Սասուն Խաչատրյանի մտերիմ ընկեր տավուշցի դատավորը՝ ընդդեմ Տավուշն անառիկ պահած գեներալի. Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ մտածված կոմբինացիա

Մայիսի 3-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը: Դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։ Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը 15։00-ին։ Նիստը տեղի կունենա դռնփակ կարգով, ինչը երեկ փաստաբան Միհրան Պողոսյանն անընդունելի համարեց:

Արամ Գրիգորյանն իրավապահ համակարգի հնաբնակներից է. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի բարձր հովանու ներքո:

168.am-ի տեղեկություններով՝ Արամ Գրիգորյանն ու Սասուն Խաչատրյանը ընկերական մտերիմ հարաբերությունների մեջ են: Բացի դրանից, դատավորն ու Հակակոռուպցիոն դատարանի նախագահը քավոր-սանիկական կապեր ունեն:

Արամ Գրիգորյանը տավուշցի է և ճակատագրի հեգնանքով՝ քննելու է Տավուշը անառիկ պահած գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործը:

Կարդացեք նաև

Երկար ժամանակ աշխատել է դատախազության համակարգում, այդ թվում՝ Երևան քաղաքի դատախազությունում՝ նախ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ, այնուհետև՝ որպես Երևան քաղաքի դատախազի օգնական: Այդ ընթացքում Երևան քաղաքի դատախազությունում բարձր պաշտոններ էր զբաղեցնում նաև Սասուն Խաչատրյանը:

Արամ Գրիգորյանի դատախազական կարիերային վերջակետ է դրվում 2014թ., երբ գլխավոր դատախազն արդեն Գևորգ Կոստանյանն էր:

Մինչ այդ՝ 07.12.2007-18.11.2013թթ., Արամ Գրիգորյանն աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ։

Միջանկյալ ժամանակահատվածում իր համար զբաղվածություն ապահովելու համար Արամ Գրիգորյանը մինչև «բաղձալի» 2018թ. աշխատում է  ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում՝ որպես տնօրենի խորհրդական։ «Թավշյա» իշխանափոխությունից հետո Սասուն Խաչատրյանը նշանակվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ և չի մոռանում վաղեմի ընկերոջը. Արամ Գրիգորյանը նշանակվում է ՀՔԾ պետի խորհրդական, աշխատում մինչև 2021թ.-ը, ապա՝ 2021թ., երբ ՀՔԾ-ն դառնում է Հակակոռուպցիոն կոմիտե, դառնում արդեն Կոմիտեի պետի՝ կրկին Սասուն Խաչատրյանի խորհրդականը:

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Արամ Գրիգորյանը դարձել է 2022թ. հուլիսի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս