա վերանայման գործընթաց չի սկսվի։ Միջկառավարական համաձայնագրով՝ առաջիկա տասը տարիներին 1000 մ/խ գազի դիմաց սահմանվել է 165 դոլար։
Մանվել Մարգարյան