Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ենթադրյալ ընտրակաշառքի գործով դատական նիստին պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել բոլոր ապացույցները

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:

Գագիկ Ծառուկյանը նիստին մասնակցում է իր պաշտպանների՝ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի հետ:

Ուշագրավ է, որ նիստն ուղիղ հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը: Շոուի տարրը  հասկանալիորեն կարևոր է Նիկոլ Փաշինյանի անվան Հանրային հեռուստաընկերության լրատվական բլոկի համար:

Գործը քննվում է այս տարվա մայիս ամսից:

Կարդացեք նաև

Այսօրվա դատական նիստին Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կողմը միջնորդեց անթույլատրելի ճանաչել բոլոր ներկայացված ապացույցները՝ ոչ իրավասու իրավապահ մարմնի կողմից ներկայացված լինելու հիմքով:

Դատավորը, լսելով կողմերին, որոշեց հետաձգել Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Էմին Խաչատրյանի ներկայացրած բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդության որոշման կայացումը մինչև այդ որոշումը կայացնելու համար էական հանգամանքների պարզումը:

Կողմերն այլ միջնորդություն չունեին: Հայտարարվեց ընդմիջում:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտը 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրել 9 անձի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եվս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։

«Գագիկ Ծառուկյան» շոուն Նիկոլ Փաշինյանը կազմակերպել էր 44-օրյա պատերազմից տառացիորեն 2-3 ամիս առաջ:

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Խորհրդարանին ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն:

«Քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց:

Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը` յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ»,- նշել էր Արթուր Դավթյանը:

Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունել, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ:

Նշենք, որ գործը քննող դատավոր Արամ Գրիգորյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մտերիմ ընկերն է: Վերջինս է քննում նաև գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս