Մեծ Բրիտանիան ակտիվանում է Հարավային Կովկասում․ ի՞նչ սպասել Լոնդոնից հայ-ադրբեջանական ուղղությամբ
Հարավային Կովկասում դրամատիկ աշխարհաքաղաքական փոփոխությունների և Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու Արևմուտքի քաղաքականության ներկայիս փուլում տարածաշրջանում նոր նախաձեռնություններով և նոր դերով է փորձում հանդես գալ Մեծ Բրիտանիան։
Մեծ Բրիտանիան, որն ունի ավանդաբար լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ, հետաքրքրված է նաև Հայաստանի հետ հարաբերությունների քաղաքական մակարդակի զարգացմամբ, որի վառ ապացույցը դարձան վերջերս Լոնդոնում Հայաստանի դեսպանության բացումն ու Հայաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը։
Վերջերս էլ ռեգիոնում էր Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին, ով, ի թիվս կողմերի հետ երկկողմ բանակցությունների, անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին և ռեգիոնալ իրավիճակին։
Ավելին՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին APA-ին տված հարցազրույցում կիսվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշ մտքերով, ասելով, թե իրենց համար պարզ է, որ Հարավային Կովկասում կապերի ընդլայնումը շատ տրամաբանական մոտեցում է.
«Իհարկե, այդ կապերն արդեն կան, ինչի պատճառով էլ Ադրբեջանը Եվրոպային էներգակիրների կարևոր մատակարար է և այդպիսին է մնացել երկար տարիներ։ Եվ, իհարկե, Մեծ Բրիտանիայի մասնակցությունն Ադրբեջանում հնարավոր դարձավ Ադրբեջանի՝ որպես Եվրոպային էներգիա մատակարարող շատ կարևոր դերի շնորհիվ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը և Հարավային Կովկասը շատ կարևոր կամուրջի դեր են խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև։
Եթե մենք կարողանանք միասին բարելավել ենթակառուցվածքները և կապերը՝ լինեն դրանք խողովակաշարեր, էլեկտրահաղորդման մալուխներ, առևտրային և ենթակառուցվածքային ուղիներ, ապա բոլոր շրջանները կշահեն:
«Միջին միջանցքի» հայեցակարգը շատ լուրջ առաջարկ է, և կարծում եմ, որ այն հետաքրքրում է բոլոր երկրներին։ Քանի որ Կենտրոնական Ասիայի երկրները Ռուսաստանին համարում են անվստահելի գործընկեր, նրանք շահագրգռված են Ռուսաստանից անկախ իրենց էներգետիկ ռեսուրսները Եվրոպա մատակարարելու հարցում։
Կարծում եմ, որ մենք շատ շահագրգռված ենք ենթակառուցվածքների բարելավման գործում դերակատարում ունենալ: Առևտրի ընդլայնում՝ նշանակում է ավելի կայուն տարածաշրջան, և դա ձեռնտու է բոլորին»:
Հիշեցնենք նաև, որ բազմիցս հայտարարվել է, Ադրբեջանը բաղձալի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» համարում է «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ։
Այս օրերին Անկարայում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը, ով Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, քննարկել պաշտպանական և անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում ընթացիկ համագործակցությունը։ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը, ասվում է Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Այդ նպատակով նախարարները ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մտադրության մասին հայտարարություն։
Փաստաթուղթը նախատեսում է Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շուրջ անվտանգության ապահովման հնարավորությունների ուսումնասիրություն։ «Ես շատ ուրախ էի հանդիպել և համաձայնություն ձեռք բերել խորացնել Մեծ Բրիտանիա-Թուրքիա պաշտպանական հարաբերությունները։ Թուրքիան գտնվում է երեք մայրցամաքների խաչմերուկում, և նման գլոբալ անկայունության ժամանակ նրա ազդեցությունը չի կարելի թերագնահատել»,- ասել է բրիտանացի նախարարը։
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիայի ակտիվությունը Հարավային Կովկասում պետք է ավելի վաղ լիներ, սակայն վերջին շրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունները ստիպեցին Բրիտանիային նոր թափ հաղորդել իր քաղաքականությանն այդ ուղղությամբ։
Նա նշեց, որ գլխավորը, իհարկե, Ռուսաստանի ազդեցության հարցն է, որն այսօր Արևմուտքում ընկալվում է Հայաստան-Ադրբեջան հակամարտային հարաբերությունների պահպանման կապով։
«Ընկալումն այն է, որ եթե հակամարտությունը լուծվում է, Ռուսաստանի ներկայությունը ռեգիոնում լիովին ավելորդ ու արհեստական է դառնում, քանի որ ՌԴ-ն Հարավային Կովկասում մի շարք այլ երկրներում պահպանել է ազդեցություն հակամարտությունների շնորհիվ, զբաղվել է այդ հակամարտությունների ուղղորդմամբ։ Ուստի Բրիտանիայի նպատակը սա է։
Երկրորդը՝ վերջին շրջանում Փարիզը բավականին ակտիվ է Հարավային Կովկասում Հայաստանի հետ հարաբերություններով, նույնիսկ սպառազինության մատակարարմամբ, և կա ավանդական մրցակցություն այս հարցում, որը թարմացավ սրանով։ Ուստի Բրիտանիան ավելի շեշտակի է սկսում ներկայացնել իր դիրքորոշումները, կապերը, որոնք առանձնահատուկ են Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ ևս կա խորացման միտում»,- ասաց վերլուծաբանը։
Նա նաև արձանագրեց, որ մեծ տեղաշարժեր կան նաև Հայաստանի հետ հարաբերություններում։
«Այստեղ հասկանում են, որ եթե կան գլոբալ շահեր, որոնց հետ առնչություն ունի Հայաստանը, ապա առանց Հայաստանի հետ ավելի խորը հարաբերությունների հնարավոր չէ այդ գլոբալ շահերն իրացնել։ Կարծում եմ՝ խթանն այստեղ ոչ այնքան Հայաստանի արևմտամետ ձգտումներն են, որքան գլոբալ շահերը»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ ցանկացած միջնորդ պետք է հավասարակշռված դիրքավորում ունենա, այլապես կնվազեցնի իր ազդեցությունը, հենց այդ պատճառով է հարկավոր Հայաստանի հետ հարաբերություններ ևս հաստատել։
«Սակայն թե իրականում ի՞նչ ձև ու շարունակություն կունենա այս դիրքավորումը՝ դեռ բարդ է ասել, դա կախված է նաև կողմերից ու նրանց կամքից»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ, բնականաբար, Բրիտանիան ունի ադրբեջանաթուրքամետ դիրքավորում, Թուրքիային Բրիտանիան տեսնում է տարածաշրջանի հակամարտողի դերում, որպես իր ՆԱՏՕ-ական գործընկեր։
«Այս առումով ուշադրության արժանի են Բրիտանիայի Պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները Թուրքիայի կարևորության մասին։ Բրիտանիայի համար ավելի ձեռնտու են արագ լուծումները, բնականաբար, հակված են լինելու պահել այն կողմի շահերը, ում հետ նրանք ունեն ուժեղ ընդհանուր շահեր, իսկ դա Ադրբեջանն է»,- ասաց նա։