Բաժիններ՝

ԱՄՆ զինված ուժերն Իրաքում հարվածներ են հասցրել երկու օբյեկտների

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ իրականացված հարձակումների։

«Նոյեմբերի 22-ի առավոտյան Իրաքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն առանձին ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող երկու օբյեկտների: Հարվածներն ուղղակի պատասխան են Իրանի և նրա օժանդակությունը վայելող խմբերի կողմից ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիոն ուժերի դեմ հարձակումներին, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին Իրաքում տեղի ունեցած հարձակմանը, որի ժամանակ գործի է դրվել գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռ», – ասված է հաղորդագրության մեջ։

Այս հարձակման առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի մի քանի զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, բացի այդ, թեթև վնաս է հասցվել ենթակառուցվածքին։

Պենտագոնի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերը 66 անգամ ենթարկվել են հարձակման: Սակայն, ըստ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհի, առաջին անգամ է այդ հարձակումների ժամանակ օգտագործվում նման բալիստիկ հրթիռ։

Սիրիայի տարածքում տեղակայված են շուրջ 900, Իրաքում` 2500 ամերիկացի զինծառայողներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս