Խնդիրը լուծում են բանակցելով, ոչ թե դեմարշով․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ղեկավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել խնդրահարույց հարցերը լուծել բանակցություններով, ոչ թե դեմարշներով:

Նրա խոսքով՝ Մինսկում կայացած գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են նաև Կովկասում սիրող իրավիճակը և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները:

«Մենք եզրահանգեցինք, որ խնդրահարույց հարցեր միշտ են եղել և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք լուծել դրանք, ապա պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե դեմարշներ անել առանց պատճառի», – ասել է նա։

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ հայ գործընկերները ներկա կլինեն առաջիկայում Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառումներին։

Անդրադառնալով նիստի օրակարգին՝ Լուկաշենկոն նշել է, որ պետությունների ղեկավարները նեղ ձևաչափով քննարկել են գլոբալ անվտանգության խնդիրները: Քննարկվել են նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները նշեցին, որ ներկայիս միջազգային իրավիճակը բնութագրվում է առճակատման և բևեռացման բարձր աստիճանով, մենք պետք է համախմբենք ջանքերը, ամրապնդենք մեր կազմակերպությունը` որպես եվրասիական տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր գործոն»,- ասել է Բելառուսի ղեկավարը:

Նա նաև հայտնել է, որ կազմակերպության կարգի համաձայն ՝ ՀԱՊԿ-ի նախագահությունը 2024 թվականի հունվարի 1-ից կանցնի Ղազախստանին։

Տեսանյութեր

Լրահոս