Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և կարևորել կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդրի քննարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը ՀՀ կառավարության համար կարևոր է մի քանի պատճառներով, ընդ որում, թվարկման հերթականությունը չպիտի ընկալվի որպես հիշատակում ըստ կարևորության:

«Առաջինը, բռնությունը դեմ է մեր գաղափարախոսությանը, այսինքն` մեր գաղափարախոսությունը դեմ է բռնությանը: Երկրորդն, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը և վիճակը շատ կարևոր քաղաքական առաջնահերթություն է մեր Կառավարության համար: Պիտի ընդգծեմ, որ այս թեման երբեմն լրացուցիչ կոնտեքստներ է ստանում` քաղաքական, ընդհուպ աշխարհաքաղաքական և միջազգային կոնտեքստ, ինչի հետ կապված յուրաքանչյուրն իր բացատրությունը և հիմնավորումն ունի:

Բայց ուզում եմ անկեղծ ասել, որ մեզ համար հարցը կարևորվում է հատկապես հետևյալ տրամաբանությամբ` առանց նսեմացնելու մյուս բոլոր նրբությունները, որոնք կարող են գոյություն ունենալ: 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ իմ եզրափակիչ ելույթում ընդգծեցի, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը, իմ և մեր ընկալմամբ, Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես զարգացումը:

Վերջերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի բնակչության կազմի վերաբերյալ վիճակագրություն: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բնակչության 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը` տղամարդիկ, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների 54 տոկոսը կանանց են, 46 տոկոսը` տղամարդկանց: Այս առումով, մեր վերլուծությունը հետևյալն է. Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար մենք պետք է այլոց շարքում, այդ թվում` պայմաններ ստեղծենք, որպեսզի կանանց ներուժը` տնտեսական, հանրային և հնարավոր բոլոր ուղղություններով ինքնաարտահայտվելու, պետության զարգացման գործին ներգրավվելու լիարժեք հնարավորություն ունենա: Նման պայմաններ ապահովելն էական է մեր երկրի հետագա զարգացման տեսակետից:

Իհարկե, առանց նսեմացնելու այլ մնացած շերտերը և ենթաշերտերը, որոնք հաճախ ակնհայտ են ու հաճախ են քննարկվում: Իմ փորձառությունը, այն իմաստով, որ մի շարք դեպքերում խնդրի հետ առնչվել եմ` ամենատարբեր զեկույցների, փաստաթղթերի և կոնկրետ իրավիճակների հանդիպելու ընթացքում, այս տեսանկյունից եթե նայեմ հարցը, պիտի արձանագրեմ, որ կանանց նկատմամբ բռնությունն առանցքային խոչընդոտներից մեկն է` նրանց տնտեսական և հանրային ակտիվությունն ապահովելու գործում: Նաև սա է պատճառը, որ ցանկացա այսօր հանդիպել ահա այսպիսի ներկայացուցչական կազմով` նախ ընդգծելու թեմայի կարևորությունը, ապա նաև հենց այս դիտանկյունը և կոնտեքստն այն ըմբռնմամբ, որ իմ կարծիքով` երբեմն այս հանգամանքը վրիպում է ուշադրությունից կամ չի ընդգծվում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` շատ դեպքերում փորձ է արվում թեմային տալ բոլորովին այլ ենթատեքստ՝ փորձ անելով հիմնավորել, թե այս թեմայի քննարկումներով հարված է հասցվում մեր ավանդական արժեքներին, ավանդական պատկերացումներին:

«Բայց նաև պիտի ասեմ, որ կտրականապես համաձայն չեմ նման ըմբռնումների և ընկալումների հետ, որովհետև, եթե նույնիսկ որևէ մեկը գտնում է, որ բռնությունը, այդ թվում` ընտանիքում և կենցաղում, կարևոր ավանդույթ է, ուրեմն պետք է արձանագրել, որ այն վատ ավանդույթ է և պետք է այն հաղթահարել:

Ուրախ կլինեմ լսել ձեր դիտարկումները և արձանագրել, թե հատկապես ինչ արդյունքի կամ եզրակացության հետևից եք եկել այսօրվա հանդիպմանը»,- նշել է վարչապետը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ արդեն իսկ իրականացված օրենսդրական փոփոխություններին, կանանց խնդիրներին և դրանց լուծման հնարավոր քայլերին վերաբերող հարցեր:

Կոալիցիայի անդամները շեշտել են վերջին տարիներին կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված լավարկումները և կարևորել դրանց շարունակականությունը: Քննարկվել են նաև քաղհասարակության հետ փոխգործակցության հետագա ձևաչափերը:

Տեսանյութեր

Լրահոս